2018 թվականի ընթացքում՝ հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերություններից կամ տեխնիկական պատճառներով ավելի շատ զինծառայող է զոհվել, քան հակառակորդի կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով:
Tert.am-ը, հիմնվելով պաշտոնապես հաստատված տեղեկությունների վրա, հաշվարկ է կատարել, համաձայն որի՝ 2018-ին զինված ուժերում զոհվել է 39 զինծառայող, որից 7-ն է (ընդհանուր զոհերի 18%-ը) զոհվել հակառակորդի արձակած կրակոցից, իսկ 32-ը (82%) ՀՀ-ի և Արցախի տարածքներում զոհվել են տարբեր պատճառներով:
Չնայած նշված գործերով նախաքննությունը շարունակվում է, այնուամենայնիվ, ըստ հարուցված քրեական գործերի՝ մյուս 32-ը զոհվել են տեխնիկական պատճառներով, դժբախտ պատահարներից, ինքնասպանությունից ու ծառայակցի կրակոցից, ձնահյուսից ու ավիավթարից:
Վիճակագրական այս պատկերը, մեղմ ասած, ողբերգական է։
Թվերը խոսում են այն մասին, որ հայ-ադրբեջանական առաջնագծում ավարտված տարին ամենալարվածներից չի եղել․ չնայած միջադեպերին՝ հրադադարի ռեժիմն, ընդհանուր առմամբ, պահպանվել է։
Մյուս կողմից՝ հայկական բանակում մեծ են կորուստները, որոնք հետևանք են ոչ կանոնադրական հարաբերությունների։ Սա հատկապես մտահոգիչ է ու խոսում է այն մասին, որ բանակում, ըստ էության, որակական փոփոխություններ չեն եղել՝ չնայած հեղափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի քանի հրապարակային ելույթներ նվիրված են եղել հենց այս թեմային։
Իհարկե, աշխահի ոչ մի բանակ ապահովագրված չէ պատահարներից, ֆորս-մաժորային իրավիճակներից, սակայն նույնիսկ այդ հանգամանքը չի կարող ալիբի դառնալ ՊՆ պատասխանատուների համար։ Երբ պատերազմող երկրի զինված ուժերում ոչ մարտական կորուստների թիվը այսքան մեծ է ու գրեթե հինգ անգամ գերազանցում է առաջնագծում գրանցված զոհերին, դա խոսում է այն մասին, որ «ներքին թշնամին» շատ ավելի նենգ ու դաժան է, քան՝ հակառակորդը, որը ցանկացած պահի կարող է լայնամասշտաբ պատերազմ հրահրել։
«Ներքին թշնամի» ասվածը շատ ընդգրկուն հասկացություն է ու վերաբերում է թե կոռուպցիային, թե բանակում ձևավորված ոչ կանոնադրական հարաբերություններին, որոնք կարող են հետևանք լինել՝ ինչպես սպայական կազմի ոչ պատշաճ մասնագիտական պատարստությանը, այնպես էլ՝ վերահսկողական մեխանիզմների անկատարությանը։ Ընդ որում՝ վերահսկողության մեխանիզմներն դիտարկում ենք ավելի գլոբալ հարթության վրա․ խոսքն այն մասին է, որ մեր զինված ուժերը թե նախկին համակարգի օրոք և թե հեղափոխությունից հետո, ըստ էության, փաստացի դուրս են խորհրդարանի ու հասարակաության վերահսկողությունից։ Ժամանակն է հաղթահարել այն կարծրատիպը, թե բանակի մասին խոսելը կամ բանակին քննադատելը տաբու է։ Այս կեղծ թեզը տարիներ շարունակ նպաստել է, որ բանակում աճեն կոռուպցիոն միտումները, կուտակված խնդիրները՝ լուծվելու փոխարեն, համակարգային բնույթ ստանան։
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ քանի որ ինքը հիմնականում դիտարկում է փակ հաստատություններում մարդու իրավունքները, այս ոլորտներում հատկապես փոփոխություն չի նկատում։ «Բանակում, բացի Դավիթ Տոնոյանից, ուրիշ փոփոխություն չի եղել։ Մահերը շարունակվում են, այդ գործերի քննությունները նույն կերպ են ընթանում, շատ վատ քննություններ են կատարվում, գործերը չեն բացահայտվում։ Բանակում իրավիճակը շարունակում է մնալ անպատժելի։ Այլ, ակնառու նվաճումներ մարդու իրավունքների ոլորտում ես չեմ տեսել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպանը։
Ինքնին հասկանալի է, որ բանակի ռեֆորմի թեման պետք է դառնա քաղաքական, հանրային ընդգրկուն դիսկուրսի թեմա։ Իշխանությունները լուրջ հետևություններ պետք է անեն 2016-ի ապրիլյան պատերազմից, երբ բոլորիս աչքի առաջ պայթեց մարտունակ բանակի քարոզչական թեզը․ տասնյակ երկիտասարդներ դարձան բանակի մարտական անպատրաստության ու բարոյական մաշվածության զոհերը
Հեղափոխությունից հետո անհրաժեշտ է շեշտը դնել ոչ թե մեկ-երկու աղմկոտ կոռուպցիոն բացահայտումների, այլ՝ ինստիտուցինալ բարեփոխումների վրա, որոնք թույլ կտան, որպեսզի Հայաստանի զինված ուժերը որակական նոր մակարդակ արձանագրեն։ Սա ոչ միայն բանակում արմատախիլ կանի ոչ կանոնադրական հարաբերություններն՝ խնայելով տասնյակ երիտասարդ կյանքեր, այլ նաև՝ շեշտակի կբարձրացնի Հայաստանի անվտանգությունը՝ զսպելով Բաքվի ռազմատենչությունը։