Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Սիկզբ Մեդիա» ՍՊ ընկերության:
Դատական գործը քննվում էր դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ դատարան ներկայացված հայցադիմումում հայցվորը նշել է, որ 1in.am լրավական կայքում և «Ժամանակ» օրաթերթում, որոնք պատկանում են «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին, հունիսի 7-ին հրապարակվել են հոդվածներ, որոնցում տեղ են գտել Ռոբերտ Քոչարյանի պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկություններ, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:
Հանվարի 18-ին «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվեց գործով վճիռը, որով Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայցը բավարարվել է մասնակի:
«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը պարտավոր է www.1in.am ինտերնետային կայքում 07.06.2018 թվականին հրապարակված՝ «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի դեմ, վերջինս կալանավորվել է», 23.06.2018 թվականին հրապարակված` «Ռոբերտ Քոչարյանի խուճապը, երկրորդ նախագահը` բանտի ճանապարհին», 24.06.2018 թվականին հրապարակված՝ «Հակահեղափոխության արյունոտ սիմվոլը` Ռոբերտ Քոչարյան», 28.06.2018 թվականին հրապարակված՝ «Քոչարյան-Սարգսյան Արյունոտ քսանամյակի շահառուները» վերնագրերով հոդվածներում տեղ գտած Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունը կհերքվի հետևյալ կերպ. վճիռը օրինական ուժ ստանալուց հետո 2 օրվա ընթացքում առավոտյան ժամը 09:00-ին (սահմաններում) www.1in.am ինտերնետային կայքում պետք է հրապարակվի հերքում, այն մասին, որ վերոնշյալ վերնագրերով հոդվածներում տեղ գտած Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի վերաբերյալ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է:
Պատասխանող կողմը պետք է հայցի նաև Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ներողամտությունը վերջինիս վերաբերյալ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունը արատավորելու համար:
Դատարանի վճռով՝ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կբռնագանձվի 400.000 դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Իսկ հայցվորի հայցը` մնացած` 1.600.000 դրամ, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում բռնագանձելու պահանջի մասով, մերժվել է:
«Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կբռնագանձվի նաև 12.000 դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Պետական տուրքի հարցը մնացած՝ 32.000 դրամի մասով համարվել է լուծված:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` վճռի հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: