Փաշինյանի կառավարությունը աշխարհաքաղաքական վեկտոր փոխելու հստակ որոշում ունի։ Դրա վկայություններն են և՛ Ռուսաստանից ու պաշտոնական Կրեմլից հնչող հայտարարությունները, և՛ Արևմուտքի հակառուսական ակտիվ ճնշումները, և՛ նիկոլական քարոզչամիջոցների ու ֆեյքերի ֆաբրիկայի հակառուսական հիստերիան։
Իհարկե, այնպես չէ, որ Հայաստանի ռուսական կողմնորոշումը լիովին լուծում է մեր պետության առջև ծառացած մարտահրավերները, մասնավորապես՝ անվտանգային։ Նաև այնպես չէ, որ Հայաստանի արևմտյան կողմնորոշումն է լուծելու այդ հարցերը։ Սա բոլորն են հասկանում։ Նույնիսկ Փաշինյանի թիմը։
Նրանք նույնիսկ հասկանում են, որ Հայաստանը ներքաշում են Արևմուտք-Ռուսաստան աղետալի հակամարտության մեջ, ինչպես դա Ուկրաինան արեց։ Բայց գնում են Հայաստանն Ուկրաինա դարձնելու ճանապարհով։ Ի՞նչ հույսով։ Պատկերացրեք, որ նրանք այդ քայլին գնում են առանց որևէ հստակ երաշխիքների, այսինքն՝ իրենք էլ որևէ հույս չունեն, բայց փորձում են։
Հասկանալի է, որ նրանք դա անում են Արևմուտքի դրդմամբ՝ ինչ-ինչ մասնավոր երաշխիքների՝ թեկուզ՝ անձնական անվտանգությունից ելնելով։
Պատկերացրեք նաև, որ փաշինյանական թիմը շատ լավ էլ հասկանում է, որ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության արանքում մեր պետության շահերից չի բխում Ռուսաստանի կողմը բռնել Արևմուտքի հաշվին, կամ Արևմուտքի կողմը բռնել՝ Ռուսաստանի հաշվին։ Այսինքն, այսօրվա ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է վարի հավասարակշռության քաղաքականություն և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ։
Սակայն, լինելով պետության ղեկին, առանց հետևանքների ռազմավարական հաշվարկի, պետությունը տանում են փորձության։
Լավ, ընդունեք, իշխանություններն ունեն իրենց քայլից բխող ռազմավարական հստակ հաշվարկներ ու երաշխիքներ։ Չենք հավատում դրան, բայց ընդունենք, թե նման բան կա։
Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը նման որոշում կայացնելու իրավունք ունի՞։ Վերջին ընտրություններում Փաշինյանի ու «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական, իսկ իշխանության գալուց հետո՝ կառավարության ծրագրում կա՞ նման բան։ Չկա, մի՛ փնտրեք։ Ընտրությունների գնալիս նրանք չեն խոստացել, որ կողմնորոշում են փոխելու, ինչպես չէին խոստացել Արցախից հրաժարվել։ Ընդհակառակը, նրանց նախընտրական խոստումները լրիվ հակառակի մասին էին։
Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ Փաշինյանն իր նեղ թիմով է որոշել Արցախից հրաժարվել և հիմա նույն նեղ թիմով որոշել են աշխարհաքաղաքական կողմնորոշում փոխել։ Հենց այդպես՝ բռնել ու որոշել են, այսինքն առանց ժողովրդին հարցնելու բռնել ու «ինքնագլուխ» որոշել են։
Փաշինյանական թիմն ինչ աղետ որ հասկանալով բերել է մեր ժողովրդի գլխին, դեռ չի նշանակում, որ նեղ թիմով կարող է կրկնել նույնը։ Նույն Արևմուտքն է պահանջելու ժողովրդի աջակցությունն իշխանություններին։ Այսինքն պահանջելու է արտահերթ ընտրություններով հաստատել ժողովրդի աջակցությունը Փաշինյանին։ Դա նաև լինելու է ժողովրդի աջակցությունը Փաշինյանին Արցախի հանձման «ինքնագլուխ» որոշման համար։
Արցախի հանձնումը դեռ չի կարելի համարել մարսված, քանի որ դա չի եղել նախընտրական խոստում կամ կառավարության հայտարարված ծրագիր, և քանի դեռ չի հաստատվել Փաշինյանի նոր վերընտրությամբ։
Գրիգոր Կարապետյան