«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա։ Մենք էնտեղ առևտուր կանենք, էնտեղ տնտեսություն կկառուցենք, կարող ա մի հատ էլ անցակետեր կառուցեք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը»։
Ահա այսպես էր երեկ վարչապետ Փաշինյանը տավուշցիներին համոզում, որ հնարավոր է թշնամու հետ դուռ-դռան խաղաղ ապրել, առևտուր անել, մոռանալ, որ տարիներ, ամիսներ առաջ թշնամին մորթում, սպանում, խոշտանգում էր իր հայրենակիցներին, գուցե նաև հարազատ-բարեկամներին։ Դժվար է պատկերացնել, որ մարդը, ով տարիներ շարունակ ապրել է թշնամու նշանառության տակ, վախեցել սեփական երեխայի, ծնողի կյանքի համար, մի քանի դրամ էժան լոլիկ առնելու համար ուրախանա թշնամու՝ ֆիզիակապես ավելի մոտ լինելուց։
Գյուղացիներից մեկի նկատառմանը, թե դժվար է լինելու ապահովել անվտանգությունը, քանի որ չի կարելի վստահել ադրբեջանցուն, վարչապետն իրեն հատուկ «շուստրիությամբ» գտավ բանալի բառն ու խոսակցությունը թեքեց ցանկալի ուղղությամբ, ասելով՝ «Կարևորը, չասացիք անհնար է լինելու, ասացիք՝ դժվար է լինելու։ Ես ասացի, որ հեշտ չի լինելու, բայց այդ դժվարությունը հաղթահարելու համար պիտի իրար հետ քայլ-քայլ քայլենք։ Եթե սա չանենք, այ այդտեղ 100 տոկոսով երաշխավորում եմ, որ անվտանգությունը չենք կարող ապահովել»։
Տավուշցիների և ադրբեջանցիների համատեղ, խաղաղ հարևանությանը հավատող լավատեսներին, թերևս արժե փոքրիկ պատմական ակնարկով հիշեցնել, թե ինչպիսի արնախում է թշնամին։
Այսպիսով, հայ-ադրբեջանական կռիվները այս տարածքում սկսվել էն դեռևս 1920 թվականին, երբ ադրբեջանական զորքերը գրավել են Ոսկեպար, Ղուշչու Այրում և Բաղանիս Այրում գյուղերը, հաջորդ օրը հայկական զորքը ադրբեջանական զորքերին հեռացնում է նշված գյուղից և ազատագրում բնակավայրերը, արդեն 1950-ականներին ադրբեջանցիները սարսափ էին տարածում իրենց վայրագություններով, և մարդիկ ստիված Նոյեմբերյանի շրջանից հավաքված հարկերն ու տուրքերը վախենալով թուրքաբնակ Բաղանիս Այրում և Ղուշչի Այրում գյուղերի միջով տեղափոխել Իջևան, փնտրել են այլընտարնք՝ երկար ու ավելի բարդ ճանապարհ։ Խորհրդային Միության վերջին տարիներին՝ 1980-ական թվականներին, Ոսկեպարի և հարակից բնակավայրերում սկսվեց հայ-ադրբեջանական հողային հակամարտությունը, իսկ 1991 թվականին տեղի ունեցավ Ոսկեպարի կոտորածը։
Ադրբեջանական ՕՄՈՆ-ը ուղղաթիռների, տանկերի և ծանր հրետանու օգտագործմամբ փակում է Ոսկեպար գյուղի մուտքերն ու մտնում գյուղ։ Գյուղ մտած խորհրդային բանակի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի ստորաբաժանումները պայթեցնում են ավտոմեքենա՝ սպանելով 2 և ծանր վիրավորելով 7 խաղաղ բնակիչ։
Իմանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ Նոյեմբերյանի շրջանի ներքին գործերի բաժնի 20 ոստիկան և 3 քաղաքացիական ուղեկիցներ բնակիչների պաշտպանության համար փորձել են անտառի միջով գյուղ մտնել։ Նրանցից 11-ը դաժանաբար սպանվել են, իսկ մյուսները գերեվարվել ու տեղափոխվել Ադրբեջանական ԽՍՀ-ում գտնվող Կիրովաբադ քաղաքի բանտ, որտեղ մահացել են ևս 3 հոգի։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերեվարեցին և ադրբեջանական ՕՄՈՆ-ին հանձնեցին նաև գյուղում գտնվող և բնակավայրը պաշտպանող 45 ոստիկանի, ովքեր նույնպես ադրբեջանական բանտում խոշտանգումների ենթարկվեցին։
Այս դեպքերից անցել է ընդհամենը 32 տարի, խոշտանգվածների, սպանվածների զավակներն ու թոռները հավանաբար դեռ Ոսկեպարում են՝ հարազատի արյան գնով հողը հայկական պահելու համար, թշնամու առաջ չծնկելու համար, ապացուցելու համար, որ հայը չի վախենում թշնամուց։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ չգիտի այս արյունալի պատմությունների մասին, կամ գիտի, բայց կարծում է, որ էժան առևտուր անելու շանսն ավելի կարևոր է արժանապատվությունից։
Բայց այստեղ խիստ տարակուսելի է՝ արդյո՞ք այդ առևտուրը այդքան էժան «կնստի» մեզ վրա։ Անգամ մասնագիտական հանրությունն է տարակուսանքի մեջ։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Տավուշում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած առաջարկը` 50 մետր այն կողմ գտնվող ադրբեջանցիների հետ առևտուր անելու, տնտեսություն կառուցելու, գնալ-գալու մասին։ Փաշինյանի հիպոթետիկ առաջարկին տնտեսագետը հակադրում է Սյունիքի փաստացի օրինակը, երբ Գորիս–Կապան ճանապարհին Ադրբեջանի` ապօրինի տեղադրած անցակետից հետո Հայաստանն ստիպված եղավ հրաժարվել այդ ճանապարհից` նոր շրջանցիկ ճանապարհ կառուցելով։
Եվ այսպես՝ ինչ է ստացվում․ խաղաղությունը՝ քիչ հավանական է, առևտուրը աբսուրդի ժանրից է, անվտանգությունը ի սպառ բացակայում է, բայց մենք շարունակում ենք համառ պայքարը պայծառ և հեռավոր ապագայի համար․․․
Տաթև Կոստանդյան