Սերժ Սարգսյանը մարտի 1-ի մասին. ինչ են պարզել ՀՔԾ քննիչները

Կիսվել

Հատուկ քննչական ծառայությունը չի հաստատել ու չի հերքել, որ Մարտի 1-ի գործով մոտ հինգ ժամ հարցաքննվել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Մյուս կողմից, այդպիսի հարցաքննության բացակայությունը անտրամաբանական կլիներ: Ի վերջո, խոսքը մարդու մասին է, որը 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի գործող վարչապետ էր, պաշտոնապես ընտրված նախագահ, խորհրդարանի մեծամասնություն կազմող ուժի առաջնորդ:

Նա իշխանության իրական կրող էր, ըստ այդմ առկա են նվազագույն հարցեր: Օրինակ, Սերժ Սարգսյանը ի՞նչ մոտեցում է ունեցել ընդհանրապես ծավալվող տասնօրյա հանրահավաքների կապակցությամբ, նա ի՞նչ մասնակցություն է ունեցել դրանց հանդեպ իշխանության դիրքորոշման, քայլերի մշակման հարցում, ընդհուպ հենց մարտի 1-ի օրը: Նա ինչպե՞ս էր պատկերացնում իրադարձությունների հետագա զարգացումը փետրվարի 29-ին, երբ կոալիցիա էր կազմում պաշտոնապես երրորդ արդյունքն ունեցող թեկնածու Արթուր Բաղդասարյանի հետ: Հաշվի առնելով այն, որ Բաղդասարյանը հետո հայտարարել է պարբերաբար, որ հակառակ դեպքում՝ եթե չգնար կոալիցիայի, կլիներ ավելի մեծ արյունահեղություն: Ի՞նչ գիտեր Բաղդասարյանը, նրան ի՞նչ էր ասել Սերժ Սարգսյանը, որ նա գնացել էր իր համար քաղաքական մահ նշանակող կոալիցիային:

Սերժ Սարգսյանը տեղյա՞կ էր դրանից մի քանի ժամ անց՝ մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունից, գիտե՞ր, որ լինելու է այդ գործողությունը, ինչից էլ փաստորեն սկսվեց դեպքերի բախումնային եւ ի վերջո ողբերգական ընթացքը:

Օրվա ընթացքում Սարգսյանը ունեցե՞լ է տարակարծություն Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նրա որոշումների եւ մոտեցումների հարցում: Ինքը փորձե՞լ է կապ հաստատել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ հանգուցալուծել իրավիճակը: Թե՞ Սերժ Սարգսյանը չի արել իրավիճակի հանգուցալուծման որեւէ փորձ, նկատի ունենալով այն, որ միեւնույն է ամբողջ պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանի վրա է եւ իրադարձությունների բախումնային զարգացումը կաշխատի Ռոբերտ Քոչարյանի դեմ հետագա տասնամյակում, հատկապես, որ Սարգսյանը վստահ կլիներ, որ հետագա տասնամյակում Քոչարյանն աշխատելու է իր դեմ:

Հարցերի շրջանակը իսկապես լայն է: Սերժ Սարգսյանն ինքը անցնող տասնամյակում բավական քիչ է խոսել Մարտի 1-ի բուն զարգացումների մասին: Կարողացե՞լ են նրան «բացել» քննիչները, թե՞ նա ինքը չի խոսել եւ ասելիքը պահել է այն ժամանակահատվածի համար, որը կգտնի ասելու համար առավել նպատակահարմար:

Ի վերջո, Սարգսյանի հարցաքննությունը տեղի է ունենում հատկանշական ներքին ու արտաքին ժամանակահատվածում, երբ թավշյա հեղափոխությունը մի կողմից կապիտալիզացման ընթացքում է արտաքին քաղաքական, այդ թվում արցախյան հարցում, մյուս կողմից ինտենսիվացել է նախկին իշխող համակարգի կապիտալ ներդրումների հոսքը ներքին կյանքում այդ հեղափոխությունը տորպեդահարելու ուղղությումբ: Ո՞ր ուղղությամբ է իր խոսքը ներդրել Սերժ Սարգսյանը, ու՞մ  համարել ճիշտ, իսկ ում՝ սխալ:

Այլ լուրեր

Կարդալ նաև