Երկուշաբթի, 20 Մայիսի, 2024

Շարունակում ենք ջայլամային քաղաքականությունը

Կիսվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ սահմանազատման գործընթացը սկսել են Տավուշից՝ պատերազմը բացառելու նպատակով։

Իր խոսքով, վարչապետը, մասնավորապես, ասաց․«Երբ սահմանազատման այս գործընթացը բնականոն ճանապարհով գնա, ավարտվի, հասնի իր լրումին, դա արդեն իսկ լինելու է անվտանգության երաշխիք: Մենք գնացել ենք դրան պատերազմը դելեգիտիմացնելու, որևէ  հիմքից զրկելու համար»։

Ապա ինքն իրեն հարց տվեց, արդյոք հնարավոր չէր այլ տարածքից սկսել և միևնույն է, խուսափել պատերազմից, և պատասխանեց իրեն․ «Եթե սահմանազատումն այլ տարածքից սկսվեր, պատերազմը չէր դելեգիտիմանա։ Պատճառը շատ պարզ է՝  այս դեպքում խոսվում է բնակատեղիների մասին: 2021, 2022 թվականների էսկալացիաները միջազգային հանրության շրջանում հարցեր են առաջացրել: Դրանք միջազգային հարթակներում շատ դեպքերում բացատրվել են ադրբեջանական չորս գյուղերի գործոնով»։

Փաշինյանի հավաստմամբ՝ սահմանային սյուները տեղադրվում են իրավական հիմքի վրա, և դրանք դառնում են անվտանգային երաշխիք Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի, Բաղանիսի և ընդհանրապես Հայաստանի Հանրապետության համար:

Վարչապետը, ով 07.05.2024-ին հայտարարում է, որ սահմանազատումը Տավուշից սկելու նպատակը պատերազմից խուսափելն է, ոչ վաղ անցյալում՝ 29.04.24-ին Կիրանց գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ հանդիպման մասնակցած գյուղացիների,  ասել էր․

«Սահմանապահը կանգնի, դուք անվտանգ կլինեք, բայց հնարավոր է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի»։

Ինչ վերաբերվում է գյուղացիների վախերին, որ օրինակ Կիրանցի դպրոցը  հայտնվում է անմիջապես  թշնամու թիրախում, օրերս իր հարցազրույցի ժամանակ Փաշինյանը ասել էր․

«Եթե երևալու խնդիր է, ես ասել եմ՝ կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել, եթե երևալու խնդիրն է: Բայց մենք պետք է հասկանանք…2022 թվականի սեպտեմբերի պատերազմը կար, ասենք Երևանի կենտրոն համայնքի դպրոցի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում, կամ Գյումրիի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում, կամ Վանաձորի, Ստեփանավանի աշակերտներն իրենց անվտա՞նգ էին զգում 44-օրյա պատերազմի ժամանակ։ Որ դպրոցների պատերին շարունակվում են կախվել զինվորների նկարներ, այդ դպրոցի շրջանավարտները, այդ դպրոցի աշակերտներն իրենց անվտա՞նգ են զգում»։

Այսպիսով, մամուլի ասուլիս ժամանակ Փաշինյանը հայտարարում է, որ այս կերպ պետությունը լուծում է անվտանգային խնդիր, հանդիպումների, հարցազրույցների մասին, չի բացառում, որ կարող են լինել ռազմական գործողություններ և առաջարկում է ջայլամային քաղաքականություն վարել՝ ծառ տնկել, չտեսնել, խնդիրը համարելով փակված։

Մեկ այլ նկատառում ևս, ըստ Փաշինյանի, զոհված զինծառայողների նկարները դպրոցներում կախելը ևս անվտանգության զգացողություն է առաջացնում, այսպիսով վարչապետը ոչ միայն փորձում է չտեսնելու տալ սպառնացող վտանգները, այլ նաև հեռացնել, ջնջել հիշողությունները (դպրոցներում նման նկարների հեռացման նախադեպ արդեն եղել է), և կյանքը սկսել մաքուր թղթից՝ մոռանալով պատերազմ, անցյալ, պատմություն։ Ի դեպ, հավանաբար հենց սա էլ պատճառներից մեկն է, որ մինչ օրս պաշտոնապես չի  հայտարարվել 44-օրյա պատերազմի, Ջերմուկում սանձազերծված ռազմական գործողությունների զոհերի անունները։

Տաթև Կոստանդյան

Ընթերցել ավելին

Նմանատիպ հոդվածներ