Ռուսաստանը մեզ համար կարևոր պետություն է, բայց չպիտի աստվածացնենք, և համարենք ողբերգություն, որ հանկարծ ռուսական մի ալիք չհեռարձակվի. Նաիրի Հոխիկյան

Կիսվել

Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում ժամանակավորապես  դադարեցվել է, քանի որ ընկերությունը  չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք:

«Հայաստանի իշխանությունները հակառուսական վարքագիծ են դրսևորում, և դա նոր չէ, սակայն չպետք է ծայրահեղության մեջ ընկնել և ամեն ինչի մեջ դավադրություն տեսնել։ Եթե պաշտոնապես նշվել է, որ խնդիրը պարտքն է, ապա ոչ մի տարբերություն չպետք է դրվի ռուսական ալիք է, թե այլ երկրի, պետք է վճարի և դրա դիմաց ստանա հեռարձակման հնարավորություն»,- այս մասին LifeNews.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ նշելով․

«Ռուսաստանը մեզ համար կարևոր պետություն է, բայց չպիտի ռուսներին աստվածացնենք, և համարենք ողբերգություն, որ հանկարծ մի քանի ամիս ռուսական մի ալիք չհեռարձակվի։ Իհարեկ, հայերը և ռուսները պատմական բարեկամություն ունեն, մեր երկներին կապում են տնտեսական և այլ շահեր, բայց նաև պետք էլ չէ ստրուկի կեցվացքով շփվել ռուսների հետ։ Նախկինում էլ են եղել բազմաթիվ նման դեպքեր, երբ ռուսական կողմը չի կատարել իր պայմանագրային պարտականությունները, ուշացրել է վճարումները, բայց մերոնք աչք են փակել, սպասել են, մինչև պարտքը մարեն»։

Մեդիափորձագետը նաև ընդգծում է, որ հարցին կարելի է նայել նաև այլ տեսանկյունից․ «Այլ լրատվամիջոցներ, որոնք հեռարձակվում են մեր մուլտիպլեքսով արդյո՞ք պարտք չունեն։ Օրինակ, Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի անվան հետ կապված լրատվամիջոցները, որոնք մեկը մյուսի հետևից ստանում են հանրային մուլտիպլեքսի հեռարձակման հնարավորություն, արդյո՞ք պարտք չունեն։ Սա հարցի մյուս կողմն է, որտեղ ակնհայտ քաղաքական խնդիր կա, և դա շատ վատ է։ Մենք գիտենք, որ ՀՀ և ՌԴ իշխանությունները, մեղմ ասած, չեն սիրում իրար, և դա իր հետ բերում է այնպիսի հետևանքների, որից տուժում է մեր ժողովուրդը»։

Մեդիափորձագետի հետ խոսեցինք նաև վերջին շրջանում լրագրողների հանդեպ կատարած բռնության, անհարգալից վերաբերմունքի մասին։ Ըստ Հոխիկյանի՝ Հայաստանում լրատվական դաշտի որակի հսկայական անկում կա և լրատվամիջոցներից շատերը վերածվել են քարոզչամիջոցների։

«Սա իհարկե խորքային խնդիր է, Հայաստանում լրագրության դպրոց էլ չկա։ ԵՊՀ-ի Լրագրության ֆակուլտետը, հատկապես վերջին տարիներին, վերածվել է իշխանության կամակատարի, այնտեղ կան լավ մասնագետներ, բայց համակարգումը շատ վատն է, որպես այդպիսին՝ լրագրության դպրոց կայացած չկա և դա իր հետ բնականաբար հանգեցնում է խնդիրների։ Իսկ ինչ վերաբերվում է լրագրողների հանդեպ անհարգելից վերաբրեմունքին, ճնշումներին՝ իշխանությունը կարմիր գծերը հատել է արդեն, և Հայաստանն արագ տեմպերով դեպի քաղաքացիական բախումների է գնում։ Բնականաբար, նման պայմաններում , երբ երկրի իշխանությունը բռնապետական է, իսկ Հայաստանն այսօր ոչ թե ավտորիտար է, այլ բռնապետական է, ոստիկանապետություն է, ո՛չ լրագրողին կհարգեն, ո՛չ զոհվածի ծնողին, ո՛չ քաղաքացիական հասարակությանը։ Ոստիկանապետությունը նման կեցվածք է դրսևորում բոլոր պետություններում»,-ասաց Հոխիկյանը։

Տաթև Կոստանդյան

Այլ լուրեր

Կարդալ նաև