Հայաստանի վետերանների միությունում աշխատանքներ են տարվում Խորհրդային Միության մարշալ, կրկնակի հերոս, Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի թանգարանի ստեղծման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է միության մամուլի ծառայությունը։
Նախորդ տարի Բաղրամյանի ծննդյան 125-ամյակի առթիվ Հայաստանի վետերանների միությունն անվանակոչվեց մարշալ Բաղրամյանի պատվին։
Թանգարանի ստեղծման գործին ակտիվ մասնակցում են Բաղրամյանի ընտանիքը, Հրաչյա Պողոսյանի «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը, «Անմահ գունդը», Պոկլոննայա լեռան վրա գտնվող Հայրենական մեծ պատերազմի թանգարանը, ՌԴ զինված ուժերի թանգարանը, Հայաստանի պատմության թանգարանը, «Մայր Հայաստան» թանգարանը, հիմնադրամներ ու անհատներ։
Բարերար Հրաչյա Պողոսյանի հիմնադրամն օրերս նվիրաբերել է մարշալ Բաղրամյանի կիսանդրին։
Հայաստանի վետերանների միության նախագահ Սիմոն Եսայանը նշել է, որ Հայաստանում մեծանուն զորավարի անվան թանգարան չի եղել։ Այն ստեղծելու նախաձեռնությունը մեծ աջակցություն է ստացել։