Քանի դեռ Ռուսաստանը ներողամիտ է Նիկոլ Փաշինյանը ինչ ուզի, այդպես էլ կանի․ Գագիկ Համբարյան

Կիսվել

Այսօր Ալմաթիում ՀԱՊԿ-ը անցկացնում է պաշտպանության նախարարների խորհրդի նիստ, Հայաստանը չի մասնակցում, քանի որ ըստ ՀՀ կառավարության սառեցրել է ՀԱՊԿ անդամակցությունը։ Դեռևս փետրվարին, երբ Փաշինյանը հայտարարել էր, որ անդամակցությունը սառեցված է, Կրեմլից արձագանքել էին՝ Հայաստանը պաշտոնական ծանուցում չի ուղարկել ՀԱՊԿ-ին՝ անդամակցության սառեցման վերաբերյալ: Այսպիսով, Հայաստանը ինչ-որ միջանկյալ դիրքում է հայտնվել՝ ո՛չ ՀԱՊԿ անդամ է, ո՛չ էլ դուրս է եկել կազմից։

LifeNews.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց, որ ի սկզբանե պարզ էր, որ ՀԱՊԿ անդամ ենք Մոսկվային չվիրավորելու համար, սակայն բացի Ռուսաստանից կազմի մյուս բոլոր երկրները հակահայ քաղաքականություն են վարում։

«Հայաստանի գործող իշխանությունները հիմա փորձում են ամեն ինչում մեղադրել ՀԱՊԿ-ին, իսկ դա պամանավորված է մեկ հանգամանքով՝ ՀՀ բանկչության մեծ մասը քաղաքականապես անգրագետ է և չգիտի, որ ՀԱՊԿ-ն իրավասու է պաշտպանել Հայաստանի այն սահմանները, որոնք սահմանազատված են։ Օրինակ, հայ-թուրքական կամ հայ-իրանական սահմանը, բայց նույն ՀԱՊԿ-ն իրավասու չէ պաշտպանել հայ-վրացական կամ հայ-ադրբեջանական սահմանները։ Բայց քանի որ Ռուսաստանը ինքն էլ շատ թույլ է հիմա, դրանից Նիկոլ Փաշինյանը օգտվում է, ով բացահայտ դեմարշների միջոցով ՀԱՊԿ-ին վարկաբեկում և ցեխ է շպրտում։ Դա նրա մոտ շատ լավ ստացվում է»,-ասում է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը հրաշալի կարողանում է ՀԱՊԿ-ի թույլ կողմերը որպես խայտառակություն ներկայացնել, ասել, որ չի կարողանում իր պարտավորությունները կատարել անդամ երկրների նկատմամբ։

«Քանի դեռ Ռուսաստանը ներողամիտ է Նիկոլ Փաշինյանի այսպիսի վարքագծին, նա ինչ ուզի, այդպես էլ կանի, կուզի՝ կսառեցնի անդամակցությունը, երբ բոլորն էլ շատ լավ գիտեն, որ ՀԱՊԿ անդամակցություն սառեցնել որպես այդպիսին նրա կանոնադրության մեջ չկա, կամ ՀԱՊԿ անդամ են, կամ պարզապես դուրս են գալիս կազմից»։

Ինչ վերաբորում է ներքաղաքական իրավիճակին, Համբարյանը նշում է․ «Հանրության մոտ մի փոքր թերահավատություն կա ոչ թե այս շարժման հետ, այլ նախկին շարժումների ձախողումների հետ, և երբ գործընթացը սկսում է երկարել՝ մարդիկ էլ հիասթափվում են, քանի որ հիշում են նախորդ չստացված դեպքերը, երբ ընդդիմությունը արեց 2021, 2022, 2023 թվականին անիմաստ քայլերթ էին անում և փաստացի ցրում բազամահազարանոց ցույցերը։ Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանին, ապա նա շատ պրոֆեսիոնալ է, չգիտեմ ինքն է, թե իր խորհրդատուներն են, բայց իր մոտ ստացվում է պահպանել շարժման նկատմամբ հետաքրքրությունը»։

Այնուամենայնիվ, քաղաքագետը կարծում է՝ որ Երևանում մարդիկ անտարբեր են, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ ցանկացած իշխանափոխության կենտրոն մայրաքաղաքն է, յուրաքանչյուր մարդ այստեղ խիստ հետաքրքրված պիտի լինի տեղի ունեցող գործընթացներով և իր մասնակցությունը ունենա, որպեսզի շարժումը հաջողի։

Տաթև Կոստանդյան

Այլ լուրեր

Կարդալ նաև