-3.9 C
Yerevan
Երկուշաբթի, 13 Հունվարի, 2025

Առաջարկությունն այն է, որ լինի օրենքով սահմանված  պատասխանատվություն այն մարդկանց համար, ովքեր կհայհոյեն ոստիկանին․ Դանիել Իոաննիսյան

Կիսվել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն այսօր ԱԺ-ում գտնվող ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ գործիքակազմ օգտագործել, որպեսզի պաշտպանել ոստիկանության աշխատակիցներին ՀՀ քաղաքացիներից։ Ըստ պատգամավորի՝ ոստիկաններն այս օրերին թիրախավորվում են․

«Ցուցարարներից ոմանք բռնություն են կիրառում ոստիկանների նկատմամբ, տելեգրամյան ալիքներով մեր անվտանգային համակարգի ծառայողներին թիրախավորում են՝ նրանց անձնական տվյալները տելեգրամ դնելով և կոչ անելով  իրենց համակիրներին, որպեսզի մարդկանց զանգեն, չեմ կարող ասել, թե ինչ բառապաշարով խոսեն։ Որոնք են այն օրենսդրական բացերը, որոնք մենք, որպես օրենսդիր, կարող ենք լրացնել և հնարավորինս պաշտպանել առնվազն քաղաքացիներին նման իրավիճակներից։ Մենք քաղաքական գործիչներ ենք և պատրաստ ենք այդ թիրախավորումը կրել, բայց ոստիկանության ծառայողները քաղաքացիներ են, ովքեր իրենց բնականոն կյանքով ապրում են, ինչպես պաշտպանել նրանց»,-իր խոսքում նշեց պատգամավորը։

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը LifeNews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ոստիկաններին թիրախավորելուն, շեշտեց․ «Արձանագրենք, որ թեպետ մի շարք դեպքերում ոստիկաններն են խախտել մարդկանց իրավունքները և անհարկի ուժ են կիրառել, այդուհանդերձ, մենք նաև նկատել ենք, որ ոստիկանների անձնական տվյալներն են փորձում որոշ ցուցարարներ հավաքել-տարածել։ Նույնիսկ ոստիկանների ընտանիքի անդամների մասին, և սա ևս անընդունելի երևույթ է»։

Հարցին՝ արդյոք ինչպես պատգամավոր Վարդանյանն է պնդում, օրենսդրական փոփոխություն է պետք ոստիկանին քաղաքացուց պաշտպանելու համար, Իոաննիսյանը պատասխանեց․

«Փոփոխություններ ոստիկանների անձնական տվյալների հետ չգիտեմ, սա ենթադրում եմ պետք է վերաբերվի ցանկացած մարդու։ Բայց մենք ունենք օրենսդրական խնդիր․ այն է, որ ոստիկանին վիրավորելը չի առաջացնում որևէ վարչական կամ քրեական հետևանք։ Դրա արդյունքում ոստիկանները, որոնց քաղաքացիները ծանր վիրավորանք են հասցնում, կանգնած են լինում շատ բարդ երկընտրանքի առջև։ Կամ պետք է, այսպես ասած, կուլ տալ այդ վիրավորանքը, բայց հաշվի առնելով մեր ազգային առանձնահատկությունը, դա շատ դժվար է հոգեբանորեն։ Օրինակ, բարդ է կուլ տալ նման հայհոյանքը, երբ մորն են հայհոյել, բայց դու ոչինչ չես արել և գնալ տուն, հնագիստ քնել։ Կամ պետք է դիմեն բռնության, որն էլ իր հերթին հանցագործություն է։ Առաջարկությունն այն է, որ լինի օրենքով սահմանված  պատասխանատվություն այն մարդկանց համար, ովքեր կհայհոյեն ոստիկանին։ Այդ դեպքում մարդը կիմանա, որ օրենքով պատասխանատվության է ենթարկվելու, և ոստիկանն էլ ինքը չի կանգնի այդ տխուր երկնտրանքի առջև, և կիմանա, որ իրեն հայհոյած քաղաքացու համար կա ինչ-որ հետևանք»։

Տաթև Կոստանդյան

Այլ լուրեր

Կարդալ նաև