Հայտնի հայ քանդակագործ Վիգեն Ավետիսը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ Աշտարակի քաղաքապետը որոշել է հրապարակից հեռացնել պրոֆեսոր Մասսիմո Լիպպիի, ՍԻԵՆԱ, Իտալիա «Խաղաղության ծառ» ժամանակակից արվեստի գլուխգործոցը՝ այն անվանելով «էրկաթ»։
«Աշտարակ քաղաքի ավագանու և քաղաքաշինության խորհրդի որոշմամբ, քանդակը տեղադրվել է 2014 թվականին։ Հիմա մի մարդ, առանց հեղինակից թույլտվություն հարցնելու, որոշում է, որ այն՝ Ավելորդ է և պիտի դրվի՝ ՍԱԴՈՒՄ։ Սա ի՞նչ շեյխական իշխանություն է։ Ես իմ ամբողջ ուժերով պիտի կանգնացնեմ վայրագությունը և ակնկալում եմ հայ և միջազգային հանրության աջակցությունը»,- գրել է Վիգեն Ավետիսը։
Նշենք, որ դեռևս 2014-ին Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու հրապարակում տեղադրվել է իտալացի հայտնի քանդակագործ Մասսիմո Լիպպիի՝ Աշտարակ քաղաքին նվիրաբերված «Խաղաղության ծառ» արձանը։ Քանդակն ունի 9մ բարձրություն, պատրաստված է պողպատից` զոդման տեխնոլոգիայով, բաղկացած է 7 հանգույցից, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է աշխարհի արարման օրը: