Երկուշաբթի, 20 Մայիսի, 2024

Ովքեր են միացել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

Կիսվել

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի,  պատգամավոր Գառնիկ Դանիելյանի և քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանի գլխավորությամբ արդեն 3-րդ օրն է՝ քայլերթ են իրականացնում։

Այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայտարարել են, որ մայիսի 9-ին, երբ երթը հասնի Երևան, միանալու են, ասյպիսով, ստեղծելով «Ես միանալու եմ Սրբազանին» ինքնաբուխ կարգախոսը։ Քաղաքացիներից շատերը քայլերթի նախօրեին մեկնել էին Տավուշ, ոմանք էլ իրենց բնակավայրերում են սպասում/միանում։ Բացի ընդդիմադիր գործիչներից, Սրբազանի կողքին կան նաև մտավորականներ, արվեստագետներ՝ Դավիթ Ամալյան, Խաչիկ Մանուկյան, Շուշան Պետրոսյան, Արսեն Գրիգորյան (Մրո), զոհված զինծառայողների ծնողներ։

Ընդդիմադիր դաշտը կարծես թե վերջապես միավորվել է,  գրեթե բոլոր կուսակցությունները հայտարարություններ են արել, գրառումներ կատարել` ի աջակցություն Սրբազանի առաջնորդած երթի, պատրաստակամություն հայտնել միանալ։

Այսպիսով, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Դրական գնահատելով նոր ձեւավորված հականիկոլական ձեւաչափերի ի հայտ գալը՝ նշեմ մի կարեւոր հանգամանք. իսկ ի՞նչ չի արվում ՀՀԿ ներկայացիւցիչների կողմից։ Տավուշ էլ ենք այցելում պայքարի ընկերներին,մարզերում էլ մեր կուսակիցները մասնակցում են անհնազանդության գործողություններին,Երեւանում էլ պայքարում ենք արդեն 6 տարի է՝ հանրահավաքներ անելուց մինչեւ ճանապարհ փակել ու ձերբակալվել»։

ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանն էլ գրում է․

«Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն: Աստված օգնական հերոսական մեր Ժողովրդին: Աստված պահապան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն»։

Այսպիսով,  թեպետ կուսակցությունը առանձին հայտարարությամբ հանդես չի եկել, բայց կարկառուն ՀՀԿ-ականները հայտնել են իրենց դիրքորոշումը՝ ի աջակցություն շարժման։

Փետրվար ամսից ընդդիմադիր դաշտում դիրքավորված «Լուսավոր Հայաստանը» ևս ակտիվացել է, Էդմոն Մարուքյանը պարբերաբար տեսուղերձներ է նկարում, գրառումներ կատարում, որտեղ քննադատում է իշխանություններին։ Օրերս ԼՀԿ առաջնորդը գրել էր․

«Ուշադիր հետևում եմ, թե ինչպես է կեղտոտ գործակալների մի խումբ օրը երեք անգամ եթերից եթեր վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող, չհամաձայնող մարդկանց ու հոգևորականներին:  Հիշե՛ք, դեմոկրատիայի անունից խոսացող փոքրիկ դիկտատորներ, համաձայն չլինելու իրավունքը հիմնարար իրավունք է և ամեն չհամաձայնողին պիտակավորողը ժողովրդավարության անունից խոսացող մանր ժուլիկ է, շարքային օպորտունիստ: Հանգիստ մնացեք ու հիշեք, որ ձեզ դեմքով ճանաչում ենք»։

Այն, որ ԼՀԿ-ն կմիանա շարժմանը, իր գրառմամբ հաստատել էր նաև Անի Սամսոնյանը, ֆեյսբուքյան իր էջում գրելով․

«Բագրատ Սրբազանին սպասում ենք Երևանում»։

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը ևս դեմ է սահմանազատման գործընթացին, քայլերթի օրը Նորիկյանը գրառում արեց, հայտնելով իր դիրքորոշումը

«Ճիշտ կազմավորված թիմի հետ հնարավոր է փոխել ու բեկել անգամ պատմության ընթացքը: Հավատում եմ՝ ստացվելու է․․․»։

Տավուշյան շարժման քայլերթի օրը  երկարատև լռությունը գրառմամբ խախտել է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, գրելով․

«Ոգին հաղթելու է դուխին, Աստծով»։

ԴԱՀԿ նախկին պետ, «Հայոց համազգային միասնություն» նորաստեղծ կուսակցության ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը ևս հայտարարել է, որ միանում է Սրբազանի սկսած պայքարին։

Չնայած տարատեսակ հակասական գրառումներին, այսօր փոքր-ինչ լղոզված, բայց հայտարարություն տարածեց նաև ԱԺԲ-ն, որում, մասնավորապես ասվում է․ «Բևեռը գտնում է, որ Տավուշի մարզում ապօրինի սահմանազատումը հետևանք է ներկա վարչախմբի թուրքամետ քաղաքականության, ուստի հանդես է եկել և հանդես է գալիս պետականակործան ներկա վարչախմբի հեռացման պահանջով։ Որպես ազգային-ազատագրական շարժում` Ազգային-ժողովրդավարական Բևեռն աջակցում է հայրենազրկման դեմ ուղղված բոլոր անկեղծ դիմադրական շարժումներին»։

ՀԱԵ-ին և Բագրատ Սրբազանին իր աջակցությունն է հայտնել նաև «ԴՕԿ» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը, փոքր-ինչ վերապահումներով սակայն։ Ղուկասյանը տեսաուղերձով դիմել է Սրբազանին՝ կոչ անելով թույլ չտալ, որ մայիսի 9-ին բեմին մոտենան քաղաքական գործիչներ, պատգամավորներ և այլն՝ ասելով, որ ժողովուրդը պետք է լսի Սրբազանի, մտավորականների, զոհված զինծառայողների խոսքը միայն։

Որևէ հայտարարությամբ հանդես չի եկել նորաստեղծ «Համայակական ճակատ» կուսակցությունը, որը վերջերս «միայնակ թռչնի պես» ակցիաներ էր  անում՝ առանց որևէ ընդդմադիր ուժի հետ համագործակցության, գուցե կուսակցության անդամները մայիսի 9-ին լինեն հանրահավաքին, կամ «զումով» միանան Մոսկվայից, դիրքորոշում դեռևս չեն հայտնել։

Դե իսկ «Բարգավաճ Հայաստան»-ը այնքան խորը լեթիարգիական քնով է անցել, որ ոչ հեռախոսազանգերը, ոչ երկրում տիրող աղմուկ-աղաղակը ի վիճակի չեն արթնացնել նրանց, հասկանալու համար, արդյոք հանրահավաքի ջուրը ապահովված է լինելու, թե՝ ոչ։

Տաթև Կոստանդյան

Ընթերցել ավելին

Նմանատիպ հոդվածներ