Դեռ պարզ չէ, թե պետությունն աղետի գոտում ավերածությունները վերացնելու նպատակով որքան գումար կծախսի. նախարար

Կիսվել

Դեռ պարզ չէ, թե հեղեղումների հետևանքով աղետի գոտում ավերածությունները վերացնելու նպատակով պետությունը որքան գումար կծախսի, բայց խոսքը բավականին մեծ գումարի մասին է: 

Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը:

Լիլիթ Ստեփանյանը հետաքրքրվեց, թե բյուջեից ինչքան գումար պետք է հատկացվի աղետի գոտում ավերածությունները վերացնելու նպատակով:

«Թե ինչքան գումար կծախսենք, դեռ պարզ չէ: Բայց բավականին մեծ գումարների մասին է խոսքը: Մենք ունենք բարձրահարկ շենքեր, որոնց առաջին հարկը լրջագույն տուժել է, բայց դեռ մասնագիտական վերջնական կարծիք չկա՝ այդ շենքը վթարայնության աստիճան ունի, թե չէ, վնասվածքի արդյունքում շենքը հետագայում հնարավոր է շահագործել, թե ոչ»,–ասաց Սանոսյանը՝ հավելելով, որ այդ եզրակացությունն էական բան է փոխելու:

Ինչ վերաբերում է ճանապարհներին, նախարարն ասաց՝ որքան էլ գույքագրում արել են, սակայն դեռ լրջագույն աշխատանք կա անելու: Պետք է հասկանալ, թե ճանապարհի եզրերին ինչ հենապատեր կառուցել, որ գետը հետագայում չքայքայի: Կան մի շարք հարցեր, որոնց ուղղությամբ դեռ պետք է գնահատում արվի: Ուստի դժվար է ասել, թե ինչ ծախս կլինի:

«Սակայն ունենք համապատասխան հանձնարարականներ, որ առաջին հերթին փորձենք՝ մի շարք ենթակառուցվածքներ բարելավելով, թեկուզ ժամանակավոր ճանապարհը  դարձնել անցանելի: Մյուս կողմից մեր բնակիչների համար, որոնց բնակարանները տուժել են, գտնել աջակցություն, փոխհատուցում, որ նրանք կարողանան վերադառնալ և ապրել այդ բնակարաններում»,ասաց նախարարը:

Գյուղատնտեսության մասով նույնպես հասցվել են լրջագույն վնասներ, դրանք հիմնականում գույքագրված են: Հեկտարներով այգիներ, հազարավոր ծառեր վնասվել են ամբողջովին կամ մասնակի:

Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ էին առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել էին տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։

Այլ լուրեր

Կարդալ նաև