2023 թվականի սեպտեմբերին ՀՀ վարչապետի տիկնոջ Մախաչկալա այցելության շուրջ թնջուկը դեռ շարունակում է զարգանալ։
Հիշեցնենք, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում սկանդալային բացահայտում էր արել առ այն, որ Աննա Հակոբյանը 2023-ի սեպտեմբերի 17-ին Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալա այցի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հետ։
Այս հրապարակմանը անդրադարձել էր NewsPress.am լրատվականը՝ գրելով, որ Աննա Հակոբյանն այնտեղ է ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի տիկնոջ՝ Վլադլենա Միշուստինայի հրավերով։ Այցելության նպատակը եղել է մի քանի երկրների վարչապետների կանանց ոչ պաշտոնական հանդիպումը, որտեղ Ադրբեջանից ներկայացուցիչ չի եղել։ Ինչպես նշել է լրատվականի ռուսաստանյան աղբյուրը, հանդիպմանը մասնակցել են ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի վարչապետների կանայք։
Վարդան Ղուկասյանը, սակայն, այսօր հրապարակել է Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի (КГБ) հայտարարությունը, որտեղ նշված է՝ Բելառուսի Հանրապետության վարչապետի կինը՝ Ռ. Ա. Գոլովչենկոն, նշված ժամանակահատվածում չի լքել Բելառուսի Հանրապետության սահմանները։
«Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեից հայտնում են, որ կոմիտեն տվյալներ չունի 2023 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնության տարածքում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի վարչապետների կանանց հանդիպման մասին»,- նշված է Բելառուսի ՊԱԿ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։