Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (ԿԿՀ) այդպես էլ չի կարողացել որոշում կայացնել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կնոջ՝ Արմինե Մուրադյանի վերաբերյալ, որը չէր հայտարարագրել հարսանիքի ժամանակ ստացած մեծ գումարները իր եկամուտների շարքում: Պապիկյանի կինը «ջրից չոր է դուրս եկել» հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանի դիրքորոշման արդյունքում. այս մասին գրում է «Հետք»-ը։
«2021-ի նոյեմբերին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնած Ս. Պապիկյանն ամուսնացել է 2022 թ. հունվարին, և նրա կինը՝ Արմինե Մուրադյանը, որպես պաշտոնատար անձի ընտանիքի անդամ, պարտավոր է գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր ներկայացնել (2019-2021 թթ. էլ Մուրադյանը հայտարարատու անձ է եղել, քանի որ զբաղեցնում էր ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնը, իսկ ՏԿԵ նախարարն այդ ժամանակ հենց Ս. Պապիկյանն էր):
2023-ի մայիսին Ա. Մուրադյանը ԿԿՀ-ին է ներկայացրել 2022 թ. տարեկան հայտարարագիր, որտեղ, սակայն, «եկամուտներ» բաժնում չի նշել հարսանիքի ժամանակ կանխիկ գումարի տեսքով ստացած նվիրատվությունները:
Ամուսիններն իրենց տարեկան հայտարարագրերը ներկայացրել են նույն օրը, բայց ի տարբերություն կնոջ՝ Ս. Պապիկյանը որպես եկամուտ ներկայացրել է գումարի տեսքով ստացած նվերները՝ 13.400 եվրո, 22.000 դոլար և 19.750.000 դրամ:
Պապիկյանի ստացած խոշոր նվերների մասին 2023-ի ամռանը գրել էր yerkir.am-ը: ԿԿՀ-ն էլ լրատվամիջոցի հարցմանը պատասխանել էր, որ նախարարի ստացած «դրամական միջոցները հանդիսանում են վերջինիս հարսանեկան արարողության ընթացքում ստացված նվիրատվություններ»: Հանձնաժողովը նաև նկատել էր, որ «նվիրատվության կարգով ստացված գույքը և դրամական միջոցները հանդիսանում են օրինական եկամուտ»»։