26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

Ուշագրավն այն է, որ գաղտնազերծված ձայնագրությունում Փաշինյանը խոստովանում է, որ մտածված, ներկայանալով անադեկվատ, իրեն գժի տեղ դնելով, տապալել է բանակցային գործընթացը. «168 ժամ»

Կիսվել

«Հայաստանում ընթացող ամենալարված և պետության համար ճակատագրական նախընտրական քարոզարշավի առաջին փուլում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գաղտնազերծած ձայնագրությունը Նիկոլ Փաշինյանին կրկին գցել է իր ստացած բանակցային ժառանգությունը քննադատելու և իր վարած ղարաբաղյան քաղաքականությունը մաքրագրելու արատավոր շղթայի մեջ:

Նիկոլ Փաշինյանն ըստ էության քննադատում է ՀՀ բոլոր նախկին ղեկավարների քաղաքականությունը, թերևս, մի փոքր «խնայելով» միայն Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, և 2020 թվականին տեղի ունեցած ողբերգական պատերազմի ողջ պատասխանատվությունը ջանում է գցել նախկին ղեկավարների, նրանց օրոք բանակցված փաստաթղթերի, ինչպես նաև միջազգային հանրության, մասնավորապես՝ համանախագահների վրա:

Ի՞նչ է ասում Փաշինյանը

Գաղտնիք չէ, որ Ղարաբաղյան բանակցությունները ՀՀ բոլոր իշխանությունների օրոք անցել են ծանր ու խնդրահարույց մթնոլորտում, միախառնված աշխարհաքաղաքական կենտրոնների, տարածաշրջանային տերությունների, հակամարտող կողմերի հակասող շահերով ու առճակատումներով, սակայն ՀՀ դիվանագիտությունը, ըստ էության, կարողացել է զսպել Ադրբեջանի հավակնությունները, կարողացել է Ադրբեջանին պահել բանակցային սեղանի շուրջ՝ ժամանակ առ ժամանակ մեծ դժվարությամբ, կարողացել է արդյունավետորեն համագործակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հետ, նրանց համար ընկալելի և ընդունելի դարձնելով իր մոտեցումները:

Օրերս Գեղարքունիքի մարզում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հրապարակեց իր խոստացած ձայնագրությունը Նիկոլ Փաշինյանի մասին, որտեղ վերջինս խոսում է ղարաբաղյան բանակցություններից, պատմում, որ 2018 թվականի մայիսին Սոչիում իրեն են մոտեցել Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն, ասել, որ ինքն ունի ժողովրդական մեծ վստահություն, ու դա պատմական շանս է Ղարաբաղի հարցը լուծելու համար, և կրկին առաջարկել են Լավրովյան պլանը, իսկ Փաշինյանը նշել է, թե առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման՝ դա ընդհանրապես քննարկելու թեմա չէ։

Ըստ Փաշինյանի՝ Պուտինը, Նազարբաևն էլ, Լուկաշենկոն էլ, ասել են՝ Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղն այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինի: Ապա Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասում է․ «Ինձ համար պարզ էր, էդտեղ իմ խնդիրը հստակ ձևակերպվեց, որ ինչ ձևով էլ ուզում է լինի, պետք է էս կանվեյերի վրայից թռնել, թռնել, ուրիշ տեղ հայտնվել։ Դա կլինի, կներեք արտահայտությանս համար, մի քիչ գժի տեղ դնելով, կլինի մի քիչ նեադեկվատ թվալով, բայց դա կլինի, պետք է այդ կոնվեյերի վրայից դուրս պրծնել»։

