Չորս երիտասարդ մեղադրվում են իրենց ընկերոջը ծեծելով սպանելու մեջ, քանի որ նա հրաժարվել է գարեջուր խմել ու տուն գնալու ցանկություն է հայտնել։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Երեւանում, սակայն տուժածը մարմնական վնասվածքներով հայտնաբերվել է Կոտայքում, որից օրեր անց մահացել է։
Այսպես՝ 2017թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 11:50-ին, բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել առ այն, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի վերջնամասից «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել անձը չպարզված մի տղամարդ, ով ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Հետագայում պարզվել է, որ երիտասարդը Երեւանի բնակիչ է՝ ծնված 1991 թվականին։ Դեպքի ժամանակ եղել է 26 տարեկան։ Վերջինս դրա նախօրեին՝ օգոստոսի 30-ին հանդիպել էր ընկերներին, որոնք էին դարձել են նրա վերջին տեսնողները։
5 տղաներ, որոնց թվում նաեւ 26-ամյա Արմեն Սարգսյանը շրջել են վարձակալված «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով։ Էրեբունի թաղապետարանի վարչական շենքի մոտ տուժողը պահանջել է կանգնեցնել մեքենան, որպեսզի ծխախոտ գնի։ Տուժողը և տղաներից մեկն իջել են ավտոմեքենայից։ Նրանք երկուսն էլ ալկոհոլի ազդեցության տակ են եղել և ծխախոտը տարբեր խանութներից գնելու շուրջ սկսել են վիճել։ Այնուհետև առանց այն գնելու կրկին նստել են ավտոմեքենա։ Նախքան ավտոմեքենայի շարժվելը՝ տղաները որոշել են գարեջուր խմել, սակայն տուժողը հրաժարվել է և տուն գնալու ցանկություն հայտնել։ Դա վրդովվեցրել է մեքենայում գտնվողներին եւ հենց ավտոմեքենայի մեջ սկսել ծեծել նրան՝ տարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, նաեւ՝ գլխին։
Օգոստոսի 31-ին վաղ առավոտյան տուժողին տեղափոխել են Կոտայքի մարզի Սոլակ գյուղ, որտեղ ել նրան թողել են ու հեռացել։ Նույն օրն անգիտակից վիճակում նա հայտնաբերվել է և տեղափոխվել «Հրազդան» ԲԿ։ Երեք օր անց՝ սեպտեմբերի 3-ին, գիտակցության չգալով մահացել է։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ չորս երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով խմբի կողմից սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7,10 կետերով։
Քրեական գործն ուղարկվել է դատարան, որը կքննվի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ։