Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ԱԱԾ ՊՊԾ պետի նախկին 1-ին տեղակալ Վաչագան Ղազարյանը մի քանի ամիս է դատական գործընթացների մեջ է ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի: Վ. Ղազարյանը դիմելով վարչական դատարան խնդրում է Հանձնաժողովին պարտավորեցնել ոչնչացնել իր և կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի 2017թ. տարեկան ու 2018թ. պաշտոնի դադարեցման հայտարարագրերը: Դատարանի որոշումը դեռ չի հրապարակվել:
2018թ. ընթացքում, բացի Վաչագան Ղազարյանից ևս 11 պաշտոնատար անձ է դիմել վարչական դատարան Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ: Գործերն ընթացքի մեջ են:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է գործունեության 2018թ. հաշվետվությունը: Նշված տարում հանձնաժողովն ընդունել է 11 124 հայտարարագիր, որը 2017թ-ի համեմատ աճել է 2.5 անգամ:
Հայտարարագրերի վերլուծության, ինչպես նաև լրատվամիջոցների հրապարակումների, քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացված ստուգումների արդյունքում հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 419 վարույթ: Այդ վարույթներից 256-ը վերաբերում է հայտարարագրերն օրենքով սահմանված ժամկետներում չներկայացնելու, 151-ը՝ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու, իսկ 12-ը՝ հայտարարագրի լրացման կարգի խախտման առերևույթ հատկանիշներով:
Հարուցված վարույթների արդյունքում 219 պաշտոնատար անձ ենթարկվել է «նախազգուշացում» վարչական տույժի, 68-ը տուգանվել են, 122-ի դեպքում գործի վարույթը կարճվել է և այլն: Հանձնաժողովի կայացրած վարչական ակտերի դեմ ներկայացվել է 5 բողոք, որից միայն մեկի դեպքում է հանձնաժողովի որոշումը բեկանվել և կարճվել:
#Compromat