-3.9 C
Yerevan
Երկուշաբթի, 13 Հունվարի, 2025

Բենզին լցնեմ, ինձ վառեմ․ լարված իրավիճակ Գումի շուկայի մոտ

Կիսվել

Այսօր Խորենացվի փողոցում գործող մսի շուկայի՝ Գումի շուկայի մոտից յոթ անձ ձերբակալվել է ու տեղափոխվել ոստիկանություն։ Այս մասին լրատվականներին հայտնել են ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։ Ոստիկանության ծառայողներն ապահովել են հասարակական կարգը։ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։ Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն։ Նրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար»,- հայտել են ոստիկանությունից։

Նշենք, որ այսօր Գումի շուկայում լարված իրավիճակ է․ ՍԱՏՄ աշխատակիցները կարմիրբերետավորների հետ թույլ չէին տալիս մսավաճառներին բացել իրենց կրպակները և առեւտուր սկսել, նրանք նաև առգրավել են ոչ սպանդանոցային ծագման միսը:

Մսավաճառներից մեկը ներկայացնելով իրավիճակն ասել է, որ իր բնակավայրի տարածքում չկա սպանդանոց, որպեսզի սպանդանոցում մորթն իրականացնեն:

«Միսը մորթել, բերել եմ Երևան, հիմա միսը առգրավում են՝ ասելով, որ սպանդանոցի թուղթը չունեմ: Էս հարցին լուծում եմ ուզում, եթե ոչ՝ բենզին եմ լցրել վրես, ավելի լավ է ինձ վառեմ, քան էս միսը իմ ձեռքից տանեն: Արդեն երկրորդ անգամ է, որ իմ միսը առգրավում են: Ուրիշ տարբերակ չունեմ, 15 օրում ինձնից 1,8 մլն դրամ արդեն կորցրել եմ: Ես ո՞ր գյուղացուն խաբեմ, փողը չտամ»:

Սննդամերքի անվտանգության տեսչական մարմնից տեղեկացրել էին, որ տեղի ունեցածը հերթական վերահսկողական միջոցառումն էր:

«Ոչ սպանդանոցային ծագման միսը առգրավվում է և ոչնչացվում: Առգրավում է ՍԱՏՄ-ն, կան տեղափոխող և ոչնչացնող կազմակերպություններ, որոնց փոխանցվում է միսը»,- փոխանցել էին տեսչական մարմնից:

Այլ լուրեր

Կարդալ նաև