Որքան էլ իշխանությունը փորձի համոզել հանրությանն ու ինքն իրեն, որ Բագրատ սրբազանի ղեկավարած շարժումը մարել է և այլևս անհետաքրքիր է անգամ իր համակիրների համար, փաստացի, ամեն օր բազմաթիվ մարդիկ հավաքվում են սրբազանի շուրջ, լսում նրա խոսքը, մասնակցում բողոքի ակցիաներին։
Այս ամբողջ ընթացքում և հատկապես վերջին օրերին սրբազանը բազմիցս կոչ է արել հանդիպել ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, պատգամավորների, վարչապետի և այլն։ Օրինակ, երբ Բագրատ սրբազանը ՔՊ-ականներին առաջարկեց սուրճ խմել, պատգամավորների կողմից հնչեցին բավականին ցինիկ պատասխաններ։
«Իրենց մեջ էնպիսի դուխով մարդ չկա, որ ինձ սուրճի հրավիրի»,— պատգամավոր Նարեկ Գրիգորյան
«Եթե Բագրատ Սրբազանը ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի, կմտածեմ»,-Բաբկեն Թունյան
«Բագրատ Սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, բայց վերջերս հարաբերությունները սառել են»,- Հայկ Ղալումյան։
Պակաս արհամարհական չէր նաև վարչապետի պատասխանը Սրբազանի՝ իր հետ հանդիպելու կոչին։
«Ես քաղաքացիների ու տարբեր մարդկանց հետ հանդիպումներ ունենում եմ, ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր, ձևաչափեր կան, ովքեր ուզում են հերթագրվել ինձ հետ հանդիպելու համար, կարող են դա ազատ անել»,-ասել էր Փաշինյանը։
Երեկ էլ Սրբազանը հորդորում էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանին իջնել նախարարությունից և հանդիպել։ Վարչապետի դասընկերն իհարկե ոչ իջավ, ոչ խոսեց ցուցարների հետ, ոչ փորձեց ոստիկանների և ցուցարարների միջև առաջացած լարվածությունը մեղմել, բացարձակ ոչ մի արձագանք, կարծես թե ոչ մի կապ չունի տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այսօր էլ հանդիպման կոչը անտեսեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, վերջինս ևս անհողորդ գտնվեց նախարարության մոտ հավաքված ցուցարարների պահանջին։
«Ժողովո՛ւրդ ջան, տեսաք չէ՞՝ մեր երկրում ոչ մի ինստիտուտ «տղամարդ» չի ղեկավարում»,-այսօր ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Այս խոսքերից և ոստիակնության ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո իրավիճակը լարվեց և քաշքշոց սկսվեց ցուցարարների և իրավապահների միջև։ Եղան բերման ենթարկվածներ։
Այսպիսով, իշխանությունը հաստատում է սրբազանի վերոնշյալ խոսքերը, և չնայած հայտատարում է, որ շարժմանը անլուրջ է վերաբերվում, սակայն չի գնում հանդիպման՝ տեսնելու, լսելու իր խոսքով «մարած» շարժման առաջնորդի խոսքը, գուցե եթե հանդիպեն, իշխանությունը սթափվի և տեսնի, որ նախկին հեղինակությունը վաղուց չի վայելում։