Ոստիկանությունն արդարացիորեն է կիրառել լուսաձայնային նռնակներ․ ԱԺ նախագահ

Կիսվել

Ոստիկանության կողմից Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում հատուկ միջոցները կիրառվել են արդարացիորեն։ Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ նման գնահատական տվեց  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հարգելի գործընկերներ, ես ձեզ ասում էի, որ մի արեք, նպատակը սադրանքն է, դուք հույզերին տեղիք տվեցիք և Բագրատ Գալստանյանը դուրսը հայտարարեց, որ մենք այստեղ իրար ծեծում ենք և ուղղորդեց մարդկանց գրոհել ոստիկաններին։ Դրանից հետո սկսեցին Սիրահարների այգու միջոցով ներխուժել ոստիկանական պատնեշներից ներս, որից հետո ոստիկանությունը արդարացիորեն կիրառել է լուսաձայնային նռնակներ։ Այդ բոլորը կազմակերպվել է և նախաձեռնվել է շատ վաղուց»,-ասաց Սիմոնյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ ինչպես կես ժամ առաջ, այնպես էլ մի ժամ առաջ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները խստիվ օրենքի շրջականերում։

Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատվածում «Տավուշ հանուն հայրենիք»-ի շարժման մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը և մոտենալ Ազգային ժողովի շենքին, որից հետո սկսել է քաշքշուք և հրմշտոց։  Այնուհետև ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել ցուցարարների նկատմամբ։ Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին։ Նշված հատվածում իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Ազգային ժողովի նիստերի դահլիճում ևս իրավիճակը լարված է, իշխանական և ընդդիմադիր պատգամավորները պարբերաբար վիճաբանում են: Վիճաբանության պատճառով ԱԺ նախագահը ստիպված եղավ անգամ 20 րոպե ընդմիջում հայտարարել: Նա անգամ առաջարկեց բոլոր պատգամավորներին հանել հարցերը, սակայն վարչապետը պատրաստակամություն հայտնեց պատասխանել պատգամավորների բոլոր հարցերին:

Այլ լուրեր

Կարդալ նաև