Նիկոլ Փաշինյանը շարունակում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թալանի քաղաքականությունը: Հունվարի 28-ին՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց «Թալին» ջոկատի հրամանատար, ղարաբաղյան պատերազմի մասնակից Սարգիս Կարապետյանը:
Նրա խոսքով՝ ամեն տարի Հայաստանից մոտավորապես 40 մլրդ դրամի հարստություն է դուրս բերվում, դա շարունակվում է, ընդ որում այս թեմայով ոչ ոք չի ցանկանում խոսել:
«Նիկոլը, լինելով Լեւոն Տեր-Պետրոսյանի հովանավորյալը, նրա քաղաքականությունն է շարունակում: Չգիտես ինչու՝ ոչ ոք չի հիշում Հայաստանի առաջին նախագահի հանցագործությունների մասին եւ բոլորը կենտրոնացել են մարտի 1-ի գործի վրա, թեպետ Լեւոնը նույնպես պատասխանատու է բնակչության թալանի եւ սպանությունների համար», — նշեց նա:
Կարապետյանը հավելեց, որ հրադադարի ստորագրումից հետո այսպես կոչված խաղաղ շրջանում ավելի քան 3 հազար զինվոր է մահացել:
«Մեր զինվորների մահվան համար պատասխանատու է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը նահանջելու հրաման էր տվել, երբ մեր բանակը հաղթական երթով առաջ էր գնում»,-ասաց նա՝ խոսելով պատերազմի շրջանի իրադարձությունների մասին:
Նա վստահ է, որ «Նիկոլ Փաշինյանը, լրագրող լինելով, 25 հազար դրամի դիմաց կեղծ հոդվածներ է գրել եւ չի կարող իրեն որպես ժողովրդի ներկայացուցիչ ներկայանալ»: