Վերջին օրերին բավականին ուշագրավ իրադարձություններ արձանագրվեցին «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի և նրան ներկայացվող մեղադրանքների հետ կապված: Գիտեք, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ԱԱԾ-ն բավականին ընդարձակ հաղորդագրություն էր տարածել, իհարկե՝ շոշափելով նաև նրա հոր՝ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի անունն ու նրան ներկայացված մեղադրանքները:
Այս ամենն էլ ավելի հետաքրքրական երանգավորում է ստանում նույնպես այս օրերին արձանագրված մեկ այլ կարևոր իրադարձության լույսի ներքո: Խոսքը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի վերջին երկու տեսագրված ելույթների մասին է, բայց հատկապես՝ առաջինի: Միքայել Մինասյանը շատ ուղիղ տարբերակով պատմեց, թե 2019 թվականի փետրվարին հատկապես ի՛նչ առաքելությամբ կամ Նիկոլ Փաշինյանի ինչպիսի հանձնարարությամբ էր Հռոմում իր հետ հանդիպման գնացել ԱԱԾ այն ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանը: Ի դեպ, ուշադրության է արժանի նաև հանդիպման ժամանակահատվածը՝ 2019-ի փետրվար: Այսինքն, այդ գործարքի առաջարկը նախաձեռնվել է այն բանից հետո, երբ ԱԺ արագացված արտահերթ ընտրություններով (2018-ի դեկտեմբեր) Նիկոլ Փաշինյանը գրավել էր նաև օրենսդիր իշխանությունը, և խորհրդարանում գործնականում բացարձակ մեծամասնություն է նրա «շվաքում» ձևավորված՝ «Իմ քայլը»: Ըստ այդ պատմության, իշխանության բուրգում տեղն ամրապնդելուց հետո, Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ տնօրենի տեսքով բանագնաց էր ուղարկում իր կողմից հրապարակային ելույթներում այդքան մերժելի Միքայել Մինասյանի մոտ, ըստ նույն պատմության՝ հանցավոր գործարքի առաջարկությամբ: Առաջարկությունը այն է եղել, որ Միքայել Մինասյանն «իքս» հիմնադրամին մուծում է «սիմվոլիկ գումար» և ստանում երաշխիք, որ իր դեմ քրեական իսկ ենթադրվում է, որ քաղաքական հետապնդում չի իրականացվի, լրացուցիչ պայմանով, որ մնում է արտերկրում, այսպես ասած՝ «առոք-փառոք» ապրելու:
Հետքարքրական է մի դիտարկում․ եթե մեկը մեկ ուրիշին մի բան է առաջարկում, ապա դա խելամիտ տարբերակ է համարում, ներքուստ ընդունում է, որ նույնպիսի իրավիճակում ինքը կհամաձայներ նման առաջարկությանը: Սա՝ ի միջի այլոց։
Բնութագրականն նաև այն է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ժամանակին ինքն էր հայտարարել, որ նման հանդիպում եղել է, և դա եղել է վարչապետ Փաշինյանի հանձնարարությամբ: Թե՛ այն ժամանակ, թե՛, մանավանդ, Միքայել Մինասյանի հայտարարությունից հետո, Նիկոլ Փաշինյանը չհերքեց ո՛չ նման «գործարք» առաջարկելու, ո՛չ նման առաջարկով բանագնաց ուղարկելու պահերը: Դա փոխհատուցվեց իշխող ռեժիմի և նրա քարոզչական սպասարկուների բուռն և հուզախառն արձագանքով, մեկ էլ՝ Մինասյանի դեմ ուղղված մեղադրանքով գործ հարուցվեց:
Բայց ամենից հետաքրքրականն այս պատմության մեջ այլ բան է: Այն, թե Արթուր Վանեցյանը կամ «նախկինների» հետ ինչ-ինչ կապերի (գոնե հանդիպել, խոսելու) տեղ թողած ու երկու տարի առաջ «թավշյա» պիջակ հագած մեկ այլ բանագնաց քանի՞ նման գործարք է առաջարկել «հանցավոր ռեժիմի» այլևայլ ներկայացուցիչների, տարբեր հնչեղ անուններով ու մականուններով դեմքերի: Հասկանալի է՝ Փաշինյանի հանձնարարությամբ:
Նրանցից քանի՞սն է համաձայնել նման գործարքների, քանի՞սն է մուծվել: Որքա՞ն է, օրինակ, «ինդուլգենցիայի» դրույքաչափը, թե՞ դա լողացող կուրս է, ասենք, մեկի դեպքում 2 միլիոն դոլարն է խորհրդանշական դիտվել, մյուսի դեպքում՝ 10 միլիոնը, նայած, թե անցած տասնամյակներում «Հայկական ժամանակը» քանի միլիոն է վերագրել այս կամ այն նախկինին:
Հակառակ կողմից մոտենանք: Արդյոք այն, որ Գագիկ Խաչատրյանը հիմա կալանավորված է, նրա որդու նկատմամբ հետախուզում է հայտարարված, իսկ «Յուքոմ» ընկերությունն էլ «ռեյդերական զավթման» տակ է (պարզ ասած՝ զոռով խլելն է), չի՞ նշանակում կամ առնվազն տեղ չի՞ տալիս ենթադրելու, որ «գործարք» է առաջարկվել, որն այս կամ այն պատճառով մերժվել է: Գագիկ Խաչատրյանին «քաղաքական դեմք» ամեն դեպքում չես համարի, ուստի տրամաբանական է թվում ենթադրությունը, որ նրանից երևի այն չափի «գերսիմվոլիկ» գումար են ակնկալել «թավշյա» նորիշխանապետերը, որ նա մերժել է: Համենայն դեպս, մամուլում արդեն խոսակցություններ են շրջանառվում, թե ավագ Խաչատրյանին առաջարկվել է մի 300 միլիոն դոլար մուծվել, պատասխանը բացասական է եղել և, խնդրեմ՝ կալանք, մեղադրանքներ, քրեական գործ, ու որպեսզի քիչ չթվա, նաև որդու նկատմամբ քրեական հետապնդում, տնօրինած ընկերության խլում և այլն:
Միջանկյալ նկատենք,որ Փաշինյանի իշխանությունն առաջին անգամ չէ, որ նախաձեռնած հետապնդումները ձգտում է տարածել կամ տարածում է թիրախավորած անձի ընտանքի անդամների, հարազատների վրա: Ամենից ցայտունն, իհարկե, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վրա հարձակումն էր, երբ Փաշինյանի իշխանությունը, ամեն գնով նպատակին հասնելու համար չխորշեց նրա հոր, դստեր և քրոջ վրա տարաբնույթ ճնշումներ կիրառելուց (խուզարկություն, ԱԱԾ կանչել, իշխանական մանկլավիկներով խմբագրության դռների վրա հարձակվել):
Գործող իշխանության նմանօրինակ դրսևորումները կրկնակի, անգամ՝ եռակի են ընդգծվում որպես բացասական նկարագիր, քանզի նույն այդ «թավշյա» նորիշխանավորներն ու հենց Փաշինյանը «անուն են հանել» ու նաև իշխանության են հասել հենց նմանօրինակ երևույթներ քննադատելով: Հիմա, երբ ինքն ունի անսահմանափակ իշխանություն, հավեսով անում է այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էր՝ ջղագրգիռ ելույթներով: Բնութագրական է, բնականաբար:
Ի դեպ, բնութագրի մասին: Նույնիսկ այն «նախկինները», որոնք ենթադրաբար գնացել են գործարքի, մուծվել են և կարծում են, թե ինչ-որ բան են պայմանավորվել Նիկոլ Փաշինյանի հետ, մոլորության մեջ են: Հնարավոր չէ պայմանավորվել որևէ մեկի հետ, ով իր մոտեցումներն ու խոսքերը փոխում է մարտյան եղանակային տատանումներից ավելի հաճախ: