27-ամյա Վարդան Դ.-ն գեղարվեստի ինստիտուտի 4-րդ կուրսում էր սովորում: Մինչ նրա տարեկիցները Հայրենիքի սահմաններն էին պաշտպանում, ապագա արվեստագետ Վարդանը օգնում էր… իրացնել դեռ 1992 թվականին զորամասերից մեկից գողացված ԱԿՍ և ԱԿՄՍ տեսակի շուրջ 60 ինքնաձիգները:
Գողացված զենքը փոքր խմբաքանակներով Երևան էր հասցնում Վարդանի ընկեր Կարենը: Զենքի ընդհատակյա վաճառքով զբաղվում էին Վարդանն ու նրա ընկեր Արտյոմը: Վաճառքից ստացված գումարից վաճառողները հանում էին իրենց հասանելիքը, մնացած գումարը Կարենը տանում-հանձնում էր գողացված զենքի «տերերին»:
Այս շղթան, սակայն, անխափան չէր գործում: Հիմնականում զենքի վաճառքն իրականացնող օղակներում, պատահում է, գումարները «կանգ էին առնում», ժամանակին չէին հասնում գողացված զենքի «տերերին»:
Վերջիններս հակված չէին գումարային զիջում կատարել իրենց համար աշխատող շղթայի որևէ օղակի, ու գումարների ուշացման դեպքում գործի էին դրվում ահաբեկման ու բռնության գործադրման մեխանիզմները. չէ՞ որ բավական լուրջ գումարներ էին պտտվում զենքի ընդհատակյա վաճառքի ոլորտում…
1993 թվականի սեպտեմբերին հափշտակված զենքի «տերերը» Կարենի միջոցով խիստ նախազգուշացում հղեցին Վարդանին ու Արտյոմին՝ պահանջելով անհապաղ իրենց ուղարկել զենքի հերթական խմբաքանակի վաճառքից ստացված գումարները: Կարենը ճնշում գործադրեց Վարդանի վրա, իսկ վերջինս պարզաբանեց, թե գումարները Արտյոմն է ուշացնում…
Արտյոմն ընդունեց, որ թերացել է, պարտք է կուտակել և խոստացավ հոկտեմբերի սկզբին պարտքը մարել 300 հազար ռուսական ռուբլով:
Մինչև հոկտեմբերի 10-ը Արտյոմը ձգձգեց պարտքի մարումը՝ ամեն անգամ խոստանալով «էգուց» վճարել: Կարենը, Վարդանը ու նրանց «գործատուները» եզրակացրին, որ Արտյոմն իրենց «քթից բռնած՝ ման է տալիս» ու «խաթրով փող տվողը չի»:
Որոշեցին՝ ինչ գնով էլ լինի՝ պարտքը պետք է ստանան կամ հաշվեհարդար պիտի տեսնեն խոստումնազանցի, իրենց «քցողի» հետ…
1993 թվականի հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Վարդանն ու Կարենը «Նիվայով» մոտեցան Արտյոմի շենքին, իջան մեքենայից, մտան նրա բնակարան:
Տանը Արտյոմն էր, կինն ու նրանց երկու տարեկան երեխան:
Վարդանն ու Կարենը պահանջեցին, որ Արտյոմը անմիջապես իրենց հանձնի 300 հազար ռուբլին: Արտյոմը խոստովանեց, որ գումար հայթայթել չի կարողացել, խնդրեց էլի ժամանակ տալ: Բայց Վարդանն ու Կարենը, իրենց պատվիրատուների պահանջով, անդրդվելի էին:
Արտյոմը հասկացավ, թե ինչ հանձնարարություն ունեն նախկին «գործընկերները»: Նա արդեն սեփական կյանքի համար չէր խնդրում, աղաչում էր կնոջը ձեռք չտալ, երեխային որբ չթողնել. «Ի՞նչ եմ արել, Վարդա՛ն, ընկեր ենք եղել, չէ՞»:
Բայց Արտյոմի խնդրանքներին Վարդանն ու Կարենը ականջալուր չեղան…
Այդ գիշեր իրենց բնակարանում սպանվեցին Արտյոմն ու նրա մանկամարդ կինը: Երկամյա երեխային ձեռք չտվեցին: Երեխան գիշերն անցկացրեց ծնողների դիակների կողքին…
Հոկտեմբերի 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, Վարդանը, ձևանալով խիստ անտրամադիր, հանդիպեց համակուրսեցուն: Պատմեց, որ ընկերոջը՝ Արտյոմին, ու նրա կնոջը գիշերը տան մեջ անհայտ չարագործները դաժանաբար սպանել են, երկու տարեկան երեխան որբացել է… Երբ պատրաստվում էր բաժանվել համակուրսեցուց, Վարդանը, կարծես իմիջիայլոց, նրան խնդրեց՝ եթե որևէ մեկը կհարցնի իր մասին, ընկերը թող ասի, թե հոկտեմբերի12-ի լույս 13-ի գիշերը ինքը քնել է նրա տանը… Ասաց, թե իրականում աղջկա մոտ է եղել, նրա անունը հրապարակել չի ուզում…
Սպանության հաջորդ օրը Վարդանն ու Կարենը նույն «Նիվայով» նորից հայտնվեցին Արտյոմի շենքի մոտ՝ երևի ցանկանում էին իրավիճակը «հետախուզել», բայց հարևանների աչալուրջ աչքից չվրիպեց նրանց «Նիվան»: Հարևանները հիշեցին, որ սպանության գիշերն էլ էր այդ մեքենան կանգնել իրենց բակում, մեքենայից իջել ու Արտյոմի բնակարան էին մտել երկու հոգի, այդ թվում՝ Արտյոմի ընկեր Վարդանը… Անմիջապես ահազանգեցին իրավապահներին…
Վարդան Դ.-ն բերման ենթարկվեց ՆԳ բաժին: Սկզբում ժխտեց ամեն բան, ներկայացրեց իր «ալիբին»՝ պնդելով, թե սպանության գիշերն ինքը գտնվել է համակուրսեցու տանը…
Վարդանի համակուրսեցուն հարցաքննության հրավիրեցին հոկտեմբերի 16-ին: Ընկերը վախեցավՎարդանի խնդրանքը կատարելուց և նրա կեղծ «ալիբին» հաստատելուց: Նա հայտնեց, թե Վարդանը խնդրել է ասել, որ իր տանն է գիշերել, բայց այդպես չի եղել, դա անհեթեթություն է, Վարդանն ընդհանրապես իր տանը երբևէ չի գիշերել…
Վարդան Դ.-ն մեղավոր ճանաչվեց ծանրացուցիչ հանգամանքներում կատարած դիտավորյալ սպանության համար, դատապարտվեց 15 տարի ազատազրկման, որից 5 տարին պետք է կրեր բանտային պայմաններում: Նրա հանցընկեր Կարենը սպանության բացահայտումից հետո հասցրեց անհետանալ, նրա ու սպանության կազմակերպիչների մասը անջատվեց Վարդանի գործից…
Շարունակելի