Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանն անդրադարձել է ՔՊ-ական Ռուբին Ռուբինյանի հայտարարություններին․
«Համատարած ստի, կեղծիքի, մանիպուլացիայի, ապաշնորհության այս թնջուկի մեջ պարզապես ուզում ես ասել. Տեր, ներիր նրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում:
Բայց գոնե իսկապես չհասկանային, թե ինչ են անում, ի’նչ պատուհաս են փորձում բերել այն արժեքների գլխին, առանց որոնց որևէ ազգ դիմագիծ ունենալ չի կարող: Չհասկանային, բացատրեինք, հասկացնեինք:
Մարդ անգամ ամաչում է անդրադառնալ այն ակնհայտ ստերին, որոնք անպատկառորեն շաղ են տալիս ոմանք հայտնի ամբարտավան շրջանակից:
Ինչպես, դա արեց երեկ, օրինակ, կարկառուն աթոռապաշտ Ռուբին Ռուբինյանը: Մեկը նրանցից, որոնք լծված են միևնույն գործին` փորձել ապականել, վարկաբեկել, իմաստազրկել ամեն լավ ու արժեքավոր բան:
Երեկ պարզ դարձավ, որ հանուն աթոռի ոչ միայն խոսքով, այլև գործով են կանգնած ազգային արժեքների դեմ պայքարի խրամատում: Պատրաստ են նույնիսկ մարդ անդամախեղել: Եվ ամենաաբսուրդը. իրենց ահաբեկչության պատասխանատվությունը ցինիկաբար պատվիրակել ոչ ավելի, ոչ պակաս Վեհափառ Հայրապետին:
Ստացվում է, որ ժողովրդավարության այս օրրանում արդար բողոքի ձայնը կարող է լռեցվել նույնիսկ զենքով: Իսկ իրենց` ժողովրդավարության հայրերին, թույլատրելի է շաղակատրել` առանց պատասխանատվության դույզն ինչ զգացումի:
Առակաց գրքի հեղինակը վստահաբար այդ տեսակին է ի նկատի ունեցել, երբ ասել է. Անզգամը չարիք է նյութում, երբ գործ է ունենում արդարի հետ, և ատում է զգուշության ձայնը (Առ. 11:15)»։