Տավուշում՝ սահմանազատում, Լոռիում՝ աղետ, իսկ Երևանում առաջնայինը ոստիկաններին «դարձի բերելն» է

Կիսվել

Վերջին օրերին ոստիկանների և ակցիայի մասնակիցների՝ միմյանց հանդեպ անզուսպ պոռթկումները հասել են իրենց գագաթնակետին։ Յուրաքանչյուր կողմի համար պատասխանատու անձինք ևս չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել, և փորձել մինիմալի հասցնել լարվածությունը։ Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի և Բագրատ Սրբազանի երկխոսությունները ոչ մի կերպ չեն մնում քաղաքակրթության սահմաններում, դրանք լինում են բորբոքված, տեղ-տեղ նաև չափն անցած էմոցիոնալ։

Մեկը մյուսին մանիպուլյացիայի և ստի մեջ մեղադրելով, ոչ ոստիկանապետն է կարողանում կառավարել հատկապես կարմիր բերետավորների կողմից իրականացվող անհիմն ուժի կիրառումը, ոչ Սրբազանը՝ ոստիկանների հասցեին ռեպլիկներ թողնելու տգեղ երևույթը։ Այսօրինակ բաժանում՝ ցուցարար-ոստիկան, միշտ է եղել, սակայն հիմա, երբ պայքարն ավելի մեղմ ու ոչ ագրեսիվ կոչերով է ընթանում, նման դրսևորումը փչացնում է ամբողջ պատկերը։ Ցուցարարներից մի կին օրինակ, այսօր բռունցքով հարվածում էր ոստիկանին, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր ոստիկանի ձեռքը՝ խաչի դաջվածքով և գրել․ «Ձեռքին խաչ են դաջել, բայց հալածում են Խաչի Մարդկանց՝ Քրիստոսից ուղիղ գծով ձեռնադրության առաքելական հաջորդությունը կրող մարդկանց»։   

Այս կերպ հեշտ ինդենտիֆիկացնել կարելի է ոստիկանին և թիրախավորել, սակայն պարզ չէ, արդյո՞ք վերջինս կատարել է որևէ զանցանք, թե՝ ոչ։  Իսկ թե որքան են անհիմն ուժ կիրառում ոստիկանները, մի քանի հոգով հարձակվում խաղաղ ցուցարարների վրա, հարվածում, քաշքշում, առանց տարիք կամ սեռ հաշվի առնելու, մի քանի հատորով գիրք կարելի է գրել։ Մանկապարեզի սաներին վայել պահվածք ցուցաբերելով՝ ոստիկաններն այսօր մահակներով խփում էին վահաններին՝ փորձելով վախեցնել ցուցարարներին, ստանալով համարժեք ագրեսիվ պահվածք։

Տավուշում՝ սահմանազատում, Լոռիում՝ աղետ, հազար ու մի խնդիր, որոնք հրատապ լուծում են պահանջում, բայց մեր ընդդիմությունը չգիտես՝ ինչու օրակարգային առաջին հարց է դարձրել ոստիկաններին «դարձի բերելը»։ Իհարկե, անչափ կարևոր է, որ հետագայում, երբ ունենանք նոր կառավարություն, իրական բարեփոխումներ լինեն նաև այս բնագավառում, բայց հիմա՝ քանի դեռ բազմաթիվ չլուծված հարցեր կան, գուցե ճիշտ կլինի ժամանակավորպես հանգի՞ստ թողնել ոստիկաններին և կենտրոնանալ շարժման հիմնական նպատակների վրա։ Քանի դեռ ՆԳ նախարարը վարչապետի դասընկեր Վահե Ղազարյանն է, ոստիկանապետը՝ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանների անմարդկային պահվածքի համար հատկացված են պարգևավճարներ, անիմաստ է այդքան ժամանակ և ռեսուրս ծախսել ամեն օր խոսելով ոստիկանների պահվածքից։ Ի վերջո, անհրաժեշտ է վերացնել նախ պատճառը, ապա նոր հետևանքը, այնպես որ, ժամանակավորպես հանգիստ թողեք ոստիկաններին և անցեք այդ ամենի գլխավոր դերակատարի՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը իրագործելու ռադիկալ քայլերին։

Տաթև Կոստանդյան 

Այլ լուրեր

Կարդալ նաև