Լոռիում և Տավուշում ի թիվս այլ ավերածությունների նաև 17 կամուրջ է փլուզվել, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել մի քանի համայնքներում։
Այսօր, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով փլուզված կամուրջները վերականգնելու խնդրին, նշեց, որ հարկավոր է դիմել միջազգային ընկերություններին՝ կամրջաշինության ոլորտում աջակցության համար։
LifeNews.am-ի հետ զրույցում Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը մանրամասնեց՝ կամուրջները շատ սպեցիֆիկ տրանսպորտային ենթակառուցվածքներ են, փլված կամուրջները գրեթե բոլորը ուղիղ հեծաններով կամուրջներ էին, որոնց հենարանները եղել են գետի մեջ, այդ է պատճառը, որ ջուրը քշել-տարել է, և կամուրջները փլուզվել են։
«Խնդիրն այն է, որ բոլոր կամուրջները նախագծվել և կառուցվել են խորհրդային տարիներին, և բնականաբար նորմերի թարմացման խնդիր նույնպես ունենք։ Որքանով, որ տեղյակ եմ, քաղաքաշինության կոմիտեն մինչև աղետն արդեն զբաղվում էր այդ հարցով, գործընթացը սկսվել էր։ Կարծում եմ՝ եթե ստացվի միաժամանակ սկսել գործընթացը, կամուրջները իրարից հեռու են, կարող է 17 առանձին թիմ աշխատել և հնարավոր կլինի մի քանի ամսում վերականգնել կամուրջները, իհարկե նախապատրաստական աշխատանքներ են անհրաժեշտ, ահռելի ռեսուրսներ, և որ ամենակարևորն է՝ նախագծման պրոցեսում կարևոր է չշտապել և շատ լավ ուսումնասիրել տեղանքի երկրաբանական պայմանները»,- ասում է ճարտարապետը։
Ըստ Աբովյանի՝ ռեսուրսների և ծախսերի մասին գնահատական տալը այս պահին դժվար է, քանի որ կամուրջները պետք է լինեն տարբեր լայնության, տարբեր չափերի, մեկը՝ տրանսպորտային, մյուսը հետիոտնային և այլն։
«Ըստ իս՝ լուծումներ տալիս այն տեղանքներում, որտեղ գետի հունը նեղ է, և ջրի հոսքը ավելի ինտենսիվ կարող է լինել, ցանկալի է հենարանները նախագծվեն ջրային ծածկույթից դուրս, և հնարավորության դեպքում նախատեսեն նաև կախովի կամուրջներ։ Դրանք հիմա աշխարհում լայնորեն օգտագործվում են, և կարծում եմ՝ վարչապետը դա ի նկատի ուներ՝ ասելով, որ պետք է նաև համագործակցել միջազգային գործընկերների հետ։ Ինքս էլ եմ այդ կարծքին, որ գոնե նախագծման փուլում համագործակցել է պետք գրագետ կամրջաշինությամբ զբաղվող ճարտարագետների, ճարտարապետների հետ»,-նշում է ճարտարապետը։
Նրա խոսքով՝ այս ամենից զատ նաև անհրաժեշտ է նախապատրաստվել հաջորդ հնարավոր աղետին, հաշվի առնել ամեն մանրունք, որպեսզի կարողանանք դիմակայել։
«Ամեն դեպքում, աղետներն անկառավարելի են և որքան էլ պատրաստվենք, նախագծենք, ամեն դեպքում չենք կարող հաշվարկել, թե ինչ ուժգնությամբ երկրաշարժ կլինի կամ ջրհեղեղի հոսքը, քամու ուժգնությունը։ Ամեն ինչ հաշվարկել հնարավոր չէ, և բնության դեմ, ցավոք, միշտ չէ, որ կարող ենք դիմակայել։ Ցավոք աղետների դեպքում անխուսափելի են կորուստներն ու փլուզումները, բայց մեր խնդիրը այդ ամեն ինչը հնարավորինս գրագետ ինժեներական լուծումներով մինիմումի հասցնելն է»,- ընդգծում է Աբովյանը։
Ճարտարապետը նաև հավելում է՝ շատ կարևոր է երկաթուղու անվտանգությունը ապահովել, որպես մեր երկրի համար կարևոր ռազմավարական օբյեկտ և տեղամասեր կան, որ պետք են նորարարական լուծումներ տրվեն՝ հետագա խնդիրներից խուսափելու համար։
Տաթև Կոստանդյան