18.1 C
Yerevan
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի, 2024

Վաշինգտոնը 125 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի Կիևին. AP

Կիսվել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային կուղարկի 125 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթը: Այս մասին հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։

Փաթեթը կներառի հրթիռներ ՀՕՊ համակարգերի համար, զինամթերք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, հակատանկային Javelin շարժական և այլ համակարգեր, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր և սարքավորումներ, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային զինամթերք, փոխադրամիջոցներ և այլ սարքավորումներ, հաղորդում է գործակալությունը։

AP-ն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ մատակարարումը նշանակված է այն ժամանակ, երբ Վաշինգտոնն աշխատում է «Ռուսաստան Կիևի ներխուժումն ավելի լավ հասկանալու ուղղությամբ»:

Պենտագոնի ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, չնայած Կիևի բացատրություններին, դեռևս հարցեր ունի ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի գործողությունների նպատակների և խնդիրների շուրջ։

«Ինչ վերաբերում է նպատակներին, ապա ես ձեզ կասեմ այն, ինչ մի քանի օր առաջ հայտնել է (Ուկրաինայի նախագահ) Զելենսկին. դա բուֆերային գոտու ստեղծումն է: Դրա հետ կապված հարցեր կան»,- հայտարարել է Սինգհը:
Նրա խոսքով՝ այդ բոլոր հարցերի շուրջ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մտադիր է շփվել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։

Օգոստոսի 6-ին Ուկրաինայի ուժերը ներխուժել են ՌԴ Կուրսկի մարզ։ Ըստ ուկրաինական կողմի՝ իրենց վերահսկողության տակ է գտնվում 92 բնակավայր, 1259 քառ. կմ տարածք։

Ռուսական ուժերն էլ հայտնել են Ուկրաինայի արևելքում՝ Պոկրովսկ քաղաքի մերձակայքում առաջխաղացման մասին։

Այլ լուրեր

Կարդալ նաև