Արձագանքելով ձայնագրությանը՝ Փաշինյանն ասաց, որ միջնորդները հետագա զարգացումների և կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ, ըստ էության, արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը: Ըստ նրա, նախկինում գոյություն ուներ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձև, հետո գոյություն ուներ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձև, 2016-2018 թվականները ձևակերպվեց և 2016-ի Ապրիլյան պատերազմով ամենավերին աստիճանի լրջացավ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձևը: Եվ իրենք, Փաշինյանի խոսքով, 2018-ին բանակցային գործընթացը ժառանգել են մի իրավիճակում, երբ որ սեղանի վրա դրված է եղել «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձևը, և շատ կարևոր է արձանագրել, որ միջնորդները, միջազգային հանրությունը ՀՀ-ի առաջ դրել է խնդիր՝ վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց: «Ես ԱԺ ամբիոնից էլ եմ ասել, որ շատ է խոսվում այն մասին, որ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձևն ունեցել է «5+2» բանաձև:

Իրականում «5+2» բանաձև գոյություն չի էլ ունեցել, որովհետև այդ 2-ը ՀՀ-ի համար պրոցես է ինչ-որ իմաստով՝ հետաքրքիր, գայթակղիչ դարձնելու մեջ էր հարցը: Եվ այդ 2-ը այն պահեստային հատվածն էր, որով այս տարբերակը պետք է ֆորմալ առումով զիջվեր հետագայում՝ Ադրբեջանի համար ընդունելի դարձնելու: Հետևաբար, պետք է արձանագրենք, թե իրադրության զարգացման ինչ հնարավորություն կար 2018-ի մայիսի դրությամբ. առաջին՝ «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձևը, երկրորդ՝ ներքին տեղահանվածների անվան ներքո ադրբեջանցիների վերադարձ ԼՂ: Իսկ որտեղ պետք է վերադառնային, սարերում, անտառներում էին ապրելո՞ւ, ապրելու էին այնտեղ, որտեղև ապրել էին շարժման մեկնարկից առաջ: Եվ հետո ի՞նչ, հետո ոչ մի բան, կապրենք՝ կտեսնենք: Իսկ հետո մենք ապրում և տեսնում ենք Նախիջևանը: Սա է ամբողջ պատմությունը»,- մանրամասնել էր նա՝ շարունակելով, որ միջնորդները, որոնք այս բանակցային գործընթացը պետք է տանեին կարգավորման, ըստ էության, ձևակերպել են Ադրբեջանի մոտեցումները և վեկտորալ ուղղությունը՝ որպես բանակցային հետագա գործընթացի զարգացում:

 Ի՞նչ կար իրականում. տապալվեց Վիեննայի օրակարգը

Փորձենք հակիրճ, բայց դիպուկ հիշեցումներով անդրադառնալ փաշինյանական բանակցային կեղծիքներին:

Ակնհայտ է, որ հետպատերազմյան շրջանում բանակցային գործընթացը դնելով լիովին այլ փաթեթավորման մեջ, Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ցույց տալ, որ պատերազմն անխուսափելի էր, չի եղել որևէ բանակցային բազա, և, որ իր իշխանությունը մեղավոր չէ: Սակայն հատկապես վերջին ամիսներին թե նախկին ղեկավարները, ԱԳ նախարարները, համանախագահ Պոպովն իրենց հրապարակումներում ապացուցել են, որ եղել է բանակցային այնպիսի ժառանգություն, որը նույնիսկ առանց որևէ վերապահման ընդունելն այսօր միայն երազանք կլիներ, քանի որ հայկական կողմը չէր ունենա մի քանի հազար երիտասարդ զոհ ու հավելյալ տարածքային կորուստներ՝ Հադրութի, Շուշիի տեսքով, ինչպես նաև ներկայումս հայ-ադրբեջանական սահմանի խախտում:

Ուշագրավն այն է, որ գաղտնազերծված ձայնագրությունում Փաշինյանը խոստովանում է, որ մտածված, ներկայանալով անադեկվատ, իրեն գժի տեղ դնելով, տապալել է բանակցային գործընթացը, փորձելով նոր ճանապարհով ընթանալ, որից խոսում էր իր իշխանությունը ստանձնելուց որոշ ժամանակ անց, որով էլ ըստ էության նախադրյալներ ստեղծեց պատերազմի վերսկսման համար:

