Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Աստվածածնի ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության տոների առիթով։
«Սիրելի մայրեր և քույրեր,
Ջերմորեն շնորհավորում ենք ամենքիդ՝ Ավետման տոնի բերկրալի առիթով։ Մեր Սուրբ Եկեղեցու նվիրական այս տոնի խորհուրդը հիշեցումն է Սուրբ Մարիամ Աստվածածնի խոնարհության և Աստծու հանդեպ ամբողջանվեր վստահության։
«Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկաս 1:38)։ Սուրբ Կույսի այս համեստ խոսքը դարձավ ողջ մարդկության փրկության սկիզբ, լուսավորեց քրիստոնյաներիս հավատքի ճանապարհը՝ սովորեցնելով վստահությամբ և խոնարհությամբ ընդունել Աստծու կամքը, անգամ կյանքի ամենաբարդ իրավիճակներում։
Սիրելիներ, դարեր շարունակ մեր մայրերն ու քույրերը, հետևելով Սուրբ Աստվածածնի օրինակին, եղել են մեր ժողովրդի հոգևոր կյանքի և ընտանեկան դաստիարակության անսասան հենարանը՝ իրենց հավատքի, սիրո, հոգատարության, աղոթքի ու խաղաղարար ներկայության շնորհիվ։ Ուրախությամբ ենք արձանագրում, որ նույն նվիրումով այսօր էլ դուք շարունակում եք ձեր կարևոր ծառայությունը՝ ազգային, հոգևոր և հասարակական ոլորտներում։
Այս տոնական օրը աղոթում ենք, որ Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ ձեր կյանքը լեցուն լինի Աստծու ներկայությամբ, հավատքով ու սիրով։ Թող Տերը զորացնի ձեզ և օրհնի ձեր ընտանիքները՝ պահելով խաղաղության ու մշտամնա երջանկության մեջ»։