Ոստիկանության գվարդիան կունենա նոր ստանդարտ ուժային միջոցների գործադրման մասով․ ՆԳ փոխնախարար

Կիսվել

Ոստիկանության գվարդիան կունենա նոր ստանդարտ ոստիկանական համակարգի կողմից ուժային միջոցների գործադրման տեսանկյունից։ Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով «Ոստիկանության գվարդիայի» մասին օրենքը։

Նրա խոսքով՝ գվարդիայի ձևավորումը նախատեսված է եղել թե՛ կառավարության ծրագրով, թ՛ե նաև ոլորտային ռազմավարությամբ։ «Սահմանվում է ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակը։ Այս պահի դրությամբ ոստիկանության զորքերը համատեղում է ներքին և արտաքին անվտանգության ապահովման գործառույթը և հիբրիդ կառուցվացքով է հանդես գալիս ոստիկանության կազմում, ինչը թույլ չի տալիս կենտրոնանալ դրանցից որևէ մեկի վրա լիարժեքորեն, ապահովել գործառույթներից մեկի սպասարկումը։

Հաշվի առնելով նաև քաղաքացիական վերահսկողության ներքո անցումը նախարարության ձևավորմամբ՝ տրամաբանական է ոստիկանությունում թողնել միայն այնպիսի գործառույթներ, որոնք մաքուր զուտ ոստիկանական են և չեն առաջացնում որևէ երկակի կարգավիճակ։

Ըստ այդմ, առաջարկվում է ոստիկանության գվարդիան չներառել այլ զորքեր օրենսդրական բնորոշման մեջ։ Ըստ այդմ, արտաքին անվտանգության ապահովման ուղղակի պարտականություն գվարդիան չի ունենա, սակայն նախատեսվել են այնպիսի գործառույթներ, որոնք առավելագույնս կարող են արտաքին անվտանգության ժամանակ սպասարկել երկրի պաշտպանությունը»,-նշեց Սարգսյանը։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ոստիկանության գվարդիան կունենա  երեք հիմնական ստորաբաժանումներ, որոնք կսպասարկեն հասարակական կարգն ու անվտանգությունը։

«Ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնն այսօր ներառված է բարձրագույն զինվորական պաշտոնների ցանկում և հաշվի առնելով այն, որ երկակի կարգավիճակից դուրս են գալիս՝ ոստիկանության գվարդիայի ղեկավարի մասով կնախատեսենք մաքուր ոստիկանական պաշտոն և նա կհամատեղի փոխոստիկանապետի պաշտոնը, հետևապես կնշանակվի ներքին գործերի նախարարի կողմից»,- ասաց Սարգսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ նախատեսում են 6-ամյա ժամկետում ծառայողների վերապատրաստում անցկացնել, այն կմեկնարկի հոկտեմբերին, 2025 թվականի հունվարի 10-ը նշանակել ոստիկանության գվարդիայի հրամանատարին, որից հետո երկամսյա ժամկետում ավարտել ձևավորման աշխատանքները։

Այլ լուրեր

Կարդալ նաև