Մասնավորապես 2019 թ․ ապրիլին նա նշել էր, որ բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ սեփական կետից, այսինքն՝ մերժելով բանակցային նախկին օրակարգը: Մինչ այդ 2018 թ․ սեպտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու, օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծելու վերաբերյալ, ինչը ստացել էր վերելակային դիվանագիտություն անվանումը, որն ըստ էության նշանակեց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունների տապալում, որոնք 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ նախկին իշխանությունների ձեռքբերումն էին, քանի որ ենթադրում էին շփման գծի երկայնքով ԵԱՀԿ հետաքննությունների մեխանիզմների ներդրում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում: Սա 2016 թ․ կարճատև պատերազմին հաջորդած դիվանագիտական գործընթացի ձեռքբերումն էր, որը Փաշինյանը հրապարակային զրոյացրեց, քանի որ նրա իշխանության բարդույթն էր՝ չշարժվել նախկին իշխանությունների ձեռքբերումների ճանապարհով:

Եվ արդյունքում՝ ինչպե՞ս իրեն դրսևորեց ուղիղ կապը Փաշինյանի և Ալիևի միջև, Դուշանբեի պայմանավորվածությունների համաձայն, որը չուներ որևէ միջազգային վերահսկողական բաղադրիչ, ևս տեսանք պատերազմի ընթացքում: Սրան զուգահեռ՝ առարկայական բանակցությունների մասով Փաշինյանի իշխանությունը պահանջում էր Արցախի վերադարձ բանակցային սեղան և ակնկալում էր նոր առաջարկներ համանախագահներից, ըստ էության մերժելով սեղանին եղած վերջին փաստաթուղթը, որը հայտնի է «Լավրովյան պլան» կամ Կազանյան պլանի մոդիֆիկացված տարբերակ անվանմամբ:

Միջազգային հանրությունը «մոռացավ» Արցախի հայանպաստ կարգավիճակի մասին

Առարկայական բանակցությունների գլխավոր խնդիրն Արցախի կարգավիճակի հարցն է, որին որևէ անդրադարձ չկա հետպատերազմյան նոյեմբերի 9-ի հայտարարությունում: Միանշանակ է, որ մինչ Փաշինյանի իշխանությունն

Ադրբեջանը և միջազգային հանրությունը միակամ է եղել Արցախի կարգավիճակի հարցում, եղել է ընկալում, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սա ևս կարելի է համարել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թեզը, որը նա բազմիցս բարձրաձայնել է իր հրապարակային ելույթներում: Նույնիսկ գաղտնազերծված ձայնագրությունում Փաշինյանը խոստովանում է, որ Պուտինը, Նազարբաևն ու Լուկաշենկոն պնդում են, թե Ալիևը հասկանում է, որ Ղարաբաղը չի լինի Ադրբեջանի կազմում: Ավելին, միջնորդները ոչ թե պահում էին Ադրբեջանի վեկտորալ ուղղությունը, այլ, ինչպես Իլհամ Ալիևն էր պնդում 2016 թ․ հոկտեմբերին. «Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը: Մենք շատ մանրամասներ չենք բացահայտում, քանի որ կան դիվանագիտական կանոններ»:

Ի դեպ, երբ Ն․ Փաշինյանը խոսում է «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» սկզբունքից, առաջարկում ենք հիշել ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը 2008-2018 թթ․ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին: Նալբանդյանը նշում է, որ համանախագահների առաջարկած և կողմերի միջև բանակցությունների առարկա դարձած բոլոր աշխատանքային փաստաթղթերը ենթադրել են լեռնայինղարաբաղյան հակամարտության փաթեթային լուծում փուլային իրականացմամբ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցվածությամբ, այդ թվում՝ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի հստակեցումը քվեարկության միջոցով՝ ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտումն արտացոլող և միջազգային իրավական պարտադիր բնույթ ունեցող, և ֆիքսվում էր, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումը չի սահմանափակվելու ոչնչով՝ նախատեսելով ցանկացած կարգավիճակ ընտրելու հնարավորություն։

Ըստ Նալբանդյանի՝ հայկական կողմն այս ողջ ընթացքում չի քննարկել հակամարտության կարգավորման որևէ աշխատանքային փաստաթուղթ, որը չի նախատեսում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում։ «Եվ պատահական չէ, որ ՀՀ ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- նշում է նա:

Ավելին, չափազանց կարևոր հանգամանք, որից ևս խոսվում է հոդվածում: ՀՀ նախկին արտգործնախարարը նշում է, որ համանախագահ երկրները հետագա բոլոր տարիների ընթացքում իրենց հայտարարություններում բազմիցս ընդգծել են հենց այդ 3 սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի կիրառության բացառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք, հիման վրա հակամարտության կարգավորման կարևորությունը: Իսկ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիշատակման մասին համանախագահները «մոռացել են» միայն Փաշինյանի իշխանության օրոք:

Ի դեպ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը Ն․ Փաշինյանի բարդույթներից ելնելով՝ չէր օգտագործում նախկին իշխանությունների օրոք հաստատված դիվանագիտական ձևակերպումներն ու ձեռքբերումները, ամեն կերպ խուսափում էր հղում կատարել Վիեննայի օրակարգին, դրան որոշակի փուլում նույնիսկ «Դուշանբե +» անվանումը տալով:

 Մերժվեց «Լավրովի պլանը»

Հետաքրքրական բացահայտում արեց նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հունիսի 10-ին հրավիրված իր ասուլիսում՝ ներկայացնելով իր և Նիկոլ Փաշինյանի 2018 թ․ ամռան հանդիպման մանրամասները, հերքելով Փաշինյանի պնդումը, թե այդ հանդիպման ժամանակ ինքն ասել է. «հողերը պետք է տաս»: «Իր տանն եմ եղել, հաստատ ձայնագրել է նա, թող ցույց տա։ Ինձ միշտ մտահոգել է ԼՂ հարցը, և իրականում գնացել էի մեկ բան ասելու. Փաշինյանին ասել եմ՝ քո առաջին գործը պետք է լինի՝ ֆիքսել այն ժառանգությունը, որ ստացել ես Սերժ Սարգսյանից»,- պատմեց Տեր-Պետրոսյանը։ Առաջին նախագահը նաև ասաց, որ Լավրովյան պլանը 2018 թ․ կար, Սերժը պետք է ստորագրեր և մի կողմ քաշվեր: «Ասեց, ստորագրում եմ, համաձայն եմ»,- նշեց Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ կար նաև կոնսենսուս համանախագահ երկրների միջև ու ճնշում Ալիևի նկատմամբ, և Ալիևը պատրաստ էր ստորագրել:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր փետրվարյան հարցազրույցում, ներկայացնելով Լավրովյան պլանը՝ ասել էր, որ Կազանյան փաստաթղթի Մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակը Լավրովն առաջարկել էր համանախագահների անունով: Ըստ նրա, դա ենթադրում էր, որ Ադրբեջանը ճանաչում է, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ բնակչությունը՝ առանց որևէ ժամկետային սահմանափակումների։

«Բայց այդպես պետք է լինի՝ Ադրբեջանը դա պետք է ընդունի, միջազգային հանրությունը դա պետք է հաստատի։ Այդ պարագայում ես նորից վերադառնում եմ ՀՀ, իմ թիմակիցներին համոզում եմ, որ այսպիսի լուծման կամ կիսալուծման պարագայում մենք պարտավոր ենք Ադրբեջանին վերադարձնել 5 շրջանները, ունենալ ԼՂ միջանկյալ կարգավիճակ, իսկ այդ միջանկյալ կարգավիճակի մասին ես ասացի, այնուհետև նույն պրոցեսը՝ ԼՂ, մարտական ընկերներ, Ղարաբաղի իշխանություններ»,- ասել էր Սարգսյանը, բացառելով Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նրա խոսքով, այդ տարբերակը բացառվում էր, որովհետև այդ դեպքում ադրբեջանցիները երբեք հետ չէին ստանալու ո՛չ Լաչինը, ո՛չ Քարվաճառը։

