31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ 38-ամյա կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու, անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու համար

Կիսվել

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 38-ամյա կնոջը ծեծելու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, անչափահասին ինքնասպանության փորձի հասցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տղամարդուն:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1987 թվականին, 2017թ. ամռանը ծանոթացել, անձնական փոխհարաբերություններ է հաստատել, իսկ հետագայում նաև մտերմացել է Երևան քաղաքի 38-ամյա բնակչուհու հետ: Որոշ ժամանակ անց  նրանց միջև ձևավորվել են անբարյացկամ հարաբերություններ, քանի որ 31-ամյա տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, հաճախակի սկսել է անհանգստացնել կնոջը և վերջինիս երեխաներին:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2018թ. ապրիլի 3-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, 31-ամյա տղամարդը կնոջը պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայում վիճաբանել և հարվածներ է հասցրել նրա գլխին՝ վերջինսի կողմից ոստիկանությունում բողոք ներկայացնելու պատճառով:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 31-ամյա տղամարդը, ով ամիսներ շարունակ այցելել էր կնոջ բնակարան, նրա անչափահաս դստեր հետ շփվելու ընթացքում պարբերաբար ծաղրել է վերջինիս, ստորացրել աղջկա արժանապատվությունը: Իսկ երբ 17-ամյա աղջիկը միջամտել է մոր և տղամարդու վիճաբանություններին, տղամարդը սպառնացել էր աղջկան, թե ուսման վայրում մոր մասին կհրապարակի արատավորող տեղեկություններ: Այդ պատճառով անչափահաս աղջիկը 2018թ. ապրիլի 8-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, իրենց բնակարանում տարբեր տեսակի դեղահաբեր էր խմել՝ փորձելով ինքնասպան լինել:

Բացի այդ, տղամարդը 2018թ. մայիսի 27-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հեռախոսային խոսակցության ընթացքում վիճաբանել և հայհոյել է կնոջն ու վերջինիս դստերը: Պարզաբանումներ ստանալու կապակցությամբ նրանք հանդիպել են, որի ժամանակ տղամարդը գլխով հարվածներ է հասցրել կնոջ դեմքին, իսկ ձեռքին եղած հենակով՝ նաև մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ձախ հոնքի շրջանի սալջարդ վերքի ձևով մարմնական վնասվածք:

2018թ. հունիսի 26-ին՝ հերթական հանդիպման ժամանակ, տղամարդն անհիմն վիճաբանել է կնոջ հետ, քաշքշել նրա հագուստները, ոտքով հարվածել որովայնին, ոտքերին և կրծքավանդակին՝ կնոջը պատճառելով ֆիզիկական ցավ և առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Այնուհետև՝ անբարյացկամ հարաբերությունները հարթելու նպատակով 31-ամյա տղամարդը և 38-ամյա կինը 2018թ. հուլիսի 22-ին կրկին հանդիպել են: Սակայն տղամարդը հերթական անգամ կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել. ավտոմեքենայի սրահում բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ դեմքի և մարմնի տարբեր մասերին, քաշել մազերը, այնուհետև դուրս եկել մեքենայից, կնոջը ևս քաշելով դուրս բերել և գետնին գցելով՝ քարշ տվել՝ պատճառելով պարանոցի, աջ նախաբազկի, ձախ արմնկահոդի, ձախ նախաբազկի, աջ ազդրի շրջանների քերծվածնքների ձևով մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, տղամարդը, ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ, 2018թ. ապրիլի 6-ին և ապրիլի 11-ին քարերով վնասել է 38-ամյա կնոջը պատկանող «BMW 745i» և «Peugeot 407» մակնիշի ավտոմեքենաները՝ պատճառելով համապատասխանաբար 765 000 և 285 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, 118-րդ հոդվածով (3 դրվագ), 117-րդ հոդվածով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ  որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հայտարարվել է քրեական գործի ավարտի մասին և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Այլ լուրեր

Կարդալ նաև