Եկել է մի իշխանություն, որը փորձում է փոխել ազգային պատկերացումները, ինքնությունը, պատմությունը, խորհրդանիշները․ Ստեփան Դանիելյան

Կիսվել

Երեկ Սարդարապատի հուշահամալիրում ոստիկանները փորձեցին խոչընդոտել և արգելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականների այցը հուշահամալիր։ Այսօր արդեն վարչապետը անդրադարձավ տեղի ունեցած միջադեպին՝ ասելով, որ ոստիկանները Սարդարապատում ցանկացել են պարզել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները, թե՞ այլ նպատակով է այցը։

LifeNews.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասաց․ «Դեռևս 2018 թվականից, եկել են իշխանության և միանգամից կոնֆլիկտի մեջ մտել եկեղեցու հետ։ Նման բազմաթիվ դրվագներ կան 2018-ից սկսած մինչ օրս։ Այս կոնֆլիկտները ունեն պատմություն․ եկել է մի իշխանություն, որը փորձում է փոխել ազգային պատկերացումները, ինքնությունը, պատմությունը, խորհրդանիշները։ Ինքը բոլորին զրոյացնելով եկել է արդեն նրան, որ դեմ է առել եկեղեցուն և Դաշնակցությանը, քանի որ վերջինս էլ կառույց է, որը գործում է ոչ միայն Հայաստանում, և այլ նաև Սփյուռքում։ Այդ երկու կառույցներն են, որ ազգային ինքնության մոդելն են կրում։ Դրանք հենասյուներն են, որի պատճառով մենք մեզ հայ ենք համարում։ Հիմա շատ բնական է, որ այս կոնֆլիկտը հասել է այս փուլին և գործող ռեժիմը հասկանում է, որ իր համար եկեղեցին թշնամի է։ Այս զարգացման մեջ տեղի ունեցավ երեկվա դեպքը, և այն բացատրությունը, որ տվեց վարչապետը, արդարանալու փորձ է, քանի որ չէին սպասում, որ նման արձագանք կլինի»։

Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը՝ քաղաքագետը կարծում է, որ այն արդեն իսկ հաջողել է՝ ընդգծելով․ «Կարծում եմ՝ խնդիրն այն չէ, թե ինչքան մարդ կհավաքվի՝ շատ, թե քիչ։ Իշխանության հարցը լուծվում է փոքրաթիվ խմբերի միջև՝ քաղաքական էլիտայի միջև։ Նաև շատ կարևոր է՝ ով ինչպես է ձևակերպում իր նպատակներն ու խնդիրները։ Այս պահին սրբազանի գլխավորած շարժումը հաջողության հասել է։ Այդ հաջողությունն այն է, որ շարժումը ցույց տվեց գործող ռեժիմի բացարձակ սնանկությունը և այն, որ իրենք երկրի ներսում որևէ հենարան չունեն։ Իրենք այսօր կարողանում են իշխանության մնալ, խորհրդարանում մեծամասնություն կազմել միայն ոստիկանների միջոցով։ Նաև գոյություն ունի արտաքին հովանավորչություն։ Կան արտաքին աշխարհաքաղաքական կենտրոններ, որոնք այս իշխանության գործընկերներն են և տարածաշրջանային քաղաքականություն են իրականացնում։ Բայց երկրի ներսում չունեն հենարան և Բագրատ Սրբազանի հաջողությունը հենց այդ սնանկությունը ցույց տալն էր։ Այն, որ միայն ոստիկանների շնորհիվ են կարողանում պահել իշխանությունը, նաև դրսում ցույց տվեց, որ այս ռեժիմը արդեն արդյունավետ չէ իրենց խնդիրները լուծելու համար։ ՈՒժով երկար ժամանակ իշխանությունը պահել հնարավոր չէ, այդ առումով շարժումը հաջողության հասել։ Հարցն այն է՝ հաջորդ փուլում ինչ կարող է լինել։ Թե ովքեր են Բագրատ սրբազանի շարժման որոշումները կայացնում, ինչ պլաններ ունեն ապագայի հետ կապված, թափանցիկ չէ հանրության համար, ինչը շատ բացասական է։  Քանի որ շարժումը հիմնվում է հանրության վրա, հանրությունը պետք է իմանա՝ ինչ է կատարվում ներսում, ինչ քայլեր են լինելու, սա էլ շարժման թերություններից մեկն է»։

Տաթև Կոստանդյան

Այլ լուրեր

Կարդալ նաև