ՀՀ կառավարությունն այսօրվանից մինչև տարեվերջ 50%–ի չափով կերաշխավորի խաղող մթերողների նոր վարկերը։ Որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ գյուղատնտեսական հումքի մթերումների գնումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակում 2024 թվականին տնտեսվարողների կողմից խաղողի մթերումներն իրականացնելու և պատրաստի արտադրանքի փաթեթավորման տարաներ ձեռք բերելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ են բյուջետային երաշխիքներ։
Նախարարի խոսքով` գյուղացիներից, ֆերմերներից շատերը չեն կարողանում նոր վարկեր ներգրավել, քանի որ ունեն վարկային ծանրաբեռնվածություն։ Այդ նպատակով ՀՀ կառավարությունը 2024 թ. օգոստոսի 1–ից մինչև դեկտեմբերի 30–ը կտրամադրի մինչև 50 տոկոսի չափով երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2023 թվականի ընթացքում արտահանված արժեքը։
«Եթե տնտեսվարողը, օրինակ, վերցնում է 2 մլրդ դրամ վարկ, ապա պետությունը երաշխավոր կկանգնի այդ վարկի 1 մլրդ դրամի համար»,– պարզաբանեց Պապոյանը։
Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հիշեցրեց, որ այս ծրագիրը գործադիր մարմինն իրականացնում է ամեն տարի։ Թեև խաղողի մթերումները կմեկնարկեն սեպտեմբերին, սակայն, նրա խոսքով, այս որոշմամբ տնտեսվարողներին հնարավորություն կտրվի արդեն այսօրվանից պլանավորել իրենց գործողությունները և ավելի վստահ կնքել համապատասխան պայմանագրերը։