Չեմ բացառում, որ դիտավորյալ պայթեցրել են ցիստեռները. Ռաֆայել Այվազյանը` իր լցակայանի գործունեության և հրապարակումների մասին

Կիսվել

Երեկ գիշեր Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի էր ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։

Վաղ առավոտից այս ողբերգական դեպքը քննարկումների առարկա է դարձել, հատկապես ուշագրավ է «Հետք»-ի հրապարակումը, ըստ որի՝ գազալցակայանի շահագործողը երևանյան «Գազ օիլ» ՍՊԸ-ն է, որի սեփականատերը 41-ամյա երևանցի Ռաֆայել Այվազյանն է։

Ըստ հրապարակման՝ այս ՍՊԸ-ն վաղուց պետական մարմինների ուշադրության կենտրոնում է եղել և բազմաթիվ խախտումներ և արգելանքներ են կիրառվել դրա վերաբերյալ։

Սակայն LifeNews.am-ի հետ զրույցում Ռաֆայել Այվազյանը, նշում է, որ իր ընկերության հիմնադրման օրվանից, լցակայանն աշխատում է առանց որևէ խախտումների։

«Բոլոր թույլտվություններն ունենք, բոլոր նորմերը պահպանված են՝ այդ թվում նաև հակահրդեհային անվտանգության կանոնները։ Իրավական տեսանկյունից էլ որևէ խնդիր մենք չունենք։ Սա է։ Մնացածը հերյուրանք է»,- ասաց Այվազյանը։

Ինչ վերաբերում է գազալցակայանի պայթյունին, ապա Այվազյանը, անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, չցանկացավ որևէ անուն նշել։

«Չեմ բացառում, որ դիտավորյալ պայթեցրել են ցիստեռները։ Բայց այն, ինչ այսօր հրապարակվել է կապված լցակայանի գործունեության հետ, իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Այվազյանը։

Ամիսներ առաջ Ռաֆայել Այվազյանի վրա տեղի էր ունեցել հարձակում․ երբ Այվազյանն իրեն պատկանող մեքենայով երթևեկելիս է եղել, նրա մեքենային հետևից հարվածել են։ Երբ իջել է մեքենայից և հարվածող մեքենայի վարորդի հետ սկսել են զրուցել, այդ պահին երեք դիմակավորված անձինք հարձակվել են նրա վրա ու ծեծի ենթարկել, որից հետո դիմել են փախուստի։

Մեր հարցին՝ արդյոք երկու դեպքերը իրար հետ կապ ունեն՝ Այվազյանը կոնկրետ և հասցեական որևէ բան չասաց։ Նա նշեց, որ քննություն է ընթանում և միայն ապացույցներ ունենալու դեպքում հստակ անուններ կհանրայնացնի։

«Ամեն ինչ անելու եմ, ամեն ինչով օգնելու եմ վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի և մեղավորները պատժվեն»,- եզրափակեց Այվազյանը։

Այլ լուրեր

Կարդալ նաև