«ԱՇՆԱՆ ՁՄԵՌ». Արմեն Արգինյան

Կիսվել

Սիրելի ընթերցող, թեև ես գրող լինելու որևէ հավակնություն չունեմ, նամանավանդ, որ շատ հեռու եմ իրական գրող լինելուց, բայցևայնպես կցանկանայի խնդրին առնչվող մի քանի դիտարկումներ անել, քանզի պատրաստվում եմ ընթերցողին ներկայացնել մի փոքրիկ պատմվածք և չէի ցանկանա, որ խստապահանջ ընթերցողների մոտ տարաբնույթ հարցեր առաջանային, նամանավանդ, մշտապես ուղեկցվող  երկարաշունչ նախադասությունների շուրջ։

Ընդհանրապես ընդունված կարգ կա, թե իբր երկը, կամ պատումը պետք է զերծ լինի խճճված իրադարձությունների շարադրանքից։ Շարադրանքը պետք է լինի  շատ թեթև, զերծ երկարաշունչ նախադասություններից, որպեսզի ընթերցողի ուղեղը չծանրաբեռնվի, շարադրանքը չդիտվի  հոգնեցուցիչ, այն ընթերցողի համար հնարավորինս պետք է լինի դյուրամարս, ինչն էլ, կարծես թե, առաջին նախապայմանն է հիասթափության հենարանի բացառման, երկի չընդհատման և հետաքրքրության շարունակականության։

Թեև վերոնշյալ չգրված կարգի բովանդակության մեջ ռացիոնալ հատիկ կա, բայց, ըստ իս, այն աղերսվում է ասվածի միայն առաջին հատվածի հետ` պատումը պետք է զերծ լինի խճճված իրադարձությունների շարադրանքից և գրողը պետք է գրի լոկ այն, ինչը տեսնում է`  չավելացնելով  այն, ինչը չկա…

Բայց այն, որ երկի շարադրանքը պետք է անպատճառ լինի դյուրամարս և ոչ հոգնեցնող, լրջմիտ դատողությունը հուշում է, որ այստեղ կա շատ խորը հակասություն։

Իմ խորին համոզմամբ, եթե հեղինակն իր գիրը թղթին հանձնելիս առաջնորդվում է ընթերցողին չծանրաբեռնելու, չհոգնեցնելու և վերջիններիս սրտի քմայքին տուրք տալով, ապա երկը, կամ պատումն այլևս գրողինը չի կարող համարվել, քանզի այն կռվել է ո՜չ թե գրողի երևակայության դարբնոցի զնդանին , ա՜յլ ընթերցողի սրտի քմայքով։

Համոզված եմ` հաճախ հենց սա է պատճառը, որ բազմաթիվ հեղինակներ մեծ լսարանի և բազմաթիվ ընթերցողների փնտրտուքով գայթակղված, ժամանակի ընթացքում  սրընթաց գահավիժում են իրենց խոհերի բարձունքից։

Կարծում եմ` առավել բարոյական  է, որ երկի  առաջին մի քանի պարբերությունը կարդալուց հետո, թեկուզ միայն մեկ ընթերցող կարդա մինչև վերջ, բայց տեսնի այն, ինչը տեսել է հեղինակը, քան կարդան շատերը` չտեսնելով ոչինչ… Թերևս երկրորդ դեպքում հեղինակն առավել անբարո է գտնվում, քանզի գողանում է ընթերցողից ամենաթանկը` ժամանակը։

«ԱՇՆԱՆ ՁՄԵՌ»

Ճըռ~ռռռ, ճը~ռռռ, դը՜խկ, դը՜խկ… Ճըռռ~ռռ, ճը~ռռռ, դը՜խկ, դը՜խկ։ Հետո նորից ճըռ~ռռռ, հետո կրկին` դը՜խկ. Ու թվում էր` սրտառուչ և ականջ ծակող այդ սպանիչ ձայները լսելի էին լինելու անվերջ` սրախողխող  անելով յուրաքանչյուրի ոգին` տեղը թողնելով միայն հիասթափություն ու զարհուրելի  վախ առաջացնող դատարկություն, սակայն ժամանակի հետ ձայներն սկսեցին խլանալ` լսելի դառնալով ավելի հեռվից, և արդեն դժվար էր ասել` ո՞րն էր առավել սրտամոտ`վե՜րջ ազդարարող տիեզերական դատարկությու՞նը, թե՞ կառափնարան տանող ճանապարհ հիշեցնող  ու անվերջ նվնվացող սրտաճմլիկ անորոշությունը…։

Գյուղի քամակի թեք սարի դոշով, ու  կարծես անտառի փեշիցն էլ բռնած,   զինված անորոշության անզօր թվանքով , ձյան փաթիլների  նազանքի ներքո,  մթության շալով էլ անհույս փաթաթված`ինչպես մի բարուր, շարժվում էր սայլը` դեպի օտար֊ամայի հեռուներն անդուր։

Շարժվում էր դանդաղ  ու նվնվալով,  ժանգոտ ակները դըկդըխկացնելով, առաջին ձյունն էլ` ակների տակին ճըռճըռացնելով։ Ու իզ էր բացում. Բայց  դժվար է ասել` հետդարձի ճամփան չկորցնելու՞, թե՞ հաջորդներին ճամփա ցույց տալու համար։

Շարժվում էր համառ, բայց մղկտալով. Գլորվում  մի կերպ` բարձած բեռի տակ վերջին շունչ տալով… Ծանր էր բեռը. Շալակին բարձված էր մի մեծ ծանրություն, որ շրջապատի կողմից  բնութագրում էր որպես  անբարո արարք, ու երկչոտություն, իսկ ավելի ստույգ` սրբապղծություն։

Ահա շալակած սրբապղծություն, ոչ աստվածահաճո անբարո արարք, մաշված բազուկներով հազիվ գրկած սառն  անճարություն, փորձում էր փախչել` կորչե՜լ մշուշում` ճըռ~ռռ, ճըռ~ռ, դըխ՜կ, դը՜խկ… Հետո նորից ճըռռռ, հետո կրկին` դըխկ։ ԵՎ այս դըխկդըխկոցն ու ճըռճըռոցը շատ ներդաշնակորեն էին համընկնում  սելվորի ուղեղում պտիտ տվող զըրնգոցների հետ` «Լկտի արարած», «Անբարո արարք…»։

Սրբապղծությու՞ն. Սրբապղծություն հա՞։ Գրողը տանի` իսկ ո՞վ է Սուրբը, իսկ ո՞վ է ասել, թե պիղծը ո՞րն է։ Ո՞վ է որոշում այդ վարքն ու բարքը, ո՞վ է թելադրում ապրելու կարգը։

Իսկ գուցե՞ մեռնում էր առաքինություն. Հա, հա… Մի գյուղի արհեստ ու դաստիարակությու՞ն, մի գյուղի արվեստ ու մանկավարժությու՞ն, անաղարտ սիրո մի դարդոտ պատմություն։

Դժվար էր ասել` վարպետն էր կնոջ հետ մշուշում կորչու՞մ, թե՞ մի սելի վրա բարձված ողջ գյուղն էր քոչում…

Աշունքվա ծերն  էր. Իսկ ավելի դուզ` աշնան  վերջին ամիսը դեռ չէր էլ սկսվել…

Ու թեև աշնան մայրամուտին կլոր մեկ ամիս և օխտը օր  դեռ կար, բայց եղանակն արդեն  սկսել էր  ձմռան դամ քաշել։ Էս տարի ձմեռը մի ոտ  թեզ մտավ գյուղ, թեև եթե անկեղծ լինենք՝ այս տարի շինականների հոգում և սրտերում ամռանն էլ խիստ ցուրտ էր, էլ ինչ մնաց, որ ձմեռն իր ժամանակից  թեզ չգար։ Էրեսի զորթով  վախտից շուտ եկավ՝ իր սառնաշունչ խտիտն առնելով  ավերված գյուղը,  գյուղացիների վերջին հույսը` բերքը, թողնելով ծառների վրա` ձյան տակ, ժամանակից շուտ էլ փակեց գյուղ բերող միակ ճանապրհը` առանց խղճի խայթի կրկնապատկելով պատերազմից հյուծված և անճարությունից հուսահատության եզրին գտնվող գեղջուկների` արդեն իսկ կուտակված  դժբախտությունները։

Ու թեև խստաշունչ  ձմեռն  անակնկալ չէր. Տարեց գյուղացիները վաղուց էին կանխատեսել, որ ձմռանը խիստ ցուրտ է լինելու, քանզի էս տարի սոխի կլեպը շատ հաստ էր եղել, և ցրտաշունչ ձմեռն անխուսափելի էր, բայց, որ ապրանքը հոկտեմբեր ամսին կմնար սարում ու սառչելով կսատկեր, այ դա հե՜չ պատկերացնելու չէր։

Խաթա տարի էր էլի. Ժամանակները խաթա,  իշխանություններն, ինչպես միշտ,  խաթա, ընդդիմությունը խաթա, բարեկամներն ու դաշնակիցները  խաթա, վերջիններից սպասելիքները խաթա, իրադարձություններն ու անակնկալները խաթա… Եվ այս ամենի կողքին տարօրինակ կլիներ, որ  եղանակը թշնամաբար տրամադրված չլիներ։ Այնքան թշնամաբար, որ արդեն իներորդ օրն էր, ինչ գիշեր ու ցերեկ գյուղի գլխին սելավ  էր տեղում. Երկնքից անդադար թափվում էր ու թափվում և, գրկախառնվելով երես կտրող սառը քամու հետ, երբեմն վեր էր ածվում ձնախառն անձրևի` տեղ տեղ վարարելով, տեղ տեղ մեղմանալով՝ գյուղի կավահողային անհարթ ճանապարհները վերածելով անդուր ցեխ ու բաթլախի, շռայլած ջրի արդյունքում էլ բնական փոսերին փոխարինելու էին գալիս դժվար անցանելի ջրափոսերը, ինչի հետևանքով էլ գյուղի` առանց այն էլ կիսադատարկությունը, մի տեսակ վեր էր ածվել շատ արտասովոր դատարկության։

Եվ հենց այս անդուր եղանակի   պատճառով էր նաև, որ գյուղում տիրում էր  մեռելային լռություն։ Օրվա մեջ գյուղի փողոցներով մի երկու զինվորական մեքենաներ անցնեին, թե ոչ, որոնք մոտակա սահմանային դիրքեր զինամթերք և սնունդ էին հասցնում։ Մի երկու ակնթարթ էլ կարող է երևար քոչարանց Արտուշը, որն, անձրևանոցն ուսերին գցած, մե՜կ առավոտյան էր հորթին տանում գյուղի ծայրին գտնվող բլուրի վրա օրուգելու, մե՜կ էլ՝ երեկոյան գնում էր հորթին տուն բերելու։ Բայց հորթին տուն բերելու հազվադեպ էր գնում, քանզի օրվա մեջ, գրեթե միշտ, հորթը՝ կտրելով թոկը ու հետևից երկար պարանը քարշ տալով, ինքն իրեն վազելով գալիս էր հարազատ գոմ ։ Կատարյալ ամայության մեջ կարելի էր զգալ և նկատել միայն՝ ցուրտ, քամի, սևակնած երկինք, վարար անձրև, ծառների ճյուղերին կուչ եկած մի քանի  թրջված խեղճուկրակ  թռչուններ, էլեկտրասյան ճռռոց, ու մեկ էլ ոչ բոլոր տների տանիքներից դուրս եկող վառարանի ծուխ։ Այնպես չէր, որ գյուղի բնակիչները մեկումեջ փայտ ունեին, կամ մեկումեջ էին մրսում։ Ո’չ, ուղղակի գյուղի շատ քիչ տներում բնակվողներ կային։ Նորավարտ պատերազմի ընթացքում տների ու շինությունների մեծ մասը թշնամու արկերի պայթյունից վեր էին ածել փլատակների և  գյուղում այդպիսի մի շինություն չկար, որ ռմբակոծությունից խույս տված լիներ. Շատ տարօրինակ էր, կամ գուցե  բարձյալի կամոք , որ թշնամու հրետանային ռմբակոծությունից գյուղի միակ դպրոցն էր քիչ, թե շատ անվնաս մնացել: Ու  թեև դպրոցից էլ մի քանի դասասենյակներ էլ  դեռ կանգուն էին մնացել, բայց  դպրցում էլ՝ համաճարագի պատճառով,  դասերն էին  ընդհատվել և վերջինս փակել էր իր դռները գյուղի՝ մատների վրա հաշվվող աշակերտների առջև։ Ահա, այս տխուր ու անորոշ լությունը խախտում էին միայն ջրալի անձրևի ուժգին հարվածի կտկտոցները՝ հաճախակի  միախառնվելով սաստիկ քամու սուլոցների հետ, որոնց էլ տեղ-տեղ նվագակցում էին որոտացող երկնքի ահասարսուռ գըռմռոցը, տեղ֊տեղ կայծակի որոտն  ու մեկ էլ հեռվից հաճախակի լսվող հրազենային կրակոցների և արկերի պայթյունների խու~ուլ ձայներ, թեև պատերազմը վաղուց ավարտվել էր։

Թվում էր՝ սառը եղանակից, մշտական անձրից ու անձրևաջրերից, անդուր ցեխ ու բաթլախից էլ  պրծում չի լինելու, բայց, որքան էլ տարօրինակ էր, աքլորականչին եղանակը  կտրուկ մեղմացավ. Քամին դադարեց, երկինքը խախանդվեց` էլ տրաք֊տրաք չէր գալիս և սկսվեց գյուղի գլխին հանդարտ ձյուն տեղալ։

Ձյան խոշոր փաթիլները, լուսնյակի շողերի հետ պար բռնելով, երկնքից դանդաղ իջնում և պառկում էին գյուղի վրա` սպիտակով ներկելով տներն ու բախչեքը, դաշտերն ու հանդերը, սարուձորերը։ Կատարյալ ճերմակի մեջ տեղ-տեղ առանձնանում էին միայն տանիքներից դուրս եկող կարմիր պեծերը, որոնք, տանիքների ծխնելույզներից դուրս գալով, վայրկենաբար էլ հանգչում էին, գրկախառնվելով ձյան թաց փաթիլների հետ։

Հոգնատանջ  գյուղը խորը քուն էր մտել  և թանձր մթության մեջ հեշտությամբ կարելի էր նկատել, որ ողջ գյուղում ընդամենը մի տան մեջ էր ճրագ  վառվում. Թեև գիշերվա այդ ուշ ժամին այդ տանն էլ չպիտի վառվեր, քանզի այդ տանն այդ օրն առտառոց ոչինչ չկար… Տարեց և որդեկորույս ամուսիններ էին, որոնք այդ ժամին սովորաբար քնած էին լինում։ Դա գյուղի դարբին թաթոսանց Անդրեի տունն էր, որը գտնվում էր գյուղամեջում և գյուղի մնացած տներից առանձնանում էր իր տանիքի՝ աչք շլացնող  գեղեցկությամբ։ Դարբին Անդրեն տան կտուրը կապելիս ջանք ու եռանդ չէր խնայել և երկաթյա թիթեղներին տալով կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչների, ինչպես նաև զարթաքանդակների տեսք` ցուցադրել էր իր ձեռքի ջուրքի ողջ փայլն ու հնարավորությունը` գեղագիտական մեծ հաճույք պարգևելով նաև յուրաքանչյուր անցորդի։

Ու թեև, ինչպես նշեցի,  ամբողջ գյուղը թաղված էր թանձր մթության մեջ,  և  ձյան գալով պայմանավորված  լուսնյակի շողերը կիսով չափ էին համբուրում գյուղին, բայցևայնպես տան տանիքի գեղեցկությունն աչք էր շոյում, քանզի ձյունը, որը նստել էր տանիքին, տանիքի թիթողյա  ձևավորումը դարձրել էր առավել արտահայտիչ և այդ գեղեցկությունից աչք շեղող միակ դրդապատճառը տան ճրագի աղոտ լույսն էր, որը երևում էր դեպի փողոց նայող միակ պատուհանից և նույնիսկ այդ աղոտ լույսի տակ կարելի էր հեշտությամբ նկատել , որ արդեն տևական  ժամանակ  էր, ինչ տան սենյակում շարժ չկար, թեև լույս կար և անբնական էր, որ տան անդամները ճրագը վառ թողած քնեին։ Պարզվեց՝ անհանգստությունն իզուր էր, քանզի կարճ ժամանակ անց տան ճրագի լույսն ուժեղացավ և դրսից պարզ երևաց տան տիրոջ շողքը, և այդ շողքի շարժուձևից էլ  շատ հեշտությամբ կարելի էր կռահել, որ մեկը կռացավ և կարծես թե վառարանի մեջ փայտ գցելով, շարժվեց  դեպի փողոցը նայող պատուհանը, մի ձեռքով հրեց վարագույրը, մյուս ձեռքի ափով մաքրեց ապակու վրա պառկած գոլորշին, և գլուխը մոտեցնելով ապակուն, որոշ ժամանակ զարմացած հայացքով նայեց դեպի դուրս և, կարծես ինչ որ բանից շատ դժգոհ` գլուխը թափահարելով պատուհանից հետ քաշվեց։ Հետո կրկին կռաացավ վառարանի վրա և ևս մի քանի ակնթարթ ու արդեն ճռռոցով բացվեց տան դուռը. Տան հենց շեմքին կանգնեց  մեկ մետր 98 սանտիմետր հասակ ունեցող դարբին Անդրեն, լայն թիկունքով, հաստ բազուկներով, հիսունհինգից ֊վաթսուն տարեկան մի  աժդահա մարդ՝ ժամանակին գյուղի ամենաուժեղ մարդը… Ինչու ժամանակին, որովհետև մեկ ամիս առաջ պատերազմում կորցնելով իր միակ որդուն` Արշակին`  կես մարդ էր դարձել… ուժերը ջլատվել էին, հիասթափությունը խանձում էր հոգին, սիրտն էլ բարուրելով տխրությամբ և հիասթափությամբ, և  կորցնելով  աշխատանքի հանդեպ հետաքրքրությունը, մարդկանց հետ նույնիսկ սովորական շփումները հասցրել էր նվազագույնի։ Թեև աշխատանքի բերումով՝ նաև բնավորությամբ շատ շփվող անձնավորություն էր՝ ուտող, խմող… Շատ էր սիրում հայհոյել: Ամեն երկրորդ բառը հայհոյանք էր, թեև գյուղում մեծ հարգանք ուներ և Անդրեի ուշունցը շատերի համար օրհնանքի նման մի բան էր։ Բայց ճակատագիրը կոտրել էր վարպետին. Վերջին ժամանակներում ինքնամեկուսացել էր և խոսում էր միայն կնոջ՝ Վարսիկի հետ: Իմիջիայլոց Վարսիկ, կամ երբեմն էլ Վարսո կնոջը միայն վարպետն էր դիմում… Գյուղացիների համար տիկին Վարսիկը  ընկեր Կյուրեղյյանն էր… Գյուղում ամենահարգված ուսուցչուհիներից մեկը՝ պատմության ուսուցչուհի Վարսենիկ Կյուրեդյանը, որին ժամանակին վարպետ Անդրեն կողքի գյուղից էր հարս բերել և որի համար երբեք չէր էլ զղջացել:

Օրիորդ Վարսենիկը հարևան գյուղի քահանայի աղջիկն էր. Նույնիսկ ազգանունից կարելի է կռահել, որ տերտերի թոռ էր… Հոգևորականի տոհմից:  Գյուղական դպրոցն ավարտելուց հետո Վարսիկն ընդունվել էր Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետ և գերազանց ավարտելով այն, ամուսնացել էր  Անդրեի հետ և տեղափոխվել կողքի գյուղ՝ մշտական բնակության: Շատ պարկեշտ կին էր՝ ամբողջովին նվիրված հարազատ դպրոցին և ընտանիքին. Սիրում և սիրվում էր գյուղացիների կողմից, իսկ ամուսնու մեջ ընդամենը մի թերություն էր նկատում՝ հայհոյելը, թեև ամուսինն իր հերթին աշխատում էր Վարսիկի մոտ չհայհոյել, վերջինիս շատ էր հարգում, ինչպես գյուղի ողջ բնակչությունը:

Մինչ պատերազմը ուսուցչուհին  աշխույժ կին էր, բայց որդու մահից հետո կես բուռ էր դարձել և միակ սփոփանքը դպրոցն էր, որտեղ օրվա մեջ մի պահ կտրվում էր իրականությունից ու տխուր հիշողություններից, բայց անակնկալ համաճարակի պատճառով, դպրոցում դասերն ընդհատվել էին և միակ զըրցաընկերը մնացել էր ամուսինը, որն էլ իր հերթին, հեչ լավ զրուցընկեր չէր՝ օրվա մեջ հազիվ մի երկու բառ խոսեր, թե ոչ: Վերջինս ,սիրտը կոտրված, հոգին պխտորված միայն նստում էր տան շեմին գտնվող իր պապի քարի վրա և  սառած աչքերով ժամերով նայում էր հեռուները ու միայն ծխում… ծխում էր  ու ծխում, ինչի պատճառով էլ հազոցը շատացել էր, իսկ շնչառությունը` գնալով վատացել։

Եվ ահա վարպետը, տան շեմին կանգնելով, մի հատ խորը հազաց, քայլ արեց դեպի բաց պատշգամբ, մի ձեռքին պահած թեյի բաժակը, իսկ մյուս ձեռքով փակեց տան դուռը, կռանալով թեյի բաժակը դրեց պատշգամբի ճաղավանդակի վրա և ուղղելով մեջքը, մի պահ փակելով աչքերը, զգաց օդի սառնությունը, որը հպվելով դարբնի երեսին, կարծես վերջնականապես արթնացրեց վերջինիս։ Այնուհետև արձակեց օձիգի կոճակը և ագահաբար շնչելով թարմ օդը, աջ ձեռքով ճմռեց ճաղավանդակի վրայի ձյունը` մանկական չտեսությամբ քսելով երեսին, իսկ ձախ ձեռքով` վերցնելով թեյի բաժակը, երկար բեխերն ոլորելով սկսեց կում-կում ըմբոխշնել տաք թեյի համը։ Գլխին դրել էր ականջավոր մի գլխարկ, որի կապիչները գլխի շարժի հետ օրորվում էին,  ժամանակ առ ժամանակ գրպանից հանելով թաշկինակը`  մաքրում էր լայն դեմքին  հալված ձյան փաթիլները, մի խորը շունչ քաշում, որից հետո թեյի բաժակից լսելի ֆռթոցով մի կում էր անում` թաշկինակը դնելով գրպանը  և կարոտալի աչքերով այնպես էր նայում իր բաղ ու բախչին` կարծես հարյուր տարի չէր տեսել և նոր միայն վերադարձել էր աքսօրից հարազատ օջախ։

Անդրեի պահվածքում կարծես տարօրինակ անհանգստություն էր նկատվում.Խոշոր ու չռված աչքերը հաճախ էր տարուբեր անում, ուշադրությունը լարում, արանք, արանք մի խշշոցի, կամ մի թպոցի վրա թեյի բաժակաը ձեռքին արագ գնում պատշգամբի ծայրը, ուշադրությունը լարում մի կետի վրա, որտեղից լսվել էր ձայնը, մի որոշ ժամանակ քարացած արձանի նման կանգնում էր, հետո կիսավախեցած  ու ոչ բարձր ձայնով հարցնում՝ Ջեկո դո՞ւ ես… մի քանի վայրկյանից նորից հարցը կրկնում՝ Ջեկո դու՞ ես։ Նկատի ուներ հարևան Մուկուչի շանը, որին սոված էին պահում և որը հաճախ էր կապը կտրում ու փախչում իր բախչեն… Տեսնելով, որ  պատասխան չկա, գրպանից հանում էր էլեկտրական լապտերն ու գցելով բախչի վրա անկանոն տարուբեր էր անում, հետո համոզվում կամ իրեն հույս տալիս, որ տարօրինակ թպոցը դա ծառի ծանրացած ճյուղի վրայի ձյան թափվելն էր կամ գուցե ճյուղի կոտրվելու ձայնը: Հետ էր գալիս դռան մոտ՝ այդ կարճ ճանապարհին արանք֊արանք վախեցած հետ նայելով:

Վախ կար.. Անդրեի սրտում տարօրինակ վախի զգացում էր արթնացել՝ աչքը պատկերի էր, ականջը՝ ձենի, սիրտն էլ դող էր ընկել. Այնպիսի մի հոգևվիչակ, որը հարիր է գողության կամ մեկ այլ հանցագործության  նախապատրաստվող անձի մոտ, բայց դե Անդրեից ի՜նչ գող, ի՜նչ հանցագործ… Բայց դե մի բան կար, տարօրինակ էր, բայց մի բան հաստատ կար: Ընդհանրապես տարօրինակ էր այդ ժամին վարպետի արթուն լինելու փաստը: Չէ, վարպետը սովորաբար միշտ էր արևածագից կես քայլ առաջ արթնանում, և եթե սովորությունն էլ չլիներ՝ մարդ է ու գուցե քունը փախել է, գուցե երազում որդուն էր հիշել, բայց որ թեյ էր խմում և նա այդ ժամին միշտ թեյ էր խմում սովորաբար աշխատանքի գնալուց առաջ, բայց ի՞նչ աշխատանք. Երկու տարի էլ չկար, որ նոր դարբնոց էր շինել, որը կառուցել էր գյուղից դուրս գտնվող ճամփի վրա, որ հարևան գյուղերի բնակիչները շատ չտանջվեն և որը պատերազմի պատճառով  մնացել էր սահմանից այն կողմ: Ահա սա էր տարօրինակ, որ դարբնոցը չկար, բայց ինքը թեյ էր խմում, հագած֊կապած՝ կարծես պատրաստ աշխատանքի գնալու:

Թեյը խմել վերջացնելուց հետո՝ վարպետը աստիճաններով դանդաղ, բայց հաստատուն քայլերով իջավ բակ և քայլերն ուղղեց դեպի այգի: Մի քանի ծառի տակ ինչ որ բան փնտրելուց հետո, վերջապես տանձի ծառին հենած բահը վերցրեց, բեղի տակ էլ ասելով՝ հրես է, մոռացել էի և նորից վերադարձավ բակ: Կարելի էր ենթադրել, որ պատրաստվում է բակի ձյունը մաքրել, որ անակնկալ ծածկել էր դեպի գոմ և դարպաս տանող ճանապարհները, բայց ոչ, վարպետը բահով շարժվելով դեպի գոմ, վերջինս հենեց գոմի դռանը, հետո վերադարձավ տան մոտ, աստիճաններով՝ նկուղ տանող ճանապարհով  իջավ նկուղի դռան մոտ, գրպանից հանելով բանալիները և բացելով նկուղի դուռը՝ մտավ նկուղ, այնուհետև երևաց լապտերի լույս, որը կարճ ժամանակ անց մարեց և վարպետը դուրս գալով նկուղից, թևատակին պահած ինչ որ սպիտակ սավան, որն էլ գուլուլեց դնելով պարկի մեջ,առանց նկուղի  դուռը փակելու քայլերն արագ ուղղեց դեպի գոմ: Նկուղից գոմ տանող ճանապարհն այնքան  արագ անցավ և արդեն մեկ քայլ էր մնացել, որ հասներ գոմի դռանը հենած բահին ու նույնիսկ ձեռքն էլ  մեկնել էր, որ էսա պիտի բահի պոչը բռնի, երբ տան դուռը ճռռալով բացվեց: Անդրեն քարացավ, բայց հետ չնայեց… Սառած կանգնած սպասում էր, երբ կիսաբաց դռան արանքից մթության մեջ մի վախեցած դեմք երևաց, որն էլ՝ աչքերը հառած Անդրեի թիկունքին  խեղդվող ձայնով ձեն տվեց՝ չանե՜սսս… լսու՞մ ես, Ինչ որ մտածել ես՝ չանե՜ս:

-Վարպետը փափախի տակից գլուխը քորելուց հետո և առանց ետ նայելու ու կանգնած դիրքը փոխելու հանգիստ պատասխանեց.

-Ախր ես քեզ ասեցի՝ քնիր և կրին ասում եմ՝ գնա քնիր, սա քո խելքի բանը չէ:

-Ես էլ քեզ եմ կրկին ասում ՝ չանես, լսու՞մ ես,  չփորձվես դա անել:

-Այ կնիկ, գնա քնիր, կրկնում եմ՝ սա խելքի բանը չէ:

-Չանես. Ես քեզ հրամայում եմ… իսկ եթե մտքինդ անես, երդվում եմ՝ ես կբաժանվեմ քեզանից:

Անդրեն ատամները կրճտացրեց, գազանի հայացք ընդունելով շրջվեց դեպի կինը, բայց մինչ կշրջվեր, կինը հետ քաշեց գլուխն ու վախից դուռը փակեց:

Անդրեն կատաղած շարժվեց դռան ուղղությամբ, բայց ճամփի կեսին փոշմանեց, հետ եկավ դեպի գոմ, մտավ գոմ, ձիուն հանեց, վերցնելով բահը, դուրս եկավ դարպասից, ձիուն կապեց չափարի տակ կանգեցրած սայլին, ձեռքի բահն ու պարկը գցելով սայլի մեջ, ինքն էլ նստեց սայլին  և թանձր մթության մեջ  տեղից դանդաղ շարժվելով՝ բռնեց  գերեզմաններ տանող ճամփեն :

Սայլի` գերեզմաններ տանող ճամփի մթության մեջ կորչելուց մի կես ժամ անց ձյունն սկսեց նոր թափով տեղալ։ Ձյան փաթիլները, մեռելային լռության մեջ  շարան֊շարան թափվում էին երկնքից  ու,  պառկելով գետնին,  շատ կարճ ժամանակահատվածում  ծածկեցին  գյուղի ճամփեքն ու արահետները ու նույնիսկ ամենաթարմ ոտնահետքերը։

Կատարյալ լռությունը մի ակնթարթ խախտեց վարպետի կինը,  որը շալով փաթաթված , տանից իջավ բակ, բացեց դարպասի ճռռացող դուռը, գլուխը վախվորած հանեց դուրս, աջ ու ձախ թեքեց և հայացքը որոշ ժամանակ սևեռելով գերեզմաններ տանող ճանապարհին, փակեց դարպասի  դուռը, ձգեց թիկունքին գցած շալի ծայրը և արագ  մտավ տուն։ Որից հետո դրսում որոշ ժամանակ այլևս շարժ չնկատվեց։ Ձյունը հանդարտ տեղում էր,  լսվում էր քամու ուժեղ սուլոց,  որն էլ հաճախակի զրնգացնում էր տան պատուհանների ապակիները, իսկ մերթընդմերթ հեռվից լսվող  գայլի ոռնոցին իր կլանչոցով նվագակցում էր հարևան Մուկուչի շունը, որը, հավանաբար, գայլի  վախից տիրոջ ձեն էր տալիս։ Հա, մեկ մեկ էլ լսվում էր մի ինչ֊որ տարօրինակ  զըրըխկոց, որն էլ հավանաբար հեռագրասան վրայի կախ էլած երկաթյա թիթեղի ձայնն էր, որ ուժեղ քամուց դիպչում էր հեռագրասյանը։

Տպավորություն էր, որ տանջալի գիշերը չէր ավարտվելու, բայց վեցն անց կեսի կողմերը, ինչպես միշտ, լուսաբացն իրեն սկսեց  նկատել տալ, որին զուգընթաց էլ հեռվից  սկսեց լսվել  սայլի ճռճռոց, որի` սիրտ կտրատող ձայնը ժամանակի հետ գնալով ուժեղացավ, ինչն էլ խոսում էր  վարպետ Անդրեի վերադարձի մասին։

Եվս մի քսան րոպե և լսվեց վարպետի ձայնը.

֊Հո, ոոո ո…

Ձին վրնջալով կանգ առավ և այլը կանգնեց դարպասի դիմաց։ Վարպետն իջավ սայլից, ձիուն արձակեց ու սանձը բռնած տարավ գոմ։ Որից հետո արագ վերադարձավ, ճռռոցով  բացեց դարպասի դուռը` հայացքը նետելով տան պատուհանին, որտեղ նկատեց փառդի հետևից դեպի բակ նայող կնոջ հայացքը, որը մեկ ակնթարթ հետո` փարդեն քաշելով, անհետացավ։

֊Չի քնել ղանջըղը,֊քթի տակ մրթմրթալով վարպետը քայլերն ուղղեց դեպի սայլը։ Սայլի վրայից վերցրեց բահը, և մտցնելով բակ, խրեց առաջին պատահած ծառի տակ։ Այնուհետև վերցնելով թին` սկսեց մաքրել բակի ձյունը` ճանապարհ բացելով դեպի նկուղի դուռը։ Որից հետո սայլից վերցրեց սպիտակ սավանով փաթաթված մի բան և խնամքով տեղափոխեց դեպի նկուղ։ Սավանով փաթաթածը տեղավորելով նկուղում դուրս եկավ այնտեղից, կողպեքով փակեց նկուղի դուռը, բանալին տանելով գրպանը` հանեց ծխամորճը, դրեց բերանին ու ուզում էր վառել, բայց անակնկալ փոշմանելով, ծխամորճը կրկին տեղավորեց գրպանում և փակելով դարպասի դուռը` քայլերն ուղղեց տուն։

Մտնելով տուն` հանեց երկարաճիտ կոշիկները և քայլերն ուղղեց հյուրասենյակ։ Վարպետի տանը ննջասենյակներ էլ կային, բայց ձմեռ էր ու վառարանն էլ, որ հյուրասենյակում էր, հավաքվել էին մի տեղ։

Հյուրասենյակի բազմոցին քնում էր տիկին Վարսենիկը, իսկ վարպետը գերադասել էր քնել  թաղթին։ Սենյակում կար նաև մի մեծ սեղան` իր աթոռներով, մի հատ մեծ սերվանտ, որը կինը ժամանակին օժիտ էր բերել և մի հատ էլ պահարան։ Պատի ուղիղ մեջտեղում կախված էր զոհված որդու մեծ նկարը, սենյակի մի անկյունում վառարանն էր, որի առջև էլ` սենյակ մտնելով, կռացավ վարպետը, երկու կտոր փայտ նետեց վառարանի մեջ, այնուհետև լամպի լույսի տակ նայեց բազմոցին պառկած կնոջը, որը կարծես թե քնած էր և դրանից  սիրտը հանգստացնելով վարպետը մոտեցավ լամպին` ձեռքի ափը մոտեցնելով ապակուն և ուժեղ փչելով հանգցրեց այն և սկսեց հանել շորերը` մտքում ասելով` «Քնենք է, վաղը ծանր օր է սպասվում», բայց դեռ չպառկեց։ Մոտեցավ պատուհանին, ձախ ձեռքով  մի կողմ տանելով վարագույրը, աջ ձեռքի ափով մաքրելով ապակու վրայի գոլորշին, գլուխը մոտեցրեց պատուհանին և երկար նայելով բակին, գլուխը շարժելով եկավ ու պառկեց թաղթին գցված անկողնում։

Փորձեց քնել, բայց չկարողացավ. Մտածմունքները սղոցում էին ավերված հոգին։ Երկար աջ ու ձախ պտտիտ տալուց հետո` վեր կացավ, նստեց թաղթկն, հետո նորից պառկեց։ Հետո կրկին վեր կացավ, կրկին մոտեցավ պատուհանին և մի փոքր բացելով պատուհանի օդանցքը, երկար շնչեց դրսի մաքուր օդը և սիրտը տրորելով կրկին վերադարձավ անկողին։ Կրկին պառկեց, բայց կրկին չկարողացավ քնել։ Երկար տանջանքներից և անկողնում շուռումուռ գալուց հետո` վարպետը վերջնականապես որոշեց հագնվել։ Թեյնիկը դրեց վառարանի վրա և մինչ ջուրը կեռար, քայլեց սենյակում հաճախակի խորը հոգոց քաշելով։ Վերջապես նստեց սեղանի մոտ, թեյի բաժակից երկու կում արեց և առանց վերջացնելու,  հագնելով  բուշլատն ու ճտքավոր կոշիկները , տանից դուրս եկավ։

Դուրս գալով բակ` արձակեց օձիքը, բռով ձյունը կրկին  քսեց երեսին ու  սկսեց խորը շնչել։ Որից հետո բացեց դարպասի դուռը, նստեց դարպասի մոտ տեղադրված իր պապի քարին, մի գրպանից  հանեց ծխամորճը, մյուսից` թղթի մեջ փաթաթած թութունը։ Մի պտղունձ թութուն վերցնելով` մնացածը կրկին տեղավորեց գրպանում։ Ձեռքի մեջ լաաավ մանրացնելով թութունը, լիցքավորեց ծխամորճը և վառելով այն, սկսեց ծխել… Սկսեց ծխել ու բարի նախանձով, թե ատելությամբ  մտիկ տալ գյուղամիջի անցուդարձին։

Ծխամորճից մի երկու ծուխ էլ դեռ չէր քաշել, երբ նկատեց, որ հրեն  համբարանց Կառլենը` մի տախտակի կտոր էլ աջ ուսին դրած, իսկ ձախ ձեռքով բռնած խառատի գործիքների մի արկղ, տանիցն իջնում է գյուղամեջ։

֊Էս ու՞ր, այ տա, ըսենց առավոտ` քշերհանա,֊մի ղուլապ տալով ձեն տվեց վարպետը։

Ու թեև Կառլենը ինչ֊որ տեղ էր շտապում և դրանից խառնված վարպետին էլ չէր նկատել, այնուամենայնիվ թեքեց ճանապարհը և հասնելով  վարպետին ու ձեռքի արկղն էլ դնելով գետնին` պատասխանեց.

֊Տո ես շա՞տ գիտեմ… Գեղապետն է գիշերը եկել, կնոջս ասել, որ պիտի գյուղամիջում մի թեթև բեմանման բան սարքվի։ Ես ըսկի տանն էլ չեմ եղել` ղարաբեգանց Արամայիսի նորակառույցի շուշաբանդն էի դնում… Բարևն էլ մոռացա, մի պապիրոս տուր,֊ձեռքերը շփելով ու բըռի միջին հո անելով` պատասխանեց Կառլենը։

֊Բե՞մ,֊մի գրպանից հանելով թութունը, մյուսից` մի թղթի կտոր, և թութունը փաթաթելով շարունակեց,֊բե՞մ, գյուղ ցիրկա՞ եկել։

֊Չէ… Ինչ֊որ ընտրություններ են, քարոզարշավ, զադը, մադ։ Գյուղամեջում կուսակցություններն ինչ֊որ ելույթներ են ունենալու,֊հիմա էլ երկու ձեռքերը բուռ անելով և հոո անելով Կառլենը շարունակեց,֊ ըթե բաներ։

֊Բա էնա ցիրկա էլի, հլե ասըմ ես` չէ,֊բութ մատը լեզվին տալով ու, թութունը մեջին փաթաթած թուղթը թքոտելով, վարպետը շարունակվեց,֊աշունքը էկավ` լախատրոնը սկսեցին։ Գյուղապետը գեղըմնա՞, որ ասըմ ես, թե եկել էր, բա ասին` գնացելա քաղաք֊արդեն պատրաստի ծխախոտը մեկնելով Կառլենին` վարպետը հարցրեց։

֊Կնոջն էր զանգել ու ասել… Կինն է եկած եղել ու Թամարին ասել, թե ինչ պիտի արվի,֊ծխախոտը վերցնելով, քթին մոտեցնելով ու մի լավ հոտ քաշելով` խառատը շարունակեց,֊հա, ինքը ըստի չի։

֊Կնգան ա ղարգել հա՞, էդ ղանջըղին… Դա հրահանգած էլ կլինի, թե ու՜մ պիտի ձայն տաք,֊քթի տակին ծիծաղելով` վարպետը ծխամորճից  քաշեց հերթական ծուխը։

֊Դե ըտենց կոնկրետ ասել չի, թե ում, բայց ասելա, որ ընթացքում կասի,֊գլանակը դնելով բերանին` Կառլենը շարունակեց,֊ բեր վառեմ։

֊Ուրեմն գյուղապետը  կնգան է հրահանգել, կինը քո կնգան, քո կինը` քեզ,֊լուցկին վառելով և մոտեցնելով Կառլենի բերանին վարպետը շարունակեց,֊ դու էլ ո՜չ սիգարետ ունես, ոչ՜ լուցկի ու ըսենց եթիմ հալովդ պիտի որոշես բոլորիս ճակատագիրը, լավ ա էլի։

֊Ասենք, թե ես էլ չգնացի ընտրության, բա՞ն ա փոխվելու,֊խեղճացած հարցրեց Կառլենը։

֊Բա, որ չի փոխվելու, այ ղամմազ,  էլ խի՞ ես տանջվըմ, բա մի՜ գնա,֊ուսերը թոթվեց վարպետը։

֊Դու էլ գիտես, որ կարալ չեմ… Գեղապետարանին կցված խառատ եմ ու հա՜մ գիտես, որ կարալ չեմ, հա՜մ շաշ ես խոսացնում։ Գնացի, գնամ շուտ բեմը սարքեմ, թե չէ պրեմիայից կզրկեն,֊տախտակի կտորն ուսին դնելով, գործիքների արկղն էլ թևատակին տալով Կառլենը հեռացավ։

֊Գնա՜, գնա։ Մեխերը պի՜նդ կխփես, նանիդ կարկաճը… Մին ըլիլ տի` քո գլխին մեխ խփի` միջի էլածը թիլացելա,֊Կառլենի հետևից փընթփընթաց Անդրեն։

Նեղսրտած գրպանից թութունը հանեց, որ մին էլ ծխի, երբ ճռռոցով բացվեց հարևան Սարբեգի տան դարպասի դուռը Անդրեն մի պահ զարմացավ, քանզի չէր սպասում, որ դարպասից դուրս եկողը Սարբեգի ութնամյա թոռը կլինի` թմբուկն էլ վզից կախ արած։ Դարպասի դուռը փակելով` երեխան սկսեց փայտիկներով զարկել թմբուկին և շարժվել դեպի վարպետի կողմը։

Վարպետը, որ թութունը գրպանից հանել էր` մոռացավ, որ նորից պիտի ծխեր և կրկին դնելով գրպանը` հայացքը սևեռեց տղային։ Խոշոր աչքերն այնպես էր չռել ու բարկությունից էլ չանեն շարժվում էր, որ տղան, տեսնելով վարպետի մռայլ հայացքը, դադարեցրեց թմբուկին խփելը` անելով մի հիսուն քայլ։ Հասնելով վարպետին` գլուխը կախեց, անցավ վերջինիս դիմացով և ևս հիսուն քայլ անելուց հետո միայն, սկսեց զարկել թմբուկը և մանկական ձայնով  հայտարարել` «Ուշադրություն, ուշադրություն առաջիկա ընտրություններին ձեր ձայնը տվեք Հայաստանի Կոմունիստական Կուսակցությանը, քանզի փրկությունը կոմունիզմի մեջ է»։

֊Վայ ապընիդ քյալլեն… հա։ Հըմ էլ կոմունիստա՞ խաղըմ,֊ասելով բարկացած տեղից վեր կացավ ու շրջվեց, որ մտնի բակ` դեմը դուրս եկավ մարկոսանց Մացակի կինը` Շուշիկը, որը վերի թաղից շնչակտուր իջել էր ու Անդրեին տեսնելով ու ձեռքի բանկեն էլ  ցույց տալով` ասաց.

֊Ես էլ կակռազ ձեր տուն էի գալիս։

֊Մե՞ր տուն,֊վարպետը զարմացած նայելով Շուշիկի ձեռքի բանկին` շարունակեց,֊ի՞նչ կա, Մացակը ոնցա՞։

Էնա Մացակի հարցով եմ եկել,  հեչ լավ չի, սիրտը վարդի մուրաբա ուզեց, ես չունեի ու մտածեցի, որ ընկեր Կյուրեղյանը կունենա, ասի` մըխելա տա,֊խղճահարություն առաջացնող տոնով պատասխանեց Շուշիկը։

֊Որ չունենանք էլ` հիվանդի համար կճարենք,֊բանկեն Շուշիկի ձեռից վերցնելով` վարպետը շարունակեց,֊երեկ եկել էի Մացակ բիձուն տեսնելու` տանը չէիր։

֊Հա, իմացա, իջել էի Սարբեգանց տուն,֊ժպտալով հասկացնել տալով, որ գիտի, թե ինչքան չի սիրում վարպետը։

֊Սարբեգի՞ տուն… Դու ի՞նչ կապ կարաս ունենաս էդ ավազակի հետ այ ղանջըղ,֊բարկացավ Անդրեն։

֊Ընտրություններին որոշել եմ ձայնս տալ կոմունիստներին, ինքն էլ տեղական կառույցի ղեկավարն է,֊ծոր տվեց Շուշանիկը։

֊Գյունդուզը կոմունի՞ստ… Հըվատալս չի գալիս։ Աղջի դա 1972թ֊ին վինեվոդչնի  բազզայի պահեստապետն էր, ամբողջ ապրանքը ևս արեց, ամբողջ աշխատակազմին նստացնել տվեց ու ինքը շըվշըվացնելով… Մինչև հիմա էդ կոնյակներից ունի։ Զարմանալու բան է` կոմունիստների վախտ կապիտալիստ էր, կապիտալիզմում` կոմունիստ է։ Տեսնես հիմա ի՞նչ հողկա ունի։

Մի ոտքը նոր էր ներս գցել դարպասից, երբ Սարբեգը` ընտանիքի անդամների հետ տանից դուրս գալով, ձեն տվեց.

֊Շուշի՜կ…

֊Շուշիկը հետ նայեց և տեսնելով Սարբեգին` ծտալիզու մի երկու բառ փոխանակվեցին` «Դե մենք իջնում ենք` դու արի՜»։

֊Ուրա՞ կանչըմ։

Գյուղամիջում միտինգի ենք։ Ամեն կուսակցության երկուական ժամ է տրամադրվում և այսօր 10։00֊ից մեր հերթն է,֊ասաց Շուշիկը և իջնելով դեպի գյուղամեջ հեռվից շարունակեց,֊Վարսիկին ասա, թե ունի, թող լցնի բանկեն, էսա ես կգամ։

֊Աղջի արի թեզ տար, էն մարդը հիվանդ սպասըմա սրտի ուզելիքի, այ  քու նանի ծընկները թիլանան…

֊Դուք լցրեք` էսա կգամ,֊ հեռվից խուլ լսվում էր Շուշիկի ձայնը։

֊Վայ ես քո հերն եմ անիծել հա,֊քթի տակ փընթփնթալով Անդրեն իջավ նկուղ, մի 20 րոպեից ձեեքին մի լիքը բանկա դուրս եկավ, հետո շարժվեց փողոց` Շուշիկի ճամփեն պահելու։ Ծխամորճը հանեց ու դեռ թափ չէր տվել, երբ վերևի տան հարևանի հարսը  պատշգամբից գոռաց.

֊Վարպե~տ Անդրե, Վարպետ Անդրե…

֊Էն ինչնա՞ Լամար։

Շուշիկին չե՞ս տեսել, ասըմ են ձեր տուն է եկել։

֊Տեսել եմ` ի՞նչ կա։

֊Հըմի ձեր տա՞նն ա։

֊Չէ, մեր տանը չի, բայց մեր տանով տի գընալ։

֊Բա վռազ պետք էր է։

֊Աղջի, դե տեղդ բանցըրնա, մի հատ գյուղին  նայի… էդ լեն քամակը, որ դա ունի, դժվար թե մի տեղ չերևա։ Համ էլ գլխարկներին նայիր, մի ալատուտուզ գլխարկովա, հեշտ կգտնես։

֊Հարսը զանգեց, ասեց տեղյակ պահենք, որ Մացակը մեռավ, Շուշիկը թող թեզ գա։

֊Շուշի՜կ, ֊հայացքն ուղղելով գյուղամեջ բարձր գոռալով սկսեց նաև ձեռքով կանչել։

֊Շուշիիիիկ, Շուշիկ, արի այ ղանջըղ։

Տեսնելով, որ վարպետը նաև ձեռքով է կանչում` Շուշիկը վազելով եկավ։

֊Աղջի ի՞նչ ես ռեխդ կախ գցել։

֊Խի ինչա՞ էլել։

֊Մացակը մեռավ, ի՞նչ պըտի ըլի։ Ռեխդ կախ ես գցել, խեղճ մարդը մուրաբեն չկերավ։

֊Ո՞նց, թե մեռավ… Վայ քոռանամ ես,֊ծընկներին տալով Շուշիկը դըրվերեց իրենց տուն` ասելով` բա խի՞ թեզ չես ասըմ։

֊Աղջի, այ աննամուս, արի էս մուրաբեն վեկալ, թեզ ո՞նց ասեի, որ նոր եմ իմացել

֊Մեռած տեղը տանըմ եմ ի՞նչ անեմ։

֊Ինչ անես, գոնե հետը կդընես` աչքը մնաց ճամփին, այ ծըծերդ ծակվեն, ընկել ես գյունդուզի խելքին,֊բարկացած գոռաց վարպետը։

֊Էդ ի՞նչ է եղել, ի՞նչ աղմուկ է,֊ տան դուռը վախեցած բացելով հարցրեց Անդրեի կինը։

֊Ինչ աղմուկ է… Մացակը մեռավ։

֊Մացակը մեռավ, բա դու խի՞ ես գոռգոռում։

֊Բա ի՞նչ անեմ, մարդը ղարգելա մուրաբի, ինքը Սարբեգի հետ վենսերեմոսա երգըմ, բա ի՞նչ անեմ, որ չգոռգոռամ։

֊Գոռգոռըմ եմ… Բա է՞լ չգոռգոռամ,֊գոմի դուռը բացելով և պատի տակին դրած ձյուն մաքրելու թին վերցնելով` քայլերն ուղղեց դեպի դարպասը` դարպասի դիմացի ձյունը մաքրելու` քթի տակ արանք֊արանք մըռթմըռթալով,֊ թե, բա գոռգոռըմ եմ, էլ ո՞նց կլիներ…

֊Թե, ասա` այ Շուշի՜կ, գնա մարդուդ կողքին վեր ընկի էլի, դու ի՞նչ գործ ունես էս սըտանի ճըտերի հետ` վենսերեմոսը, մի պաբիդիմը, բանը… Նանիդ կոճերը թիլանան։ Լենքին ա տվել, փոխանակ գնա մարդու դագաղի գույնն ընտրի։

Դագաղ ասելով` վարպետը մի ղափիլ բան հիշեց և վայր նետելով թին` մի քանի քայլ առաջացավ գյուղամեջի կողմը, խոսքն ուղղելով խառատ Կառլենին, որը բեմի վերջին մեխերն էր խփում` գոռաց.

֊Պիստի՜լ, այ տա պիստի՜լ…

֊Էն ինչնա՞,  Անդրե,֊ձեռքի չագուչը վայր դնելով` չոքած տեղից բարձրացավ Կառլենը։

֊Արի, հլա արի։ Առանց պրեմիա գործա բաց էլել։ Մացակի ղութին պըտի սարքվի։

֊Ինչա՞,֊զարմացած հարցրեց Կառլենը։

֊Զահրումարա, ապընիդ քյալլեն… Ասըմ եմ` մաթոսանց Մացակի ղութին պըտի սարքվի։

֊Մացակի ղութի՞ն… Բա նոր Շուշիկն ասավ, թե ամեն հարց լուծվածա ու պակաս բան չկա, ղութին էլ սարքած ու հրեն  նկուղում դրած,֊վիզը թեքելով ու մի աչքը փակելով զարմանքի նշան արեց Կառլենը։

֊Շաշըմաշ խոսըմ ես էլի`Շուշիկն ասավ… Տո Շուշըկի դեսը ղարգողի… Նա, որպես տան կնիկ,  պադվալըմ ըսկի նեղ օրվա պահած  մի բանկա  մուրաբա չունի, ղու՞թի կունենա, ասըմ ես էլի։ Էդ գործը թեզ վերջացրու ու անցիր Մացակի գործին` տախտակը ինձանից` հրեն գառաժում դրած։ Ինձ համար էի պահել, բայց… Որ տանն էլ չլինեմ, Վարսըկին կասես ու տեղը շանց կտա,֊ասելով` վարպետը քայլերն ուղղեց դեպի թին` շարունակելով,֊երկու տարի խեղճ մարդն անկնիկ ճլերքով պառկեց ու էդ էր մնացել, որ հըմ էլ անդագաղ թաղվի։

Թին վերցնելով` Անդրեն շարունակեց դըռնվերքի ձյունը մաքրել` մի քանի ուշունց տալով նաև անդուր եղանակին, քանզի ձյունը չէր դասարում և մինչ հայաթի մի հատվածը կմաքրեր, մյուս հատվածում նորից ձյուն էր նստում և վարպետն ստիպված նույն տեղով երկրորդ անգամ էր անցնում։ Բայց վարպետի համառությունն անսպառ էր և մաքրում էր առանց հանգստանալու և արդեն վերջին մի քանի մետրերն էր մնացել, երբ հետևից ձեն տվին.

֊Բարիաչողում, Անդրե…

Վարպետը չլսելու տվեց, քանզի գիտեր ով է և վաղուց էր նկատել, բայց շարունակեց կռացած մաքրել, երբ պուճուրանց Անուշավանը մոտենալով գրեթե կրկնեց հարցը.

֊Ա բարիօր է։

֊֊Այ Անուշո բարևով գործա՞ ըլըմ,֊մի պահ կանգ առնելով և վիզը թեքելով  Անուշավանի կողմը Անդրեն շարունակեց,֊ փոխանակ տրակտորդ բերես, կովշը դեմ տաս  ու գեղի ճամփեքը մաքրես, ձեռներդ ջեբիդ շըվշըվացնելով ման ես գալիս ու հետն էլ ասըմ` բարի օր։ Էլ ուրա՞ բարի… Էն Մացակն էլ ընդի մեռավ, էլ բարի մնա՞ց։

֊Ո՞վ մեռավ։

֊Մացոն` մաթոսանց Մացակը, եգանիդ քավորը չէ՞ր։

֊Հա իմացա, ճամփին Շուշըկին տուն բըրձանալիս տեսա,֊թասակը առաջ` ճակատին քաշելով շարունակեց,֊փեսես էր Մացոյի թոռի քավորը, համ էլ Մացոյի գնալն  սպասելի էր ու հլա ինչ֊որ տեղ ուշացնըմ էր։

֊Մացոյի գնալը հըսկացանք,֊թին ձյան մեջ խրելով և պոչի վրա հենվելով` վարպետը շարունակեց,֊բա ձյունը՞։

֊Ինչը՞,֊կրկին լսելու ակնկալիքով գլուխը առաջ բերեց Անուշոն։

֊Ձինը՜, ձինը՜,֊փոքր ինչ նեղսրտելով և ձեռքով ցույց տալով իր մաքրած ձյունը Անդրեն շարունակեց,֊ասըմ եմ` ձինը, էդ լա՞վ չես լսում…Ձինը, ձինը, ձմեռն էլ հո չէ՞ր ուշացնըմ, որ վախտից թեզ եկավ։

֊Ձինը ի՞նչ, ձյուն ա էլի,֊վերարկուի օձիգն իջեցնելով` իբր չի մրսում ու հլա շոգ ա, Անուշոն, սապոգի քթով էլ ոտքի տակի ձյան հետ խաղալով,  շարունակեց,֊վատա՞, էկող տարի բերքը լավ կլինի։

֊Իիի, այ ղամմազ…Լսել ես, բայց դա ձմեռվա համար են ասում,֊թին վերցնելով` վարպետը շարունակեց մաքրել բակի մնացած մի քանի մետր ձյունը` մի որոշ դադարից հետո շարունակելով,֊ չնայած քեզ համար ձյունա էլի, քեզ ի՞նչ կա, կյանքում մի օր մաքրած չկաս, մի օր աշխատած չկաս ու պարզա, որ քեզ համար ամեն մի ինչը ընդամենը մի զադա էլի։ Դու հլա էն ասա, թե քշերհանա էս ու՞ր ես գնում։

֊Հեչ, ու՞ր տեմ գնալ,֊այս անգամ վերարկույի օձիգը բարձրացնելով` շարունակեց Անուշոն,֊ասի` իջնեմ գեղամեջ ու տեսնեմ, թե ինչ կա։

֊Դու առանց շահի գեղամեջ իջնողներիցը չես,֊գործն ավարտելով և մոտակա էլեկտրասյան վրա թին թափ տալով` վարպետը շարունակեց,֊ քշերհանա ու  քնաթաթախ դու քո տաք քամակը հլե֊հնե ցրտին դեմ անողներիցը չես,հլա թեզ ծակվի, թե ու՞ր ես գնըմ։

֊Քեզանից թաքցնեմ, Աստծուց ի՞նչ թաքցնեմ,֊ուսի ձյունը թափ տալով Անուշավանը շարունակեց,֊ ընտրությունների քարոզարշավ է ու կանչել են գեղամեջ` միտինգի։

֊Ով ա՞ կանչել,֊քթի տակ ժպտաց վարպետը,֊միջին զադ կա՞։

֊Ինչա՞,֊լավ չլսեց Անուշոն։

֊Զահրումարա, ասըմ եմ` ովքե՞ր են կանչել, լա՞վ չես լսում,֊գրեթե գոռաց վարպետը։

֊Դե մերոնք էլի,֊ խեղճացած պատասխանեց Անուշոն` գլխի թասակի ձյունը թափ տալով։

֊Այ տա, ձերոնք` ո՞վ են,֊ձեռքերի ափերը  դեպի վեր տարուբեր անելով կրկին հարցրեց Անդրեն։

֊ «Հյուսիսային Ալյանս» Պահպանողական Կուսակցությունը։

֊ Ալյա՞նս, թազա վագոնա՞,֊հայացքը քարացնելով` փորձեց մտաբերել Ալյանս ասվածը,֊Ու ինչքա՞ն են տալիս։

֊Ինչա՞,֊չլսելով կրկին հարցրեց Անուշոն։

Անդրեն, որ արդեն հոգնել էր հաճախակի կրկնվող` «ինչա» հարցից, մոտիկացավ Անուշավանին և գրեթե ականջին գոռաց.

֊Ասա` թող էս անգամ  քվեիդ դիմաց մի  ականջի ապարատ տան, որ գոնե  նորմալ  լսես, էտա հըսկանալը խիատ կասկածելիա։

֊Էէէ, նեղացնըմ ես վարպետ Անդրե,֊սրտնեղեց Անուշոն։

֊Արա, էլ խի՞ եմ նեղացնըմ։ Մի ընտրության տրակտորիդ ակումլիատորի ու հերվա ընտրությանն էլ մեքենայիդ պագրիշկի դիմաց չընտրեցի՞ր, հիմա ականջի ապարատը ինքնասիրությանդ դիպչումա՞,֊հեգնեց վարպետը։

֊Ականջի ապարատ ունեմ. Ուղղակի տանն եմ դնում,֊ծիծաղելով պատասխանեց Անուշոն։

֊Էլ խի՞ ես մենակ տանը դընըմ։ Ուզում ես մենակ կնգադ`Քնքուշի հրահանգները լսե՞ս,֊վրա բերեց վարպետը։

֊Լավ էլի,֊նեղացավ Անուշոն և քայլերն ուղղելով գյուղամեջ` շարունակեց,֊ քեզ հետ երկու բառ խոսալու չի, ավելի լավա ես գնամ։

֊Հլա սպասի՜ր,֊կանգնեցրեց Անդրեն,֊այ տա Ալյանսն ի՞նչ է, գոնե գիտե՞ս։

֊Դե կուսակցության անունն է էլի,֊ուսերը թոթվելով պատասխանեց Անուշոն։

֊Դրանց ճանաչու՞մ ես։

֊Դե ասել են քաղաքից էսօր գալու են, ես էլ իջնում եմ ծանոթանալու։

֊Իսկ կուսակցության գաղափարներին ծանո՞թ ես։

֊Չէ, ծանոթ չեմ, բայց ըսենց բան չանելով էլ չի ըլի։

֊Այ տա, ըթե արիք էլի, որ ըսե էլավ։

֊Ա չեմ հըսկանըմ վարպետ ջան, դու ուզըմ ես, որ թողանք երկիրը գլորվի ձորը՞։

֊Չէ, ես ուզըմ եմ, որ քեզ նման հաստագլուխները չբոթեն` էլ ավելի արագացնելով գլորման ընթացքը։

֊Էէէ, գնացի է,֊ձեռքը թափ տալով շարունակեց Անուշոն,֊ իրիկունը Մացոյանց տուն, որ գնալու լինես,  ինձ էլ ձեն կտաս` միասին գնանք հրաժեշտ տալու։

֊Արխային, Մացոյին ես երեկ եմ հրաժեշտ տվել,֊դարպասի դուռը բացելով և վիզը թեքելով  հեռացող Անուշոյին` Անդրեն շարունակեց,֊ փրկիչիս նայիր։ Կյանքում ձորիցը մի փետ քաշած չկա, ձորը գլորվող երկրի դեմնա առնըմ։ Էրկուերեսանի շանորդի, տանը չորս հոգի մարդ են` տասնվեց կուսակցության անդամատոմս ունեն։

Ասեց, քթի տակ էլ Անուշոյին մի ուշունց տալով մտավ տան բակ ու դարպասի դուռն էլ որոշել  էր փակել, երբ գյուղամեջից լսվեցին բարձրախսի ձայներ` «Այդ նախկինները, այդ նախկիններն էին, որ արնաքամ անելով ազգին` երկիրը կանգնեցրին կործանման եզրին»։

Սա լսելով`վարպետը մտափոխվեց. Դարպասի դուռը կրկին բացելով` հետ եկավ, մի քսան քայլ առաջանալով շարունակեց լսել այդ ականջ ծակող ձայները` «Թալա՜նը, բյուրոկրատակա՜ն թալանը կործանեց մեր հայրենիքը և մինչև այդ թալանը հետ չբերվի…»։

Ուշադիր լսելով` ձեռքի ափը մոտեցրեց  ճակատին, որպեսզսի աչքերին չխանգառի  արևի ճառագայթների փայլը, աչքերը կկոցելով և մի քանի վայրկյան ուշադիր նայելով բարձրախոսով ճեմող տղամարդուն, վարպետը ինքն իրեն զարմանքով հարցրեց.

֊Էս Գրիշը չի՞։

Վայ քու… Էս հո ակոփանց Կառլենի տղա Գրիշնա։ Գրիշը չի՞, այ տա բա սև շուննա՞։ Գրիշնա էլի` հարկայինի Գոքորը, որ մինչև հարկայինն էլ ֆիննախում էր գռփում։ Էս ինչերա՞ խոսում` թալանը, բանը, նախկինը, ֆլանը, ֆստանը։ Չէ աշխարհն իրոք  շուռ ա եկել,֊ ձեռքի թին խրելով ձյան մեջ, թիի պոչն էլ հենարան դարձնելով`  ձեռքերի ափերը դնելով պոչին, դունչն էլ հենելով ձեռքի ափերին` վարպետը միտինգավորներին նայելով  շարունակեց,֊ Բայց կարողա՞ ինքը չի… Չէ, է, հաստատ ինքնա, ուղղակի չենք կարողանում պատկերացնել, որ մարդ արարածը կարող է այնքա՜ն իջնել, այնքա՜ն  անբարոյական գտնվել, որ քննադատելով սեփական կերպարը, միևնույն ժամանակ ներկայանա այլոց դեմքերով։ Հոգեբանա֊ճարտասանական  տրյուկ, որի պրոֆեսիոնալ կիրառումը  սրիկաներին տալիս երկարաժամկետ  առավելություն և հաղթաթուղթ, իսկ նորմալ մարդկանց մոտ առաջցանում է կարճաժամկետ ենթագիտակցական  ամնեզիա։

֊Գրողը տանի` էս ովքերո՞վ են հավաքվել. Ովքերո՞վ, ու՞մ և ի՞նչն են փրկում։ Հրեն կողքինն էլ պահեստապետ Հրանտնա, նրա կողքին` նեֆթոբազայի Խորենը… Էն հեռվում կանգնածն ովա՞, տեղը չեմ բերում,֊ասելով հայացքն ուղղեց բարդու ծառի տակ կանգնած երիտասարդին, որը հավաքին հետևում էր իրեն թևանցուկ արած մի երիտասարդ օրիորդի, իսկ գուցե` ո՞վ գիտի` տիկնոջ հետ միասին ու վերջիններիս ո՜չ հագ ու կապը և ո՜չ էլ շարժուձևն ընդհանրապռս նման չէին ներկա գտնվող մնացած մարդկանց շարժուձևին , առավելևս` հագուկապին։

«Օտարականի տեսք ունեն»,֊մտածեց Անդրեն և հայացքը սևեռելով կոնկրետ այդ զույգին, սկսեց խորազնին հայացքով  ոտքից գլուխ չափել։

Երիտասարդը, որը հազիվ լիներ եռեսուն տարեկան, բավականին բարձրահասակ էր։ Իհարկե բասկեբոլիստի հասակ չուներ, բայց դե վերջինիս  միջահասակ էլ չէիր ասի։  Թեև գլխին դրել էր գլանաձև գծխարկ, պարզ երևում էր, որ գլխը ծածկված է թավ մազերով։ Նայելով դեմքին` լայնաճակատ չէիր ասի, թեև գուցե իրականում այդպես չէր և գլխարկն էր ծածկում  ճակատի մի հատվածը։ Նեղ ճակատի տակ հազիվ էին երևում  ներս ընկած շատ փոքր և  կլորիկ  աչքերը, որոնք թաքցնում էր չափազանց  մեծ  ակնոցների տակ… Այնքան մեծ, որ թավ հոնքերը ակնոցների եզրերից անգամ   չէին էլ երևում։ Դեմքի ամենաարտահայտիչ հատվածը քիթն էր, որը վարպետի  ձիու քթից մի փոքր էր տարբերվում։ Մեծ քթի տակ հազիվ նշմարվում էր բարակ շրթունքներով փոքրիկ բերանը, իսկ դեմքի ներքին հատվածը եզրափակում էր սուր կզակը, որն առավել արտահայտիչ էր դարձնում երիտասարդի չափազանց վտիտ կազմվածքը։ Ու թեև անծանոթը աչքի չէր ընկնում գեղեցիկ դիմագծերով, սակայն ինտելիգենտի արտահայտիչ շարժ ու ձև ուներ և  առաջին հայացքից ուսյալ անձի տպավորություն էր թողնում, որին, ամենից շատ, դուրեկան էր դարձնում շատ հաճելի ժպիտը և վերջինիս արտաքինում, կարելի է ասել, որ դա ամենաարժեքավոր և գրավիչն բանն էր, որից էլ, որպես հիմնական զենք, երիտասարդը հաճախ էր օգտվում, նամանավանդ, երբ հարկայինի Գրիշը խոսափողով ներկայացնում էր իրեն հարիր  հերթական ապուշ  հիմնավորումը։

Թվացյալ օտարականի ոտքերին կային կիսաճտքավոր շատ թանկարժեք կոշիկներ, որոնց միայն փայլն ավելի ազդեցիկ էր, քան գյուղամեջի հարթակում հավաքված փրկիչների գաղափարական կարգախոսները։

Հագել էր մետաքսե կտորից մուգ վերնաշապիկ, որի վրա շողշողում էր գեղեցիկ փողկապը, իսկ վերնաշապիկի վրայից կրկին թանկարժեք կոստյում, որի վրայից էլ հագել էր բարակ անձրևանոց։ Ձախ ձեռքին կրում էր ժամացույց, որին հաճախ էր նայում, իսկ աջ ձեռքով հենվել էր ձեռնափայտին, որը, ինչպես պարզվեց ձյան ուժգնացման հետ, ոչ էլ ձեռնափայտ էր։ Դա ընդամենը հովանոց էր, որն օգտագործում էր նաև որպես ձեռնափայտ։

«Ո՞վ է այս երիտասարդը և ամենակարևորը` ի՞նչ գործ կարող է ունենալ վերջինս գյուղի քաղաքական սալոմի հետ»,֊մտածեց վարպետը և գուցե դեռ շատ երկար  կմտածեր, եթե անծանոթը գրպանից չհաներ նոթատետրը և չսկսեր գրառումներ անել։

«Հաաա, հաստատ Լրագրող է» հիասթափված ժպտաց վարպետը և շարունակեց մտածել,֊ ինքը՞, իրա նոթատետրը… Կողքինն էլ հալբաթ սիրածն է, կամ`սկսնակ լրագրողուհի, որին հետը բերել է ստաժիրովկի։ Մեռածը ինչքա՞ն էլ սիրունա։

Իսկապես` երիտասարդին թևանցուկ արած կինն ուներ աչքի ընկնող գեղեցկություն. Ուներ շատ սլացիք կազմվածք, բավականին երկար ոտքեր, որոնք թաքցրել էր երկարաճիտ նուրբ զամշից կոշիկների մեջ։ Երկարաճիտ կոշիկները հասնում էին գրեթե ծնկները, հետ, մի փոքրիկ հատվածում երևում էր, որ հագին կա  սև զուգագուլպա, իսկ ազդրերը փակում էր մուգ դեղնավուն ջոնջոլից բարակ վերարկուն։ Ուներ կլորիկ և համաչափ դեմք. Միջին չափի բերան, փոքրիկ քիթ, խոշոր աչքեր և երկար թարթիչներ։ Սպիտակամաշկ էր և ուներ դեղնավուն մազեր, որոնք խնամքով հավաքել էր եռագույնով ներկված մազակալի մեջ։

Ու վարպետը դեռ երկար ժամանակ կնայեր զույգին` մտքում ենթադրություններ անելով, երբ հանկարծ երիտասարդը գլուխը թեքեց և, երկար նայելով վարպետի կողմը, բռնելով տիկնոջ ձեռքը քայլերն ուղղեց դեպի վարպետը։ Հասնելով վարպետին` զույգը մի պահ կանգ առավ և երիտասարդը կարոտալի ձայնով բարևեց.

֊Բարև վարպետ Անդրե, ինչպե՞ս եք։

֊Բարին արևիդ, տղա ջան,֊աչքերը տրորելով` վարպետը շարունակեց,֊ բայց տեղը չեմ բերում։

֊Արամն եմ,֊հանելով գլխարկը` երիտասարդը շարուկակեց,֊ Արշակի դասարանի Արամը, հիշեցի՞ք։

֊Հա, ոնց չհիշեցի,֊մորուքը շոյելով և գլուխը քքրելով` վարպետը շարունակեց,֊ Վարդգեսի թոռ Արամը չե՞ս։ Բա ասեցին երկրում չես, գնացել ես արտասահման, բա ի՞նչ կա մեր կողմերում։

֊Արտասահման ուսում ստանալու էի գնացել, հիմա վերադարձել եմ հայրենիք,֊մոտենալով և վարպետի հետ գրկախառնվելով` տղան շարունակեց,֊ եկա հարազատ գյուղից կարոտս մի փոքր առնելու։

֊Լավ ես արել, տա Աստված, որ երկար ժամանակով եկած լինես… Դե Արշակս էլ` արդեն իմացած կլինես…

֊Այո, իմացա, շատ ափսոս… Ընդունեք խորին ցավակցություններս,֊ ասելով տղան ահավոր տխրեց` կախելով գլուխը և երկար ժամանակ լռեց։

Մի փոքր լռությունից հետո, երբ տղան փորձեց հարց տալ վարպետին, հանկարծ  գոմի դուռը ճըռռաց. Զրուցակիցները մի պահ դադարեցնելով իրենց զրույցը` միաժամանակ  գլուխները թեքեցին դեպի ճռռոցն այն պահին, երբ  վարպետի կինը, կաթով լի  դույլը ձեռքին գոմից դուրս եկավ ու դեռ չէր էլ հասցրել  դուռը կրկին ճռռոցով փակել, երբ երիտասարդը կարոտից խեղդվող ձայնով դիմեց ուսուցչուհուն.

֊Բարև Ձեզ ուսուցչուհի, ինչպե՞ս եք,֊ զգալով, որ ինչպե՞ս եք հարցը տեղին չէր, մի պահ ամոթից կարմրեց և թուքը կուլ տալուց հետո շարունակեց,֊Ցավով լսեցի Ձեր որդու անդառնալի կորստի մասին, ընդունեք խորին ցավակցություններս։

Ուսուցչուհին, որն արդեն դեմքով շրջվել էր  դեպի երիտասարդը, այլևս չծածկեց գոմի դուռը  և գլխի գլխաշորը ճակատից բարձրացնելով և  զարմացած հայացքով ուշադիր նայելով տղային ` հուզական  ձայնով պատասխանեց.

֊Բարև Արամ, ջան֊ ձեռքի կաթով լի դույլը գետնին դնելով` կրկին  ոտքից գլուխ երիտասարդին լավ  չափելուց  և դեմքին թախծոտ ժպիտ հաղորդելուց ու դեպի երիտադարդը մի քանի քայլ էլ առաջանալուց հետո  շարունակեց,֊ Աստծու բարին քեզ Խաչատրյա՜ն Արամ… Խաչատրյա՞ն էիր չէ։

֊Տեսնում եմ, որ չեք մոռացել, թեև  անցել են 20 երկար ու ձիգ տարիներ,֊դեմքին փոքր֊ինչ զարմանքի նշաններ արտահայտելով պատասխանեց տղան։

֊Դե ես, եթե չես մոռացել, մասնագիտությամբ պատմաբան եմ և հիշելն իմ  մասնագիտական առաջնային և կարևորագույն  զենքն է և բացի դա, գրեթե ամեն օր ես օրվա մեջ մի քանի անգամ ինքս ինձ զրուցում եմ իմ աշակերտներից յուրաքանչյուրի հետ՝ փորձելով վերհեիշել նրանց հետ ունեցած իմ յուրաքանչյուր հարց ու պատասխան  թեմաների քննարկումները` հիշելու, թե  ով, ինչպես և որտեղ էր նստում դասարանում, ով, ինչպես և ոնց էր պահում իրեն դասերին և օրվա մեջ  մի քանի նախկին աշակերտների դեմքեր և դիմագծեր աչքերիս առջև պտտվում են և եթե 100 տարի էլ անցնի՝ դիմագծերի համեմատականով կճանաչեմ իմ յուրաքանչյուր աշակերտին… Նամանավանդ քեզ` Արամ, որ հաստատ կհիշեի, քանզի հարց տալիս դու երբեք դիմացինի երեսին չես նայում, գլուխդ պահում ես խոնարհ, իսկ այդ  գեղեցիկ ու  սև աչքերդ ուղղում ես դեպի գետին։ Հարցը վերջացնելուց հետո էլ պարտադիր քորում ես ծործորակդ,֊ժպտալով պատասխանեց ուսուցչուհին։

֊Այո, այո՜, շատ ճիշտ եք նկատել,֊միջամտեց երիտասարդին թևանցուկ արած տիկինը։

Ուսուցչուհին դեռ չէր էլ հասցրել գեղեցկատես հայուհուն վերից վար չափել, երբ Արամը շտապեց ծանոթացնել.

֊Կինս է՝ Նազենին. Երեք ամիս էլ չկա, որ ամուսնացել ենք։

֊Շատ հաճելի է.Շատ գեղեցիկ կին ունեք, թեև չէի էլ կասկածում… դասարանում դու միշտ աչքի էիր ընկնում ճաշակի քո՝ յուրահատուկ ընտրությամբ։

֊Նմանապես  հաճելի է, ֊ խոսելու հետ նաև գլխով անելով տիկինը  շարունակեց,֊շատ եմ լսել Ձեր մասին, Արամը հաճախ է Ձեզ հիշում և ձեր խոսքերից  մեջբերումներ անում։

֊Հաճախ եք լսու՞մ. Իսկ լա՞վ թե՞ վատ առումներով։

֊Իհարկե լա՜վ առումներով,֊նեղացած հայացքով խայթեց կինը։

Իսկ Արամն այնպես կիտեց հոնքերը, կարծես հասկացնել տալով՝ բա եղա՞վ ընկեր Կյուրեղյան։

֊Բա ի՞նչ կա մեր կողմերում, Արամ ջան։ Լսել էի, որ տեղափոխվել ես Եվրոպա, լավ  ուսում ես ստացել… Մշտակա՞ն բնակեւթյան մտադրությամբ ես վերադարձել։ Հարգում եմ քո որոշումը,֊ մի խորը հոգոց քաշելով` շարունակեց,֊ Այո՜, հողը միայն ներգաղթով կարելի կլինի պահել, արտագաղթով հող չես պահի… Ավելի ճիշտ` կպահես, բայց ուրիշինը։ Գյուղը պետք է ծուխ ունենա… Նամանավանդ քեզ նման ուսյալ պատանին հիմա օդ ու ջրի պես է հարկավոր մեր` կես բուռ մնացած հողին։ Փառք Աստծո՝ աղոթքներս տեղ են հասնում և տարիներ ի վեր մասնագիտականից դուրս սաներիս վրա ծախսած ժամանակս իզուր չի անցել,֊վերջին բառերն արտաբերելով ուսուցչուհին աչքերը հառելով երկինք՝ խաչակնքեց։

Ուսուչուհու խոսելու ողջ ընթացքում գլուխն ամոթից կախած և մինչև ականջների ծայրը կարմրած նախկին աշակերտն իր մեջ գոնե չնչին բարոյականություն գտավ ուսուցչուհուն չխաբելու  և կրկին ուսուցչուհու աչքերի մեջ չնայելով՝ չորացած բերանով հազիվ արտաբերեց.

֊Անկեղծ ասած՝ մշտական բնակությամբ մայրաքաղաք ենք վերադարձել. Կենտրոնում չորս սենյականոց բնակարն եմ գնել, իսկ գյուղ… իսկ գյուղ եկել եմ առաջիկա  ընտրությունների քարոզարշավի,֊վերջացնելով թուքը կուլ տվեց տղան։

֊Հասկանալի է,֊մինչև հոգու խորքը վիրավորված շշնջած ուսուցչուհին, բայց ցույց չտալով, որ հենց նոր կարծես դանակով խոցել էին սիրտը՝ արհամարհելով հարազատ գյուղը և շարունակեց, բայց արդեն խոսակցական տոնը վերածելով նման օտարականի հետ զրույցի,֊հասկանալի է, փաստորեն դու էլ կաս հա՞ այս կապիկություններում։

Կապիկություն  բառը լսելով՝ տղայի դեմքին կրկին ժպիտ եկավ և փորձելով արագ փոխել գյուղի թեման` ասաց.

֊Ինչպես նախկինում նուրբ հումորով համեմված ձեր խոսքն անպակաս է, ընկեր Կյուրեղյան, որը մշտապես առավել ցանկալի է դարձնում ձեզ հետ հանդիպումը։

֊Իսկ գազանանոցի ո՞ր ճաղավանդակում ես տեղավորվել,֊հեգնանքով հարցրեց։

֊Լավ չհասկացա,֊նեղացած հարցրեց տղան, որի կողքին զարմանքից քարացել էր վերջինիս կինը և միայն վարպետ Անդրեն քթի տակ ժպտաց։

֊Չհասկանալու ի՞նչ կա. Չնայած դեռ դպրոցական տարիքից դու միշտ երկու անգամից էիր հասկանում։ Ուզում եմ իմանալ՝ ո՞ր քաղաքական ուժն ես ներկայացնում,֊ասելով դարպասի մոտի ցախավելը վերցնելով  դռան շեմի ձյունն սկսեց մաքրել ուսուցչուհին։

֊Հայաստանի Քրիստոնյա Դեմոկրատական Կուսակցությունը,֊ուսերը թոթվելով և փոքր ինչ էլ  ուսուցչուհու խոսքի տոնայնության կտրուկ փոփոխությունից խառնված` պատասխանեց տղան։

Քրիստոնյա դեմոկրա՞տ…

֊Վարսիկ դե բրախի,֊կողքից փորձեց անդուր  խոսակցությանը խառնվել վարպետը և թեման շեղել… Նկատի ուներ ձյունը մաքրելը, բայց կինը շարունակ կատաղած մաքրում էր և շարունակեց նաև չոր և հեգնական հարցադրումները.

֊Քրիստոնյա դեմոկրա՞տ… և ո՞նց է բացատրվում՝ քրիստոնյաներն են մըխելա դեմոկրա՞տ, թե՞ ավելի շատ դեմոկրատներն են առավել քրիստոնյա ձեր ընկերությունում…

Տղան, որը չէր սպասում այդպիսի անակնկալ և պրովոկացիոն հարցադրման՝ կարկամեց և մի քանի վայրկյան մինչ կմտածեր, թե ինչ պատասխանել՝ ուսուցչուհին շարունակեց.

֊Բա ինչու՞ այն խմբի պես չեք իջնում գյուղամեջ քարոզի,֊  ուսուցչուհին փորձեց արագ թեման փոխել ՝ տեսնելով, որ նախկին աշակերտը վատ վիճակի մեջ է հայտնվել։

֊Դե մեր ժամը դեռ չի եկել,֊սառած քիթը շփելով տղան շարունակեց,֊ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի միջև հստակ համաձայնություն է ձեռք բերվել. Ցերեկային ժամանակը բաժանել ենք հատվածների  և հերթականությամբ պետք է ելույթներ ունենանք։ Հիմա սոցիալիստների հերթն է, որից հետո մեր հերթը կգա… Դեռ մի երկու  ժամ էլ կա,֊ձեեքերը շփելով և սառած ոտքերը գետնին հարվածելով պատասխանեց տղան։

Ուսուցչուհին, ցախավելը հենելով ցանկապատին, ձեռքերն էլ դնելով գոտկատեղին, խորազնին հայացքն  ուղղեց մեկ Արամի կնոջը, որը նույնպես սառած ոտքերն իրար էր դոփում, հետո հայացքն ուղղեց դեպի տղան,, որը ձեռքով փակել էր քիթ բերանը և հոոո էր անում՝ ասաց.

֊Փոխանակ մտածես կնոջդ ոտքերը տաք պահելու մասին… Նոր էլ ամուսնացել եք՝ երեխա ունենալ կա, բան կա… Քեզ հանձնել ես քաղաքական քամիմերին և օվկիանոսի տակ ջրհեղեղներ ես նախապատրաստում,֊ և մի փքր դադարից հետո կրկին շարունակեց,֊ Քաղաքականությունը քո խելքի բանը չէ. Ես քեզ լավ եմ ճանաչում և քաղաքականության մեջ  առաջին զեփյուռին բախվելիս դու կթռչես ինչպես մոխրացած լուցկու չոփը, չես դիմանա, դու շատ արդարամիտ ես, ես հո դա լավ գիտեմ, բայց, այնուամենայնիվ,  եկեք անցնենք ներս, վառարանի կողքին մի փոքր կտաքացնենք սառած ուղեղներս և գուցե այդպես խորհուրդներս տեղ հասնեն։ Թեև նախօրոք ասեմ, որ  լավ հյուրասիրություն չեմ խոստանում՝ ճամփի վրա ենք և մեկ բաժակ թեյից ավելին չեմ կարող հյուրասիրել, բայց հաճելի զրույց ու բարոյախրատական դասերն ապահովված կլինեն։

Նորապսակ  զույգն,  իհարկե, դժվար թե հրաժարվեր առաջարկված հյուրասիրությունից, քանզի անակընկալ ցուրտը սողոսկել էր վերջիններիս մարմինները` սառցնելով բոլոր վերջույթները և տաք թեյն ու վառարանի` կարճ ժամանակյա ջերմությունը չէր խանգարի, նամանավանդ, որ դեռ մի քանի ժամ էլ կանգնելու էին դրսում և դա էր պատճառը, որ զույգն ուրախությամբ ընդունեց ուսուցչուհու առաջարկը  և երիտասարդն  իր կնոջ և ուսուցչուհու ուղեկցությամբ մտան տուն՝  տեղավորվելով հյուրասենյակի  վառարանի կողքին դրված կլոր սեղանի շուրջ։

Հյուրասենյակը, ուր ուղեկցել էին հյուրերին, տան`  ընդարձակ տարածքով  ամենամեծ սենյակն էր, որտեղ ձմեռները տեղադրում էին նաև վառարան, իսկ տան անդամները մեկտեղվում էին հենց այդ սենյակում,քանզի տունը շատ մեծ էր և մեկ վառարանով տունն ամբողջությամբ տաքացնելն անհնար կլիներ ։ Հյուրասենյակ մտնելիս առաջին բանը, որ աչքի էր զարնում, դա ծերունիների զոհված որդու` Արշակի շատ մեծ դիմանկարն էր, որը կախված էր սենյակի ճակատային պատի ուղիղ մեջտեղում, մի շատ  մեծ` պատն ամբողջությամբ ծածկող խալու վրա։ Ընդհանրապես Անդրեի տունը չէր կարելի ասել, որ քարից տուն էր. Դժվար էր ասել, թե ինչու՞, բայց վարպետն իրեն ժառանգություն հասած փայտե տունն ամբողջությամբ չէր քանդել։ Կաղնու հաստ գերաններից շինված հայրական տունը ներսից և դրսից միայն սավաղել էր, գուցե, որ առավել տաք լինի, գուցե հոգևոր պահ կար, բայց դե վարպետի ձեռքը քարի տակ չէր և հանգիստ կարող էր քարից էլ տուն շինել, բայց  նախընտրել էր հինը գեղեցկացնելով։ Եվ բնական է, որ նաև հյուրասենյակի թե՜ հատակը և թե՜ առաստաղը փայտյա էին. Առաստաղը ներկված էր զիլ սպիտակ գույնով, որից կախված էր մի համեստ, բայց իր ոճով աչքի ընկնող  ջահ, որն ուսուցչուհին ժամանակին իր հետ բերել էր որպես օժիտ, իսկ հատակը նախընտրել էին ներկել մուգ կարմիր, հավանաբար գույնը բռնացնելով պատերի գույնի հետ, որի համար էլ  նաընտրել էին  թույլ դարչնագույնը։ Պատին կախված նկարի տակ դիրված էր մի մեծ մոմակալ` վրան կիսավառ զույգ մոմերով։ Դրանից աջ` դեպի բակը նայող պատն էր, որն իր վրա ուներ երեք մեծ պատուհաններ, որոնց միջոցով էլ հիմնականում լուսավորվում էր հյուրասենյակը։ Պատուհանները ծածկված էին մետաքսե նուրբ վարագույրներով, թեև կողքերից հավաքված կային նաև գիշերային ատլասե մուգ դարչնագույն վարագույրներ։ Հենց այս պատի տակ էլ` առաջին և երկրորդ պատուհանների արանքում դրված էր մի թաղթ, որի վրա քնում էր վարպետը, իսկ երկրորդ և երրորդ պատուհանների արանքում դրված էր գեղեցիկ կամոդ։ ճակատային մյուս պատի տակ, որտեղից մուտքն էր հյուրասենյակ, դրված էր վառարանը, մի փոքր այն կողմ  դույլով ջուր, իսկ դույլի բերանը փակող կափարիչի վրա կործած էր մի մեծ բաժակ։ Հյուրասենյակի վերջին` չորրորդ պատի տակ դրված էր բազմոց, որը գիշերները ուսուցչուհու համար ծառայում էր որպես մահճակալ, իսկ բազմոցից մի փոքր այն կողմ կանգնած էր   մի սերվանտ, որի միջից էլ, մինչ վարպետը  վառարանը երկու կտոր փայտ կգցեր, ուսուցչուհին հանեց թեյի սպասքը և զգուշությամբ , բայց այնուամենայնիվ թեթև զնգզնգոցով բերելով, շարեց  սեղանին՝ հյուրերի դիմաց, այնուհետև հետ գնաց սերվանտի մոտ, բացեց սերվանտի աջ դուռը և  հանելով իր պատրաստած տարբեր մրքերի չրով զարդարված մի մեծ աման, վառարանի վրայի թեյնիկից թեյը լցրեց բաժակները, նստեց սեղանի շուրջը՝ ուղղիղ Արամի դիմաց և սկսեց.

֊Դե հիմա հանգիստ ասա, թե ի՞նչ ցավով ես եկել գյուղ, բայց առանց նախաբանի, թե  ներկայացնում ես այսինչ քաղաքական ուժը, առջևում ընտրություններ են և այլն… Սկսիր քարոզչության նպատակից։

֊Դե, եթե առանց նախաբանի,֊ երկու ձեռքի ափերով գրկելով թեյի բաժակը` երիտասարդը շարունակեց,֊ ապա եկել եմ գյուղ իմ ընկերներից, հարազատ բարեկամներից, ինչու չէ նաև ձեզանից խնդրելու ձեր քվեն տալ մեր քաղաքական ուժին… Ու, եթե հարկ կա՝ ծրագիրը մանրակրկիտ կներկայացնեմ։

֊Ծրագրում եթե կան կետեր՝ թոշակները նվազեցնելու, աշխատատեղերը փակելու, կրթությունը և կրթական համակարգը քանդելու մասին , ապա հետաքրքիր կլիներ լսելը,֊ասելով` ուսուցչուհին վեր կացավ տեղից և սերվանտից հանելով մի գդալ, տեղավորեց մեղրով լի ամանի մեջ։

֊Ոչ ի՞նչ եք ասում,֊զարմացավ երիտասարդը և ակնոցները մաքրելով թաշկինակով, շարունակեց,֊  հակառակ..։

֊Դե, եթե չկան, ապա անցնենք առաջ և պլագիատ ծրագրի վրա ժամավաճառությամբ չզբաղվենք,֊ թույլ չտալով երիտասարդին շարունակել խոսքը` ուսուցչուհին շարունակեց,֊ Ասում ես՝ ի՞մ ձայնն ես խնդրում, իսկ իմ ձայնը այդքան կարևո՞ր է… Ուրեմն տարիների խորհուրդներս հեչ, բարոյախրատական դասերս հեչ, ազգային և հայրենասիրական խորհուրդներիս վրա թքած ունես, բայց ձայնս կարևոր է հա՞, ու  փաստորեն մեր՝ իմ և քո մեջ կնքվելիք գործարքը միակողմանի շահադիտական է, ոնց հասկանում եմ։

֊Ո՜չ, ինչ եք ասում ընկեր Կյուրեղյան,֊ակնոցները կրկին դնելով աչքերին` երիտասաչդը շարունակեց,֊ ներեցեք, բայց գոնե այս հարցում սխալվում եք։

֊Իսկ եթե ասեմ՝ այս գյուղի ծնունդ ես, այստեղ ես ծնվել ու սա է քո տունը, միաժամանակ դպրոցն էլ քո կարիքն ունի, կտեղափոխվե՞ս գյուղ՝ կարևորություն տալով իմ խոսքին,֊ասելով` բարկացած ուսուցչուհին բռունցքով թեթև հարվածեց սեղանին։

֊Չեմ կարող. Մայրաքաղաքում արդեն տեղավորվել եմ և բացի դա գյուղում ինձ կապող բան չկա,֊գլուխը մի պահ կախելով և կրկին բարձրացնելով, տղան շարունակեց,֊հաստատ չեմ կարող։

֊Տեսնու՞մ ես, որ շտապեցիր իմ սխալվելու հարցում և մեղադրանքներդ հիմք չունեին։ Պարզ է չէ՞, որ եթե խոսքս արժեք չունի, քվես առավելևս չի ունենա,֊վրա բերեց ուսուցչուհին։

֊Դե, դա եթե մի կողմից ենք նայում,֊ քանդելով օձիգը և վիզը տարուբեր անելով երիտասարդը շարունակեց, բայց այ եթե նայենք ազգային և պետականամետ դիրքերից, ապա յուրաքանչյուրի քվեն դա մի մասն է ամբողջի… Իսկ ընդհանուր առմամբ ամբողջի մեջ ինքը դառնում է ժողովրդի քվե։ Պետության կայացման, զարգացման գործում ժողովրդի լեգիտիմ քվեն շատ կարևոր գործոն է… ԵՎ կարելի է ասել՝ պետության հաղղթանակի հիմնական գրավականը։

֊Դու որտե՞ղ էիր բարձրագույն կրթություն ստացել, որ հիշեցնեիր՝ շնորհակալ կլինեմ։

֊Օքսֆորդում… Բակալավրիատը Օքսֆորդում, իսկ մագիստրատուրան…։

Տղան չհասցրեց ավարտել միտքը՝ ուսուցչուհին շարունակեց.

֊Ժողովո՞ւրդ… ժողովրդի՞ քվե և  հլա ասում ես, որ այն շատ կարևո՞ր է։ Եթե իմ քվեն արժեք ունենար, իմ անունը ժողովու՞րդ կլիներ։

֊Բա ի՞նչ կլիներ,֊հուզված հարցրեց երիտասարդը։

֊Ո՞նց թե ինչ. Արիստոկրատ, գոնե ազգ… լա՜վ, գոնե ցեղ, որը ցեղային մության, այնուհետև ազգի վերածվելու  հույսեր է ներշնչում։ Թե չէ ասում ես՝ ժողովուրդ՝ խառնամբոխ… բոլոր ժամանակների և բոլոր հանրությունների շպրտված  թերմացք։ Հանրության շերտերի մեջ ամենաստորադադն ու ամենաառհամրվածը։ Ամենաարհամարհական պիտակը կպցնում ես, հետն էլ ասում՝ քո ձայնը արժեք ունի, ինչը քեզ՝ որպես Օքսֆորդի շրջանավարտի պատիվ չի բերում։ էն օրն էլ Մարոն՝ ակոպանց Վարազդադի կինն էր եկել,  էս նեղ սրտիս, որդուս տարին դեռ չի լրացել, եկել ու ձայն էր մուրում, բա թե ընկեր Կյուրեղյան ժողովրդի ձայնը որոշիչ է, չեք լսե՞լ՝ այդպիսի խոսք կա՝ ձայն բազմաց, ձայն Աստծո։ Ասեցի՝ չէ՜, չեմ լսել… Ականջակալներ միայն դու ունես և միայն դու լսած կլինես։ Պորտը տեղը դրի՝ գնաց։ Հլա մտքիս մեջ էլ հիշեցի Անդրեի սիրած հայհոյանքներից մեկը՝ «նանիդ կոճերը թուլանան հա» ինձ ասում է՝ չե՞ս լսել։

Ժողովուրդ, քվե, ընտրություն…

֊Բա էլ ու՞ր մնաց ժողովրդավարությունը ընկեր կյուրեղյան,֊երկու ձեռքերի ափերով գրկելով թեյի տաք բաժակը, ձեռքերը տաքացնելով, դեմքին մոտ պահած և բաժակից դուրս եկող գոլորշով էլ հաճելի տաքացնելով սառած դեմքը՝ խոսակցությանը խառնվեց Արամի կինը՝ շարունակելով՝ դրսում 21֊որդ դարն է և աշխարհն օր օրի զարգանում է և առանց ժողովրդավարական ինստիտուտների կայացման հնարավոր չէ քայլել աշխարհին համաչափ,֊միտքն ավարտելուց վերջապես անելով թեյի առաջին կումը։

֊Բա ես էլ հենց դա եմ ասում էլի՝ որքան արագ է զարգանում աշխարհը, այնքան անիրավունք ու անօգնական ենք մնում մենք՝ հասարակ մահկանացուներս,֊ չրից էլ օգտվիր աղջիկ ջան, թե չէ դատարկ թեյից ստամոքսդ կքամվի,֊կծու տոնով վրա բերեց ուսուցչուհին  և մի հուսահատ հոգոց քաշելով շարունակեց,֊ էլի ասում ես ժողովուրդ, ժողովրդավար։

֊Ու թողնենք, որ ազգը կորչի գլոբալիզմի փոթորկի մե՞ջ,֊թեյի բաժակից երկրորդ կումն անելով` ոգևորված շարունակեց երիտասարդի կինը,֊ ու հետո ամբողջ կյանքում տանջվենք, որ կարող էինք մի բանով օգնել, բայց չարեցինք։

֊Գլոբալիզմից փրկեք ազգի՞ն,֊մի պահ քարացավ ուսուցչուհին և զարմացած հարցրեց,֊ո՞ր ազգին նկատի ունեք։

֊Իհարկե հայ ազգին,֊միջամտեց երիտասարդը։

֊Իաաա,֊արդեն ուսուցչուհին զարմացած նայեց երիտասարդին,֊ուրեմն դուք մտադրվել եք գլոբալիզմից փրկել առաջին գլոբալիստ ազգի՞ն։

֊Ինչպե՞ս, թե,֊խառնվեց երիտասարդը։

֊Բա երկու հազար տարի առաջ քրիստոնեությունը` առաջին գլոբալիստական գաղափարախոսությունը կարողա՞ ացտեկներն էին ընդունում,֊ժպտալով պատասխանեց ուսուցչուհին։

֊Ինչի քրիստոնեությունը գլոբալիստական գաղափարախոսությու՞ն է,֊թեյի բաժակը սեղանին դնելով` փոքր ինչ բարկացած հարցրեց Նազենին։

֊Դու՞ ք էլ եք Օքսֆորդն ավարտել,֊հեգնեց ուսուցչուհին։

֊Արամի հետ նույն կուրսից եմ եղել,֊անձեռոցիկով շուրթերը սրբելով պատասխանեց նազենին։

֊Քրիստոնեությունը տեղայի՞ն, թե՞ համաշխաչհային կիոն է համարվում։

֊Համարվում է համաշխարհային։

֊Բա դրա էլ ինչը՞ գլոբալ չի։

֊Ակնարկում եք, որ…։

Տո, ոչ էլ ակնարկում եմ. ես պնդում եմ, որ մոլորակի վրա առաջին գլոբալիստը եղել է Հիսուսը, իսկ վերջինիս գլոբալիստական գաղափարախոսությունն ընդունողը` մեր ազգը, որին փորձում եք փրկել գլոբալիզմից,֊ծիծաղեց ուսուցչուհին և շարունակեց,֊ոնց որ ձկներին փրկես ջրից հանելով, այ քեզ բան։

Երիտասարդ կինը, տեսնելով, որ իր ամուսինը, ով մեծ հույսերով և ակնկալիքներով պատրաստվում էր մուտք գործել մեծ քաղաքականություն ու, միյնույն ժամանակ, լինելով  քաղաքագիտության թեկնածու, անակընկալ  պարտվում էր  քաղաքական բանավեճի առաջին իսկ ռաունդում, այն էլ ու՜մ` մի հեռավոր և խուլ գյուղի ուսուցչուհու, որի գրագետ և դիպուկ խոսքերի, կարելի է ասել` ռմբակոծության հետևանքով, ամուսինը կախել  էր գլուխը` ափի մեջ վերցնելով կարմրած ճակատը` որպես հակադարձի համաձայնության նշան, և չէր էլ պատրադտվում իրավիճակը փրկելու` գոնե՜ փորձ ձեռնարկել` ասելիք չունենալու պատճառով, որոշեց` իրավիճակը փրկելու ակնկալիքով հարձակման նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը։ Վերջինս ձեռքի թեյի բաժակը բարկացած դնելով սեղանին, ուսերին ձգեց թիկնոցը և թունոտ հայացքն ուղղելով դեպի ուսուցչուհին հեգնական տոնով հարցրեց.

֊Բա հայրենիքի և հայրենասիրության գաղափա՞րը, դրան ի՞նչ կասեք։

Ուսուցչուհին, որ երկար ժամանակ մատների ծայրով գդալը զընգզընգացնում էր թեյի բաժակի մեջ` խառնելով շաքարավազը, մի պահ դադարեցրեց  խառնել թեյը, և առանց գլուխը բարձրացնելու կրկին սկսեց դանդաղ զընգզընգացնելով խառնել` ազդելով զրուցակիցների նյարդերի վրա և աչքերն հառած գդալի պտույտներին` շատ հանգիստ պատասխանեց` առանց զրուցակցի կողմը թեքվելու.

֊Իմ խորին համոզմամբ` հայրենասիրությունը չի տեղավորվում գաղափարի սահմաններում։ Դա ավելի շուտ զգացմունք է, այնպես չէ՞,֊գլուխը թեքելով դեպի զրուցակիցը` ուսուցչուհին քթի տակ ժպտալով շարունակեց` հայրենասիրությունը ի՞նչ գաղափար, սովորական զգացմունք է, որը տարբեր մարդկանց մոտ դրսևորման տարբեր աստիճաններ ունի։

֊Բա  հայրենի՞քը,֊թուքը կուլ տալով հարցրեց երիտասարդ կինը։

֊Հայրենիքը,֊գդալը բաժակից հանելով և ամանի մեջ դնելով` ուսուցչուհին շարունակեց,֊հայրենիքը ինչ֊որ առումով հարաբերական հասկացություն է։

֊Ապա, ապա,֊խոսակցությանն արդեն խառնվեց մինչ այդ բերանը ջուր առած երիտասարդը։

֊Ապան չգիտեմ,֊շուռ գալով երիտասարդի կողմը` նախ մի հատ հայացքով խեթեց և շարունակեց,֊այսինքն հայրենիքը դա մի թաս խնձոր չէ, որ դնես կշեռքին և ասես` էսա, դա մի գաղափար է, որի ընկակումը տարբեր տարիքային շերտերի, սոցիալական տարբեր խմբերի և այլոց կողմից տարբեր ձևով կարող է ընկալվել։

Մեկը երիտասարդ է ու կորցնելու բան չունի, մեկն էլ գտել է ու կորցնելու ունի, իսկ մեկ ուրիշն էլ կորցրել ու գտնելու չունի, այս երեքը ո՞նց կարող են միևնույն ընկալումն ու պատկերացումն ունենալ որևէ իրողության մասին։

֊Տարիքն ի՞նչ կապ ունի հայրենասիրության հետ,֊աչքերը չռելով ուսուցչուհու վրա և հունից դուրս գալով` գրեթե բղավեց երիտադարդ կինը։

֊Որ ուզում ես իմանալ, ընկալման և պատկերացումների հետ հե՜նց տարիքը կապ ունի,֊ այս անգամ չնայելով անգամ կնոջ կողմը` ուսուցչուհին շարունակեց,֊օրինակ ես` գրքեր կան, որ մի քսան անգամ կարդացել եմ և ամեն տարիքում կարդալիս տարբեր ձևով եմ ընկալել տվյալ ստեղծագործությունը։

֊Վարսիկ դե բրախի՜,֊զրուցակիցների խոսակցությունն ուշադիր լսելով` խոսակցությանը միջամտեց թաղտին  թինգը տված վարպետ Անդրեն` զգալով, որ  սեղանի շուրջ հավաքված զրուցակիցների քաղաքական թեժ բանավեճի պատճառով  տանն անախորժ մթնոլորտ է սռեղծվում,֊բրախի՜, աղաթթվի հոտ եմ առնում։

֊Բայց ի՞նչ է եղել, որ,֊թեքվելով դեպի ամուսինը` զարմացած հարցրեց ուսուցչուհին` թոթվելով ճլորած ուսերը։

֊Իսկ…

Դեռ չէր հասցրել երիտասարդը միտքն ավարտել, երբ ուսուցչուհին շարունակեց.

Եթե մի կողմ թողնենք այն, որ հայրենիքի գաղափարը  մեկի համար գերմեզման է, մյուսի համար մշակույթ, երրորդի համար ցեղի պատկանելիության հատկանիշ, ասել կուզե, որ եթե հոգևոր պահը մի կողմ թողնենք, ապա, իմ կարծիքով հայրենիքը նույնիսկ գաղափար էլ չէ։ Երկու կողմերի` բնակավայրի և բնակչի միջև սովորական տալ֊առնելու չգրված գործարք է, որի ամրության հիմնական գրավականը տալ֊առնելն է։ Որտեղ տալը միակողմանի չպիտի լինի։ Կողմերը և՜ պետք է տան, և՜ պետք է ստանան։

֊Բայց նախագահներից մեկն ասել է, որ…

֊Դա էլ գիտենք, մի երկու բան էլ մենք կարդացած կլինենք,֊կրկին ընդհատելով երիտասարդին` ուսուցչուհին շարունակեց,֊Քենեդին է ասել և ասել է այն ժամանակ, երբ տեղը նեղ էր։ Արդյո՞ք լավ ժամանակներում դա կասեր, կամ, որ Քենեդին չլիներ էլի կասե՞ր։ Այնպես չէ, որ իմ աշակերտներին և նման բաներ եմ պատմում։ Ավելին` ասում եմ լրիվ հակառակը, քանզի տվյալ պահին գտնում եմ, որ դա է օգտակարաը։ Ասել կուզե, որ ժամանակաշրջանն ու իրավիճակն էլ են ազդում ինչը֊ոնց ասելու վրա։ Մյուս կողմից էլ` փաստորեն, եթե Քենեդին ծնված չլիներ, չէինք իլանալու, թե հայրենիքը որն է, ասա մեռնենք էլի։

֊Փաստորեն դուք` ուսուցչուհի, գտնում եք, որ հայրենիքը պե՞տք է տա և ոչ հակառա՞կը,֊հիասթափված տոնով հարցրեց երիտասարդը։

֊Ես նման հիմարություն, կարծում եմ` ինձ թույլ չէի տա։ Ես ասացի, որ տալ֊առնելը պետք է լինի երկուստեք… Քանզի վերջինից է ծնվում զգացմունքը, որին ասում ենք հայրենասիրություն։ Եթե միայն մի կողմը տա, դա նույնն է, որ զգացմունքը լինի միակողմանի։ Օրինակ սե՞րն էլ է չէ զգացմունք և դուք` երիտասարդ և նաև  որպես Եվրոպայի  լավագույն ԲՈՒՀ֊երում ուսում առած երիտասարդ, պետք է որ լավ իմանաք, թե ինչ կարող է ծնվել միակողմանի սիրուց,֊ խոսքն ավարտելով և նայելով երիտասարդի աչքերի մեջ` ուսուցչուհին սպասեց պատասխանի։

֊Լավ էլի Վարսիկ, ասի` բրախի,֊մի փոքր զայրանալով թինգը տված տեղից թաղտին նստեց վարպետը, հանգիստ թող էրեխեքին, հո լվացած բուրդ չե՞ն, որ անխնա չըփխըմ ես։

Ուսուցչուհին ուշադրություն չդարձնելով ամուսնու ասածին` դեռ շարունակում էր ուշադիր նայել երիտասարդի ուղիղ աչքերին` սպասելով պատասխանի։

֊Ատելություն,֊չորացած բերանով մի կերպ արտաբերեց երիտասարդը,֊միակողմանի զգացմունքից կարող է ծնվել միայն ատելություն։

֊Հիմա հասկացա՞ր,֊մի խորը հոգոց քաշելուց հետո` ուսուցչուհին շարունակեց,֊հասկացա՞ր, թե ինչու՞ ժողովուրդը սեփական ձեռքերով խեղդեց իր սեփական  հայրենիքին։

֊Ես չհասկացա՞,֊աչքերը ոլորելով ամուսնու վրա, տպավորություն ստեղծելով, թե իբր էս դու՞ էլ անցար թշնամու կողմը, երիտասարդ կինը շարունակեց,֊ ուզում եք ասել, որ ընդհանրապես մտածող չկա՞, ընդհանրապես հայրենասեր չկա՞։

Ուսուցչուհին, արդն կարծես հոգնած լաքապատ տիկնիկի հեգնական տոնից, կիսազզվանքով շրջվելով վերջինիս կողմը դանդաղ խոսեց.

֊Մեկ էլ օրը գնացել էի պոլիկլինիկա. Բժիշկն ասեց, որ բարեբախտաբար սիրտդ լավ վիճակում է։ Բա մնացած օրգաննե՞րս` լյարդ, երիկամ, թոքեր` հարցրի… Ձեռքը հուսահատ թափ տվեց։

֊Ու՞, ֊հարցրեց երիտասարդ կինը։

֊Ու այն, որ միայն սիրտը բավարար չէ առողջության համար։ Գուցե սրտից ոչ կարևոր, բայց այնուամենայնիվ այլ կարևոր օրգանների առողջ լինելն էլ է կարևոր… Միայն սրտի լավ լինելով  բան դուս չի գա, ավելին` խարաբ օրգանները, ժամանակի ընթացքում սիրտն էլ շարքից կհանեն,֊տխուր պատասխանեց ուսուցչուհին` կրկին խորը հոգոց հանելով։

Որոշակի դադարից հետո լռությունը խախտեց երիտասարդը` դիմելով վարպետին` դու ի՞նչ կասես, վաիպե՜տ։

Վարպետ Անդրեն, որ այդ ընթացքում բարձրացել էր թաղտից, շարժվեց դեպի վառարանը և,կռանալով ու վառարանի մեջ երկու կտոր փայտ գցելով, եկավ սեղանի մոտ, քաշեց աթոռն ու նստելով աթոռին և շոյելով ափի մեջ վերցրած կզակի թրաշը` հանգիստ սկսեց.

֊1993 թվականն էր. Վարսիկի հետ գործով գնացել էինք Երևան։ Երբ նոր էինք ամուսնացել, մի փոքր ֆինանսի պակաս էինք զգում և Վարսիկը, բացի ուսուցչական աշխատանքը զբաղվում էր նաև լրագրությամբ… Դե թերթերում գրըմ֊մըրմ էր ու մի քանի կապեկ էլ ըտիան էր գալիս։ Մի շարք էր սկսել` հայրենիք, հայրենասիրություն թեմայով… Հարցազրույցներ էր վերցնում ճանաչված դեմքերից և հրապարակում թերթերում։ Հա, ինչպես ասեցի` 1993 թվականն էր ու Երևանում մտանք մետրո` «Բարեկամություն» կայարան։ Մի երկու մետր էլ չէինք քայլել, երբ Վարսիկն ասեց` հլա էն մարդուն նայիր` մեր համակուրսեցի դոկտորն է, էս ի՞նչ օրն է ընկել, մի անկյունում մի գարդոնի տուփի վրա լուցկի էր վաճառում։ Մեծ տուփը` 10 հատ գնում էր ութսուն դրամով և հատը տաս դրամով վաճառում էր` արանքում 20 դրամ վաստակելով։ Չմոտեցանք` մտածելով, որ թող իրեն վատ չզգա, քանզի ուսանող ժամանակ շատ էինք շփվել և հաստատ վատ կզգար։

Նոր էինք շուռ եկել ու մի քանի մետր գնացել, երբ հետևից դոկտորը` այդպես էինք ասում, քանզի գիտությունների դոկտոր էր, մեր հետևից գոռաց` Կյուրեղյա՞ն, էս չտեսնելու ես տալի՞ս, թե՞ մենք արժան չենք…

Մոտեցանք… Շատ սրտաճմլիկ պահ էր։ Մեր առջև կանգնած էի հյուծված, մաշված շորերով և ոտնամաններով մի մի մարդ, ով «պերեստրոյկա» մախինացիաների ժամանակ կորցրել էր ամեն ինչ։ Մեր միջև խոսակցությունը կարճ տևեց` մի քանի բառ։ Վարսիկին շատ կոպիտ ասաց.

֊Էդ, որ գնում ես մի գեներալի տուն, որ բանակի բենզինի հաշվին ոսկու մեջ ապրում է ու հարց ես տալիս հայրենիքից ու հայրենիքի վեհ գաղափարից ու կարծում ես ի՞նչ պիտի պատասխանի տեսախցիկի առջև, մտածում ես, որ կասի, թե հայրենիքը վա՞տ բան է։ Էդ, որ հայրենիքի գործարանը պարսիկի վրա խուռդած ու էդ փողով դղյակ կառուցած նախարարի տուն ես գնում ու հարցնում հայրենիքի վեհ գաղափարից, հետո էլ ամպագորգոռ հոդվածներ տպում, մտածում ես, որ վերջինս կասեր` հայրենիքը քըխա՞։ Բա խի՞ մի օր էլ ինձ նման մարդուց հարցազրույց չես վերցնում, մարդ, ով ԳԱԱ պատվավոր անդամ է, գիտությունների դոկտոր և լինելով բազմաթօվ գյուտերի հեղինակ` այսօր չսատկելու համար մետրոյում լուցկի է վաճառում, բա խի՞ մի օր էլ ինձանից հարցազրույց չես վերցնում և հարցնում` այ շան տղա, դու հայրենիք ունե՞ս, հը՞, ունե՞ս։

֊Հետո՞,֊շունչը պահած հարցրեց երիտասարդը։

֊Հետո էլ ի՞նչ հետո, գլուխներս կախ հեռացանք, եկանք տուն, Վարսիկը լրագրողական գրիչը նետեց վառարանի մեջ ու պըրծ… Հետոն էդքանով վերջացավ,֊ասելով ծխամորճը վառեց վարպետ Անդրեն ու վառեց հենց 10 դրամանոց լուցկիով։

Երկար լռությունը խախտեց երիտասարդը.

֊Հիմա ի՞նչ, վարպետ, թողնենք, որ գլոբալիզմը ճզմի նաև Հայաստանը՞,֊հիասթափության առոգանությամբ հարց ուղղեց Արամը` տխուր հայացքով նայելով վարպետի ուղիղ աչքերի մեջ։

Վարպետը, որ սպասում էր նման հարցի` անակնկալի չեկավ։ Նախ` մի հոգոց քաշեց, հետո ձեռքի մատներով մի փոքր մաժմըժեց կնճռոտված ճակատը, այնուհետև շոյելով մորուքը, կրկին հոգոց քաշելով` շարունակեց.

֊Գլոբալիզմը, երիտասարդ, Երկիր մոլորակի համար այլևս դարձել է էվոլյուցիոն պրոցես։ Իմ խորին համոզմամբ` այն այլևս դուրս է եկել մշակույթի, գաղափարի, ինչպես նաև  համաշխարհային գաղափարախոսության շրջանակներից և այս պահին ոչ այլ ինչ է, եթե ոչ էվոլյուցիոն պրոցես։ Ավելին, նրանք, ովքեր փորձում են կանգնեցնել վերջինիս ընթացքը` ցավով եմ նշում, որ ամենայն հավանականությամբ կմատնվեն անհաջողության, քանզի դա նույնն է, որ փորձես կասեցնել մոլորակի պտույտը, որի կանգը ավելի աղետալի հետևանքներ կունենա,֊ասելով` վարպետը ձեռքի ծխամորճը երեք անգամ թեթև կըտկտացրեց սեղանին, որից հետո շարունակեց,֊իսկ ինչ վերաբերում է մեր քվեին, անկախ մեր ունեցած խոսակցությունից, անկախ ուսուցչուհուդ նեղսրտվածությանը` միևնույն է, որ մենք մեր քվեն  հաստատ ձեզ կտայինք, նամանավանդ, որ մեր աչքի առաջ մեծացած, առաքինի երիտասարդ ես, բայց ցավում եմ, քանզի այսօր մենք լքելու ենք գյուղը և ընտրության օրն այստեղ չենք լինելու, իսկ գյուղը լքելու թեմայով կգերադասեի, որ հարցեր չտաք…Առանց այդ էլ սիրտս նեղված է։

Երիտասարդը, որ ցանկանում էր հարց տալ, բայց հիշելով վարպետի պահանջը` գլուխը կախեց` ընկնելով մտքերի մեջ և գլուխը բարձրացրեց միայն այն ժամանակ, երբ տան դուռը թակելուց հետո ներս մտավ մի երիտասարդ ու բարևելուց հետո շարունակեց.

֊Բիձիկ, Տեր Հակոբը բակում կանգնած քեզ է սպասում, ինձ էլ ուղարկեց, որ քեզ  ձեն տամ։

֊Տեր Հակոբը՞,֊շրջվելով դեպի եղբորորդին զարմացած հարցրեց վարպետը։

֊Եղբա՞յրս,֊զարմացավ նաև ուսուցչուհին և շարունակեց,֊հավանաբար գիտի, որ հյուրեր ունենք և չի ցանկանում մեզ կտրել հյուրերից,֊ասելով փորձեց տեղից վեր կենալ, բայց վարպետը, ձեռքը դնելով կնոջ ուսին` ասաց.

֊Դու մնա հյուրերի մոտ, ես հակոբին կդիմավորեմ։

Տեր Հակոբը ուսուցչուհու եղբայրն էր և վարպետի աներորդին, ինչպես նաև ուսուցչուհու հայրական գյուղի եկեղեցու քահանան։ Ու քանի որ վարպետի գյուղը եկեղեցի չուներ, ծիսական արարողությունների ժամանակ Տեր Հակոբին էին հրավիրում գյուղ և վերջինս հաճախ էր լինում այս կողմերում, բայց որ հասներ տան մոտ ու շեմքից ներս չմտներ, դա մի տեսակ տարօրինակ էր։ Բայց, այնուամենայիվ, վարպետը մտքում  կանխագուշակում էր Տեր Հակոբի այցելության նպատակի, շեմից ներս չմտնելու , ինչպես նաև,սպասվելիք տհաճ խոսակցության մասին։ Եվ տընքալով վեր կենալով ու բուշլատն էլ գցելով ուսերին` վարպետը դուրս եկավ բակ։ Դուրս գալով բակ և տեսնելով, որ Տեր Հակոբի հետ կանգնած է նաև իր հարազատ քրոջ որդին` Գարուշը, խոսակցությունը սկսեց հեգնական տոնով.

֊Գարու՞շ, էս արդեն դու՞ էլ ես անցել թշնամու ճամբար։

֊Տեր Հակոբն է, քեռի՜,֊զարմացավ Գարուշը և շարունակեց,֊ի՞նչ թշնամի։

֊Բա թաթոսանց Անդրեի դուռը եկողն ու շեմքից ներս չմտնողը կարո՞ղ է բարեկամ լինի,֊ասելով հայացքն ուղղեց դեպի Տեր Հակոբը։

Տեր Հայրը, որը մինչ այդ էր մտահոգ և նյարդային շարժումների մեջ` բակում անկանոն քայլում էր, ավելի բարկացավ, մի քանի քայլ առաջ գալով և մատը վարպետի վրա թափ տալով` դիմեց վերջինիս.

֊Դու ճիշտ կանես, որ չպղտորես երիտասարդի հոգին` թշնամանք սերմանելով բարեկամ֊հարազատական կապերի մեջ։

֊Ասելիքդ միանգամից ասա՜, Հակոբ, ասա այն, ինչի համար եկել ես֊ձեռքը թափ տալով` վարպետը շարունակեց,֊ թե չէ Գարուշին ներկայացնելն այս պահին տրամաբանությունից դուրս է… Գարուշն իմ տանն է մեծացել։

֊Ասելիքս ես ուզում լսել,֊մի երկու քայլ էլ առաջանալով Տեր հայրը շարունակեց,֊ Արշակի գերեզմանին ձեռք չտաս։

֊Արշակն իմ որդին է և նրա գերեզմանը նաև իմ գերեզմանն է ու դու չպիտի ասես, թե ես ինչ անեմ։

֊Գերեզմանը չքանդես,֊կրկին մատը թափ տալով վարպետի վրա Տեր Հակոբը շարունակեց,֊գերեզմանից աճյուն հանելը սրբապղծություն է, էլ չեմ խոսում այն մասին, որ Արշակը նաև իմ զարմիկն է, էլ չասեմ, որ դրան Վարսիկն էլ է դեմ, այնպես, որ չփորձվե՜ս հանել աճյունը։ Չանես նման բան, այլապես կանիծեմ… Մի տանջիր էն կնգան, կերար էլի քրոջս կյանքը։

֊Ո՞վ կերավ քրոջդ կյանքը. Էդ, որ տարին մեկ տասհազար դրամի խաթեր գալիս ես գյուղ թաղում անելու ու ձեռի հետ էլ տաս րոպեով մտնում քրոջդ տեսության, էդ դու՞ ես մտածում Վարսիկի մասին,֊բռունցքները ճըտճտացնելով սեղմելով առաջ եկավ վարպետն ու գրեթե բղավեց,֊ մենակ ճիշտն ասա` Մաթոսանց Մացակը, որ չմեռներ, դու գալու՞ էիր ու թեկուզ գերեզմանի թեմայով, կգայի՞ր։

Անդրեի կատաղությունից մի փոքր վախեցած` Տեր Հայրը չընկրկեց, բայց խոսակցության տոնն իջեցնելով, այնուամենայնիվ շարունակեց.

֊Ես իմ ասելիքն ասեցի. Կանիծեմ, եթե գերեզմանը քանդես։

֊Այսինքն, դու քո կարճ խելքով մտածում ես, որ առաջիկա դելիմիտացիայից հետո, երբ  ամբողջ  գյուղը`գերեզմաններով հանդերձ, թշնամուն անցնելու պարագայում, ճիշտը Արշակի աճյունը թշնամուն թողնե՞լն է։

֊Լսի՜ր, Անդրե՜, ժամանակից շուտ հեքիաթներ մի հորինիր։ Ինձ բարձր տեղերից տեղեկություն է հասել, որ ռուսիո ցարը անձամբ է հետևում իրադարձություններին և խաղաղության պայմանագրից հետո խաղաղ ապրելու ենք թուրքի հետ։

֊Մի տարածքում թուրքի հետ խաղաղ ապրելը ո՞րն է, որ բախչիս մի կեսում ես լինեմ, մյուսում թուրքը՞։

֊Կրկնում եմ` ռուսյո ցարն անձամբ է շահագրգռված դրանում։

֊Տո դե գնա, քո ռուսյո ցարի մերը…

֊Ամաչի՜ր գոնե, Անդրե։ Ես ինֆորմացիա ունեմ։

֊Էն ինֆորմացիաների՞ց է, որ պատերազմից առաջ էլի կարևոր տեղերից ստանում էիր ու համոզում, որ ռուսյո ցարը պատերազմ թույլ չի տա, ես դրա մերը…Ումի՞ց ամաչեմ, Հակոբ։ Ուրեմն դու մտածում ես, որ Անդրեն էն տղենա, որի կինը լոբու մարգում լինի ու մյուս մարգից Թոֆիկը գա ու կնոջս ասի` ծի՜կ, էդ կարծիքի՞ն ես իմ մասին։

֊Դու անուղղելի ես, քեզ հետ խոսելն անիմաստ է, բայց վերջին անգամ եմ ասում` գերեզմանին ձեռք չտաս։

֊Գերեզմանին արդեն ձեռք եմ տվել, աճյունն էլ նկուղում է ու կտանեմ ինձ հետ, ուր կգնամ և կթաղեմ այնտեղ, որտեղ կհաստատվեմ։

֊Պապանձվիր, Անդրե՜, պապանձվիր, դու սրբապիղծ ես,֊աչքերը վեղարի տակից չռելով բղավեց Տեր Հակոբը,֊ սրբապիղծ ես դու։

֊Տո դե գնա է… Գնա, գնա, էսա մի քանի ժամից Մացակի հոգեհանգիստն սկսվում է։

֊Կգնամ, բայց կրկին կվերադառնամ, մեր խոսակցությունը դեռ չի ավարտվել։ Վախեցիր Աստծո բարկությունից, Անդրե… Իզուր ես բարկացնում Աստծուն։

֊Բարկությունի՞ց… Էդ, որ ամբողջ կյանքում վանքերի ու եկեղեցիների ցանկապատերն անվճար սարքում էի, էդ խի՞ չէր բարկանում։

֊Պապանձվի՜ր, սրբապիղծ, կրկնում եմ` վախեցիր Աստծո բարկությունից,֊ասելով Տեր հայրը շրջվեց, որ հեռանա։ Բայց վարպետը ձեն տվեց.

֊Բարկությու՞ն, բարկանա՞… Էդ ե՜ս եմ բարկանում իր վրա։ Հա, հա, ես եմ բարկանում, որ կյանքում մի վատ բան չեմ արել ու հլա մենակ աստվածահաճո գործեր եմ արել, բայց հա՜մ տունս ավիրեց, հա՜մ հաղթանակներս տարավ, հա՜մ ջահել մինուճարիս վերցրեց… Լսիր, Հակոբ, կգնաս ու կասես, որ ես բարկանում եմ իր վրա, լսու՞մ ես։

֊Պապանձվի՜ր, Անդրե, մեղքերի թողություն արա… Արա՜, քանի ուշ չէ։

֊Էն վերջիս գործն էլ, որ էն վանքի համար արեցի, իմացիր, որ անփող չէր, Հակոբ։ Դրա վճարը կբերես։ Ու, քանի որ, ես գյուղում չեմ լինելու, կտաս Սուրոյին,֊շրջվելով դեպի եղբորորդին` վարպետը շարունակեց,֊լսեցի՞ր, Սուրո՜։ Կբերի ու կտա քեզ, դու էլ կտաս հորդ, թող ախպերս դեղերն առնի,֊սա ասելով` վարպետը եղբորորդուն ծտալիզու էլ հասկացրեց, որ Մացակի հոգեհանգստից հեռո Տեր Հակոբին վիրի թաղի ճամփով ճամփու դնի իրենց գյուղ,֊լսեցի՞ր, արա՜, էդ գործը քո վրա։

֊Հա, մոռացա ասել` Գարո՜ւշ, դու մնա,֊դիմելով քրոջ որդուն, վարպետը գրպանից հանեց ծխամորճը,֊որից հեռո շարունակեց,֊դու մնա՜, քեզ հետ գործ ունեմ,֊ու տեսնելով, որ ասածի վրա Տեր Հակոբն էլ կանգ առավ` շարունակեց,֊ գործս Գարուշի հետա, դուք գնացեք… Գնացեք, գնացեք, քո տիրու դարդը… Դու էիր մնացել, որ ինձ խելք սովորեցնես,֊քթի տակ մրթմռթաց Անդրեն։

Գարուշը մոտեցավ վարպետիկ այն պահին, երբ տանից դուրս եկան նաև հյուրերը և մինչ հաջողություն կանեինք վարպետը հայացքն ուղղելով հյուրերին խոսեց.

֊Ըհը, կակռազ, Արամ ջան, ձեր միտինգի ժամանակ, կներես, ես չեմ կարող ներկա գտնվել… Շատ կցանկանայի, բայց անհետաձգելի գործեր կան, բայցևայնպես մասնակիցների թիվն ապահովված կլինի,֊շրջվելով դեպի Գարուշը` վարպետը շարունակեց,֊լսու՞մ ես, այ տա։ Էսա էս մեր հարգարժան ընկերոջ ելույթն է լինելու գյուղամիջում։ Հընգորտանցով, բանով, ձերոնցով կիջնեք գյուղամեջ, ծափա, բանա կապահովեք։

֊Աչքիս վրա, քեռի ջան, էս Արշակի դասարանցի Արամը չի՞…

֊Հա, ինքնա… Սուրոյին էլ կասես թող նա էլ իրա հընգորտանց հետ իջնի, ինձ խայտառակ չանեք ու խոսքս գետնովը չտաք,֊այնուհետև շուռ գալով դեպի Արամը` վարպետը շարունակեց,֊ Արամ ջան ամեն բան կազմակերպված կլինի։ Ես, եթե մի բան ասում եմ… Իմ տված խոսքը բարձր եմ պահում,֊ ու կրկին շրջվելով դեպի Գարուշը` վարպետը մատով արեց, որ վերջինս մոտ գա, որից հետո շարունակեց,֊այ տա, սա հլա մի կողմ։ 18։50֊ին կլինես մեր բակում, հետդ կարևոր գործ ունեմ։ Չմոռանաս, դա պատվի հարց է, հիշիր յոթին տաս պակաս լինես այստեղ ու հարցեր չտաս։

֊Շատ լավ, քեռի, ոնց կասես,֊ոգևորված պատասխանեց Գարուշը։

Հյուրերին ջերմ ճանապարհելուց հետո վարպետն ու ուսուցչուհին տխուր մտան տուն և վարպետը վառարանը մի կտոր փետ գցելով` գրեթե շշնջած` դե հիմա պատրաստվենք, որ ժամը յոթին շարժվենք։

֊Ես պատրաստ եմ, դու քեզ տես,֊ շատ տխուր շշնջած ուսուցչուհին։

Սպասողական մի քանի ժամը վարպետի համար մի քանի տարի թվաց։ Ժամանակը կարծես թե կանգ էր առել և սպասողական վիճակում գտնվող ինչպես յուրաքանչյուրի, այնպես էլ թաթոսանց Անդրեի համար էր կանգ առել։ Վարպետն իր տեղը չէր գտնում… Տան մեջ կատաղած առյուծի նման քայլում էր էս պատից էն պատը, մտորում, հաճախակի կիսաբաց անում պատուհանը, թարմ օդ շնչում… Կարծես, թե սիրտը վառվում էր։ Երբեմն գլուխը հանում դռնից, լսում գյուղամիջում ելույթ ունեցող Արամի ձայնը, քթի տակ բան մըրթմռթում, ձեռքը թափ էր տալիս ու բարկացած փակում տան դուռը, կրկին քայլում, ինքն իրեն խոսում, խորհում ու տան մեջ անկանոն պտիտ էր տալիս։ Մութը վրա էր տալիս, սկսել էր կրկին ձյուն տեղալ, իսկ պատին կախված ժամացույցի կըտկտոցը սղոցում էին վերջինիս նյարդերը` տըկ, տըկ, կըտ, կըտ։

Վերջապես մոտեցավ այդքան սպասված 18։50֊ը, Գարուշը դուռը բացեց և վարպետի տխուր դեմքին կրկին հույսի նշույլ երևաց.

֊Էկա՞ր, Գարուշ ջան… Լավ արեցիր։

֊Հա, քեռի, բա չգայի՞,֊մի տեսակ զարմացած հարցրեց Գարուշը, նամանավանդ, տեսնելով, որ ուսուցչուհին դիվանին նստած,  մի կողով գոգին դրած, կարծես կայարանում սպասում է գնացքի ժամանմանը։

֊Հա, լավ արեցիր, որ եկար… Ձյունը ուժե՞ղ էր գալիս։

֊Հա,֊ուսի ձյունը թափ տալով պատասխանեց Գարուշը։

֊Հա, դե ոչինչ, դա էլ մեր բախտն է,֊ասելով և երկարաճիտ կոշիկներն ու բուշլատը հագնելով, վարպետը շարունակեց,֊դե գնացինք։

Դուրս գալով բակ` վարպետը Գարուշին ուղեկցեց գոմ, ձին հանեց ու հրահանգեց, որ կապի սայլին, որից հետո նկուղից սայլ տեղափոխեցին մի ժանգոտած զնդան, դարբնի  երկու մուրճ և տեղավորելով սայլին, այնուհետև կրկին նկուղ  վերադառնալու նշան արեց վարպետը` ասելով` հիմա ամենակարևորը։

Իջան նկուղ և երկուսով վերցրեցին սպիտակ սավանով փաթաթածը և զգուշությամբ տեղափոխեցին սայլի վրա։ Թեև Գարուշը չհարցրեց, թե ինչ են տեղափոխում, բայց դողացող ձեռքերից կարելի էր կռահել, որ պատկերացնում էր, թե ինչ է իր ձեռքին։

Որդու աճյունն էլ սայլի վրա տեղավորելուց հետո վարպետը Գարուշին հրահանգեց` մնա սայլի մոտ։ Ինքը վերադարձավ նկուղ և հանելով կանիստրով բենզինը, շաղ տվեց նկուղում ու գծով շաղ տալով հասավ մինչև սայլի մոտ։

Գարուշը, որը զարմանքից աչքերը չռած հետևում էր վարպետի գործողություններին, չէր հասկանում, թե ինչ է կատարվում, առավելևս չէր էլ պատկերացնի, թե ինչ է կատարվելու։

Բենզինի վերջին կաթիլները գետնին դատարկելուց հետո` վարպետը քանդեց բուշլատի վերին կոճակները, տրորեց սիրտը, և մի խորը շունչ քաշելուց հետո իր մոտ կանչեց Գարուշին։

Աջ ձեռքով բռնեց գարուշի ձեռքը, ձախով գրպանից հանեց լուցկին և տեղավորելով Գարուշի բռի մեջ ու ասաց` երբ հասնենք պուճուրանց Վալոդի տան մոտ, դու գիտես, թե ինչ պիտի անես։

Գարուշը, արցունքի կաթիլներ գլորելով, խեղդվող ձայնով պատասխանեց` կարալ չեմ, քեռի… Ախր ես կարալ չեմ։

֊Կարա՜ս, շան տղա… Դու ես իմ արյունը ու իմ հարազատը ու կյանքում դեռ ոչ մեկից ես բան խնդրած չկամ։ Իսկ, եթե ասածս գետնովը տաս` կըսըպանեմ, լսու՞մ ես, կըսըպանեմ, դա պատվի հարց է,֊ասելով այնպես սեղմեց Գարուշի ձեռքը, որ վերջինս ճըտճըտաց։

Գարուշի ձեռքը բաց թողնելով և սայլին տեղավորվելով` վարպետը մի փոքր հանգիստ տոնով շարունակեց.

֊Դե հիմա գնա ու Վարսիկին ասա, թող գա։

Գարուշը դեռ չէր էլ հասցրել շրջվել տան կողմը, երբ տան դուռը բացվեց. Ուսուցչուհին, որ գլուխը կապել էր շալով ու հագել հաստ վերարկու,  ընդամենը մի կողով ձեռքին  դուրս եկավ, փակելով տան դուռը մի պահ կարծես թե շոյեց այն, այնուհետև մինչև սայլը հասնելը իր ճամփին գիտակցաբար գրեթե հըպվեց ամեն քար ու թփի։ Անձայն մոտեցավ սայլին, Գարուշի օգնությամբ բարձրացավ սայլի վրա, տեղավորվեց, շոյեց սպիռակ սավանը, ձեռքի կողովը դրեց գոգին և  ամուսնուն գլխով հասկացրեց, որ` գնացինք…

Իր հերթին վարպետը կրկին քանդեց բուշլատի կոճակները, որոնք կրկին կոճկել էր, նայեց դեպի տուն, հետո շրջվեց դեպի ուսուցչուհին, ապա կրկին նայեց տան վրա, մի արցունք գլորեց դեմքի կնճռափոսերով ու մի խորը հոգոց քաշելով թափ տվեց սանձը։

Սայլը դանդաղ տեղից պոկվեց. Ձյան խոշոր փաթիլների տակ ճըռճըռալով հազիվ առաջ էր շարժվում։ Վարպետի տանից մինչև գհուղավերջ, որ մի երեքհարյուր մետր էլ չկար, ճանապարհը մի հավերժություն թվաց։

Հասնելով գյուղի վերջը` պուճուրանց  Վաղոյի իտան մոտ վարպետը կատաղած բղավեց` հը՞…

Գարուշը դեռ կամուկացի մեջ էր, բայց երբ լսեց երկրորդ բղավոցը` հը՞, լուցկին վառեց։

Լուցկին վառեց և ևս մի քանի վայրկյան ու կարծես գյուղում արևը կրկին ծագեց, սայլի ճամփեն էլ մի տեսակ լուսավորվեց։ ևս մի քանի րոպե և սայլն արդեն գյուղը եզերող առաջին բլրի վրա էր։ Վարպետը մի պահ սայլը կանգնեցրեց, թեքվեց դեպի գյուղ ու նայելով բոցավառվող տանը, կրկին մի արցունք գլորեց, հեռո շրջվեց դեպի ուսուցչուհին` հայացքով հասկացնելով, որ գուցե վերջին անգամ նայեի՞ր մեր հարազատ օջախին, բայց ուսուցչուհին չցանկացավ… Նստել էր ինչպես մի արձանասյուն և միայն գլխով հասկացնել տվեց` քշի՜ր, Անդրե… Առա՜ջ։

Ճըռ~ռռռ, ճը~ռռռ, դը՜խկ, դը՜խկ… Ճըռռ~ռռ, ճը~ռռռ, դը՜խկ, դը՜խկ։ Հետո նորից ճըռ~ռռռ, հետո կրկին` դը՜խկ. Ու թվում էր` սրտառուչ և ականջ ծակող այդ սպանիչ ձայները լսելի էին լինելու անվերջ` սրախողխող  անելով յուրաքանչյուրի` նույնիսկ ամենամրակուռ ոգին` տեղը թողնելով միայն հիասթափություն ու զարհուրելի  վախ առաջացնող դատարկություն, սակայն ժամանակի հետ ձայներն սկսեցին խլանալ` լսելի դառնալով ավելի հեռվից և արդեն դժվար էր ասել` ո՞րն էր առավել սրտամոտ`վե՜րջ ազդարարող տիեզերական դատարկությու՞նը, թե՞ կառափնարան տանող ճանապարհ հիշեցնող  ու անվերջ նվնվացող սրտաճմլիկ անորոշությունը…

Գյուղի քամակի թեք սարի դոշով, ու  կարծես անտառի փեշիցն էլ բռնած,   զինված անորոշության անզօր թվանքով , ձյան փաթիլների  նազանքի ներքո,  մթության շալով էլ անհույս փաթաթված`ինչպես մի բարուր, շարժվում էր սայլը` դեպի օտար֊ամայի հեռուներն անդուր։

Արմեն Արգինյան

Այլ լուրեր

Կարդալ նաև