ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

Կիսվել

Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Արմենուհի Ղազարյանը երդվեց և ստանձնեց ՀՀ ազգային ժողովի պատգամավորի մանդատը։ Նա ԱԺ-ում փոխարինելու է մանդատը վայր դրած Գուրգեն Արսենյանին:

Ազգային ժողովի 8-րդ գումարման 8-րդ նստաշրջանի առաջին նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 21 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմենուհի Ղազարյանին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին։ Ավելի ուշ նա նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին մեկնարկած նիստերի օրակարգում ընդգրկված է 44 հարց:

Խորհրդարանը կքննարկի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ օրենքի նախագծեր:

Երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և այլ օրենքների նախագծեր:

Այլ լուրեր

Կարդալ նաև