«Նախկին թալանչին» եկել է երկիրը ազատագրելու «ներկա թալանչիներից»․ ՔԿ-ի ուշագրավ բացահայտումները՝ Հովհաննես Շահինյանի մասին

Կիսվել

Քննչական կոմիտեն օրեր առաջ ուշագրավ բացահայտում էր արել՝ հանցավոր սխեմաների կիրառմամբ բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների կատարման հանգամանքների վերաբերյալ, որտեղ գլխավոր դերերում «2005-2007թթ. ընթացքում Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն  զբաղեցրած անձն» է։ Այդ թվականներին Արաբկիր համայնքի ղեկավարը եղել է Հովհաննես Շահինյանը։ Նշենք, որ նա վերջին շրջանում փորձում է քաղաքական ակտիվություն դրսևորել՝ դարձել է Պաշտպանության նախկին  նախարար Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցության գլխավոր քարտուղար, ծիկրակում է տարբեր բողոքի ակցիաների ժամանակ և այլն։

Այսպիսով, ըստ ՔԿ-ի՝ Հովհաննես Շահինյանը բազմաթիվ հանցավոր գործարքների միջոցով պետությանը մեծ վնասներ է հասցրել ։ Օրինակ,  պաշտոնական կեղծիքների  հանցավոր սխեմայով  օտարել է «Արաբկիր» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող, օտարման չենթակա տարածքից 1500քմ մակերեսով հողատարածք, որի վրա նաև  89.5քմ մակերեսով ինքնակամ շինություն է եղել,  ապա  վաճառել է հողատարածքն ու շինությունը։ Խարդախությունը սակայն, այսքանով չի ավարտվել, իրական եկամուտը թաքցնելու նպատակով՝ Շահինյանը վաճառքից ստացել է մոտ 270 մլն ՀՀ դրամ, սակայն ներկայացրել է մոտ 184 մլն դրամը։

Այսքանով նախին համայնքապետի հանցավոր կյանքը չի ավարտվում, ավելին՝ գործին մասնակից է դարձրել նաև իր հորը, ով մի քանի տարի առաջ մահացել է։ Շահինյանն իր հոր և Երևանի նախկին  քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ համագործակցության արդյունքում, հանցավոր սխեմաներ օգտագործելու շնորհիվ Թբիլիսյան խճուղիում  գտնվող  16.687քմ մակերեսով հողամասը և դրա վրա առկա 2.734,6քմ մակերեսով շինությունները  անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է «Երևանի «Արաբկիր» թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին։ Ապա համագործակցելով համայնքի ավագանու անդամների հետ, շուկայական արժեքից՝ անհամեմատ ցածր գնով ( 29.000.000 56.127.000 ՀՀ դրամ-ի փոխարեն)  վաճառել են Շահինյանի հորը։  Գույքի իրական պատկանելությունը, հանցավոր ծագման աղբյուրը թաքցնելու նպատակով  Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին մուտք է արվել շատ ավելի փոքր գումար իրական արժեքից, այդպիսով Երևանի քաղաքապետարանին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 278.508.012 ՀՀ դրամի գույքային վնաս: Ապա Հովհաննես Շահինյանի հայրը վերոնշյալ հողամասը, բաժանելով երկու մասի, վաճառել է  91.800.000 և  340.000.000 ՀՀ դրամով։ Այս կերպ՝ համայնքապետը հոր օգնությամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի դիմաց յուրացրել է  326.508.000 ՀՀ դրամ։

ՔԿ-ն պնդում է՝ Հովհաննես Շահինյանը, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, կեղծ փաստաթղթերի միջոցով ձևական աճուրդի միջոցով,  նաև օտարել է Մամիկոնյանց փողոցում գտնվող 79քմ մակերեսով՝ 16.950.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, համայնքին պատկանող բնակարանը: Անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ նաև հաստատել է Արաբկիր համայնքին պատկանող տարբեր մակերեսներով ոչ բնակելի 4 տարածքները, որոնք  շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով, վաճառվել են այդ գույքերի վարձակալ հանդիսացող 4 տարբեր մարդկանց։

Շահինյանի հայրը ևս ներքաշված է ապրօինի գործարքներից ստացած եկամուտները օրինականացնելու մեջ։ Նա եղել է  Արաբկիր համայնքի կողմից հիմնադրված «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի  49 տոկոսի բաժնետերը, ապա գնել է մնացած 51 տոկոսը, այդպիսով,  «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի 100 տոկոս մասնաբաժնի, հետևաբար նաև ընկերությանը պատկանող մեքենա-մեխանիզմների սեփականատեր է դարձել Շահինյանի հոր ստեղծած «Շ․․․» ՍՊԸ-ն։  «Մաքուր Արաբկիր» ՓԲԸ-ի հաշվեկշռից «Շ…» ՍՊԸ-ի հաշվեկշռին անհատույց փոխանցվել են 156.330.000 ՀՀ դրամի չափով մեքենա-մեխանիզմներ։ Բացի դա հափշտակվել է նաև համայնքին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 115.149.200 ՀՀ դրամ արժողության գույքը (մեքենա-մեխանիզմները):

ՔԿ-ն  ներկայացրել է գործի հետ կապված բազմաթիվ մանրամասներ, սակայն Հովհաննես Շահինյանի շահերի պաշտպան Արսեն Բաբայանը LifeNews.am-ի հետ զրույցում պնդեց․

«Պարոն Շահինյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան, նախաքննությունն ավարտվել է, նյութերը մեզ տրամադրվել են։ Վստահաբար մեկ անգամ ևս պնդում եմ՝ որ որևէ հիմնավոր մեղադրանք գոյություն չունի»։ 

Այդուհանդերձ, ինչպես ժողովուրդն է ասում ՝ առանց կրակ ծուխ չի լինում։ Հովհաննես Շահինյանը, ով պետությանը և  համայնքին միլիոնավոր դրամի վնասներ է տվել,  աշխատանքային ամբողջ գործունեության ընթացքում գողացել պետությունից, այժմ  քաղաքական հայտ է ներկայացնում՝ փրկելու համար այն պետությունը, որից այդքան թալանել է։

Ասել է թե՝ «նախկին թալանչին» եկել է երկիրը ազատագրելու «ներկա թալանչիներից» և բարձրագոչ ճառերով փորձում է համոզել, որ պետականամետ գործիչ է։

Հարկ է հիշեցնել նաև, որ Հովհաննես Շահինյանը նաև այն մարդն է, ով որոշ ժամանակ առաջ փորձեց հիմնադիր համագումար անել և պետական գրանցում ստանալ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցության համար, բայց պետական գրանցման մարմինը բազմաթիվ սխալներ գտավ փաստաթղթերում։ Կուսակցությունում կիսատ-պռատ են արել ամեն ինչ, ռեգիստրը  տեխնիկական թերություններ է գտել, մերժել  գրանցումը։ Ավելին՝ բացթողումներ կան նաև անձամբ Հովհաննես Շահինյանի կենսագրությունում․ նա երկու ամուսնություններից ունի 2 երեխա, սակայն նշված է միայն մեկ երեխայի առկայության փաստը։

Ի՞նչ է ստացվում․ սեփական կենսագրությունը խեղաթյուրած, կուսակցություն գրանցել չկարողացած, պետությունը թալանած ու կերած մարդն այժմ խոսում է բարձր արժեքներից, հայրենասիրությունից ու երկիրը փրկելուց։ Հարց է առաջանում՝ ո՞ւր է նայում Արշակ Կարապետյանը՝ իր կուսակցության առաջին պլան բերելով նման վարկաբեկված անձնավորության։

Այլ լուրեր

Կարդալ նաև