Այս ճանապարհը լինելու է անվտանգ, մենք պետք է ապահովենք երկրի անվտանգությունը, սահմանների պաշտպանվածությունը: Այս մասին այսօր Բերդ համայնքում, պատասխանելով քաղաքացիների հարցրերին, ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ի տարբերություն այս իշխանության՝ մենք մեր ասածին տեր ենք կանգնելու»,-ասաց նա և հարց բարձրացրեց, թե կա մեկը, ով հավատում է այս իշխանությանը:
«Եթե մարդու ես հանդիպում, որ մի անգամ ինչ-որ սուտ է ասել, կամ ասել է ու չի արել, երկրորդ անգամ կասկածով ես լսում, երրորդ անգամ չես էլ ուզում բարևել: Սրանք կարող են օրական հինգ անգամ ստել, հետո էդ ստի վրա բռնվել, հետո որ ասես՝ էս սուտը սենց էր, կասեն՝ ո՞վ, ե՞ս»,-ասաց նա:
Նա նկատեց՝ ինչպես է մեծամտացել այս իշխանությունը, որ պատմության դասագրքերում արձանագրել են 2018 թվականի իրադարձությունները: Նա նշեց, որ մեծամտությունը գալիս է տգիտությունից:
Խոսելով եկեղեցուց՝ երկրորդ նախագահը նշեց. «Վեհափառ Հայրապետի հետ պարբերաբար, ռեժիմային հանդիպումներ ենք ունեցել միշտ, բոլոր հարցերը շատ արագ լուծվում էին՝ կապված եկեղեցու հետ: Ուղղակի այլ բնույթ էին կրում մեր հարաբերությունները, շատ գործնական, իմ կարծիքով՝ սա մի գործոն է, որը ազգային ինքնության հենասյուներից մեկն է և անթույլատրելի է հենասյունները քանդել»,-ասաց նա:
Անդրադառնալով Սորոսի հիմնադրամի գործունեությանը Հայաստանում՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ օրենքով պետք է կարգավորեն: «Մենք պարզապես օրենսդրական դաշտն ենք ձևավորելու, որից հետո կա՛մ խիստ սահմանափակումներ, կա՛մ ուղղակի արգելք է դրվելու նման կազմակերպության գործունեության առաջ: Երկու մոդել կա՝ կամ արգելում ես, մյուսը՝ իրենք պետք է ընդունեն, որ օտարերկրյա գործակալ են և եթե որպես օտարերկյա գործակալ, այդ աֆիշայով պատրաստ են հանդես գալ, ուրեմն վերահսկողության տակ կհայտնվեն»,-ասաց նա:
Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ նաև սահմանամերձ շրջաններում բնակչության անվտանգության ապահովման խնդրին: «Ես կողմնակից եմ, որ սահմանամերձ գյուղերի բնակչությունը զինված լինի: Զենքը չի կրակում, մարդն է կրակում, այդ տեսանկյունից որոշակի փորձ ունեցել ենք Նոյեմբերյանի հատվածոմ»,-ասաց նա:
Խոսելով Սփյուռքից՝ Քոչարյանը նշեց, որ գիտի՝ Սփյուռքում շատ են ուզում ունենալ Սփյուռքի նախարարություն, և այդ քննարկումներից եզրահանգման է եկել, որ կարող է լինել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարարություն: