Վերջերս Հայաստանի քաղաքական դաշտը վերածվել է մի անհասկանալի «աջափսանդալի»․ ով քնից արթնանում է՝ կուսակցություն է բացում և սկսում քաղաքականությամբ «զբաղվել»։ Հարց է առաջանում՝ փոքր Հայաստանում սնկի պես աճող կուսակցությունները հետևորդներ և աջակիցներ որտեղի՞ց են գտնում։
Բավականին հետաքրքրական օրինակ է «Համահայկական ճակատ» կուսակցությունը, որը երկրորդ փորձից միայն նոր կարողացավ պետական գրանցում ստանալ։
Մոսկվայից կուսակցությունը կուրացիա անող Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հատկապես պետք է որոշակի դժվարությունների բախվեր՝ հայ հանրության շրջանում աջակիցներ գտնելու, նրանց հետ շփվելու հարցում, քանի որ հեռավոր հյուսիսից մարդկանց մոտ հավատ և հույս ներշնչելը գրեթե անհնար է։ Իսկ մեր հանրությունը վերջին 6 տարիների ընթացքում միայն հուսախաբ է եղել։
Այստեղ ահա, նորահայտ կուսակցությունը դիմում է ավանդական մեթոդի՝ մեդիառեսուրս ստեղծելուն, ինչը փաստացի միակ միջոցն է հայ հանրության հետ կապը պահելու։ Այս պահին կուսակցության քարոզչությամբ զբաղվում են HayqNews և fronttv.am լրատվական կայքերը։ Բայց արդյոք այս մեդիառեսուրսները հովանավորող Արշակ Կարապետյանը տեղյակ է, թե ովքեր են հատկապես «Հայքնյուզի» հետևորդները։
Հունվարի 6-ին բացված լրատվական պլատֆորմի համար ինչ-որ չափով նորմալ է ունենալ 1200 հետևորդ, սակայն այստեղ կարևոր է, թե ովքեր են այդ հետևորդները։ Դատելով վերը ավելացված լուսանկարներից՝ Արշակ Կարապետյանի և ՀՃԿ քաղաքական ուժի քարոզչությունը արվում է պակիստանցի, հնդիկ, թայվանցի և այլազգի օգտատերերի համար։ Միգուցե այսպես մեդիառեսուրսը նպատակ ունի մեծացնե՞լ կուսակցության աշխարհագրությունը և միջազգային մակարդակի հանել այն․․․
Առանձնապես մեդիագրագիտության տեսանկյունից չի փայլում նաև անձամբ Արշակ Կարապետյանի ֆեյսբուքյան էջը։ Նախկին նախարարի պաշտոնական էջում հանդիպում ենք ոչ միայն իր մտքի զեղումներին, այլ ամեն օր հրապարակումներ են արվում՝ զինվորների նկարներով (մեկ-մեկ էլ այդ նկարներում հենց Արշակ Կարապետյանն է) և բարի լույսի մաղթանքներով։ Այդ հրապարակումների հավանումներին ու մեկնաբանություններին կնախանձեն իհարկե մյուս նորահայտ քաղաքական ուժերը, քանի որ դրանք որոշ դեպքերում հասնում են նույնիսկ հազարի։ Այստեղ առաջ է գալիս որակի և քանակի մշտական դիլեման, բայց ըստ ամենայնի՝ քանակը ավելի կարևոր է, քան այդ ամենի որակը։
Վերը նշվածի տրագիկոմեդիան կայանում է նաև նրանում, որ ֆեյսբուքյան էջը ունի 34 հազար հետևորդ ու հավանում, և ստացվում է՝ 34 հազարից մաքսիմումը հազար կամ հազար հինգ հարյուրն են իրական հետևորդները։ Ըստ ամենայնի՝ պաշտոնական էջը նույնպես ղեկավարավում է նույն «ուղեղային կենտրոնից», ինչ լրատվականները։ Նմանությունն ակնհայտ է։
Շարունակելի․․․
Հայկ Բաղդասարյան