«Այսինքն՝ այդ տարբերակի ամբողջ իմաստը կայանում էր նրանում, որ Լաչինի և Քարվաճառի՝ Ադրբեջանին վերադարձնելու ժամկետը շատ սերտորեն կապակցված էր ԼՂ անկախության մասին հանրաքվե անցկացնելու հետ»,- պարզաբանել էր Սարգսյանը, շարունակելով, որ ոչ միայն պատրաստ էր ստորագրել, այլ բացառապես համաձայնել էր մնալ ՀՀ վարչապետ, որ իրականացնի այդ տարբերակը։ Ի դեպ, այս մասին որոշակի մանրամասներ է հայտնել նաև ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն իր վերոնշյալ հոդվածում:

«Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, ով լավատեղյակ է բանակցային բովանդակությանը, նշել է, որ 2016թ. հունվարյան փաստաթուղթը որոշակի դետալներով էր միայն տարբերվում 2011թ․ Կազանյան փաստաթղթից, և նորից իրականության հետ որևէ առնչություն չունի Փաշինյանի այն պնդումը, թե 2011թ․ հետո այլևս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց գոյություն չուներ, երբ Ալիևը հրաժարվեց Կազանում այդ փաստաթուղթը ստորագրելուց, և խոսքն ընդամենը գնում էր տարածքների վերադարձի մասին:

«Ընդ որում, Փաշինյանն իր հոդվածում մի քանի անգամ խոսելով 5+2 բանաձևի մասին, որևէ կերպ չի բացատրում՝ ինչ էր նշանակում այն»,- ասաց Վարդան Պողոսյանը՝ հավելելով, որ Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ Հայաստանը պատրաստ էր հանձնել 7 տարածքները՝ ոչնչի դիմաց: Ըստ նրա, եթե Կազանում խոսքը գնում էր այն մասին, որ 5 տարվա ժամանակահատվածի ընթացքում պետք է բանակցվեին նաև ԼՂ կարգավիճակի, Լաչինի միջանցքի հետ կապված խնդիրները, Քելբաջարի վերադարձի պայմանները, մնացած խնդիրները, ապա 2016թ. հունվարյան փաստաթղթում նման դետալացում չկար, և դա բացատրելի էր, որովհետև համանախագահ երկրները և, առաջին հերթին՝ Ռուսաստանը, իսկապես ցանկանում էին խնդրի կարգավորմանը հասնել:

«Եվ եթե 2011թ․ Ալիևը բազմաթիվ վերապահումներ ներկայացրեց այդ փաստաթղթի վերաբերյալ, բնականաբար, ՌԴ-ն և մյուս համանախագահող երկրները պետք է փորձեին ավելի լայն ըմբռնման եզրեր փնտրել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բայց 2016թ. հունվարյան փաստաթուղթն ուղղակիորեն ենթադրում էր, որ տարածքների վերադարձը պետք է շաղկապված լինի ԼՂ վերջնական կարգավիճակի հետ, և նաև այդ խնդիրների լուծումից հետո պետք է ամբողջությամբ վերականգնվեին տնտեսական, քաղաքական հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել էր Վարդան Պողոսյանը:

Ամփոփելով՝ հիշեցնենք նաև ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովի հունվարյան մեկնաբանությունը:

Նա նշել էր, որ ռուսական առաջարկների ներքո, հավանաբար, ենթադրվում է կարգավորման փուլային ծրագիրը, որի վերջին խմբագրված տարբերակը փոխանցվել է կողմերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից 2019 թ․ հունիսին:

«Այդ պլանի հիմքում, որը մեծապես համընկնում է Կազանի փաստաթղթին, ԼՂ կարգավորման բազային սկզբունքներն են, որոնց շարքում՝ 5 շրջանների վերադարձն Ադրբեջանին առաջին փուլում, իսկ երկրորդում՝ երկու, ի դեպ, շեշտեմ դա հատկապես, ԼՂ կարգավիճակի հստակեցման շղթայի մեջ: Առաջին փուլում Երևանի շահերն արտացոլող այլ բաղադրիչների շարքում՝ ԼՂ-ի՝ ազգաբնակչության կենսագործունեության լիակատար կազմակերպումն ապահովող իրավունքների ճանաչումը, ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստերին, ապաշրջափակումը, սահմանների բացումը, կողմերի կողմից ուժի չկիրառման և այլ պարտավորությունների ընդունումը: Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները հենց այնպես, մոռանալ կարգավիճակը և հանգստանալ՝ չի համապատասխանում իրականությանը»,- նշել էր Պոպովը:

Վերջինիս խոսքով, ինչ վերաբերում է ԼՂ վերջնական կարգավիճակի խնդրի լուծման տարբերակներին, ապա վերջին տարիներին բանակցային սեղանին դրված առաջարկները նախատեսել են, որպես վերջնանպատակ, մեջբերում է. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում` կողմերի համաձայնեցրած ժամկետում` ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո, Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ արտահայտում արտացոլող և իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ ունեցող` միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխանող համապետական քվեարկությամբ: Ի դեպ, քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները որևէ բանով չեն սահմանափակվելու, իսկ ցանկացած արդյունք կողմերը հարգելու են»:

«Իմիջիայլոց, առաջարկվում էր նաև դիտարկել Լաչինի միջանցքի լայնությունը և կարգավիճակը միայն երկրորդ փուլում` հաշվի առնելով Քելբաջարի և Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջան»,- պարզաբանել էր Պոպովը:

Ի վերջո, ռուսական առաջարկները մանրամասնել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատերազմի ընթացքում տված իր հարցազրույցում: Նա նշել էր «ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների բովանդակությունն արդեն հայտնի է. դա փուլային, աստիճանաբար Ղարաբաղի շուրջ տարածքների ազատումն է՝ Լեռնային Ղարաբաղին անվտանգության երաշխիքների տրամադրմամբ, և մինչ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ապահովելով հուսալի կապ Ղարաբաղի ու Հայաստանի միջև։ Այս սխեման քաջ հայտնի է»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը՝ շարունակելով, որ այս տխուր իրադարձությունները պետք է օգնեն ակտիվացնել քաղաքական գործընթացը՝ զուգահեռ հողի վրա անվտանգության հարցերը լուծելով։ Ըստ նրա, բոլոր պայմանավորվածությունները, որոնք վերջին շրջանում են քննարկվել և որոնք լրջորեն են ընկալվել կողմերի կողմից, առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում՝ 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման հարցը։

«Իսկ առաջին փուլում, բացի 5 շրջանների վերադարձից, կբացվեն բոլոր կոմունիկացիաները, տնտեսական, տրանսպորտային կոնտակտները, և կտեղակայվեն խաղաղապահներ, որոնք կերաշխավորեն, որ ռազմական գործողություններ չեն վերսկսվի»,- նշել էր Լավրովը:

Այս հրապարակմամբ ավելորդ ենք համարում նույնիսկ հիշատակել Փաշինյանի այն պնդումները, թե Շուշիի հանձնումն Ադրբեջանին մշտապես եղել է բանակցային սեղանին, ինչը հերքվեց հենց ՀՀ ԱԳՆ-ի կողմից: «Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց»,- ասել էր ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը:

Ըստ էության, «տարածքներ՝ ոչ մի բանի դիմաց» բանաձևից խոսում է միայն Նիկոլ Փաշինյանը: Այս պահի դրությամբ նույնիսկ նրա հետ աշխատած ԱԳ նախարարները որևէ կերպ չեն հաստատում նրա պնդումները, և նախկին ղեկավարների, ԱԳ նախկին նախարար Նալբանդյանի, ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Պոպովի, ՌԴ ԱԳ նախարար Լավրովի և մի շարք այլ մասնագետների պնդումները թույլ են տալիս ենթադրել, որ Փաշինյանին նախորդող իշխանության թողած բանակցային ժառանգությունը պարզապես մսխվել է՝ հայ ժողովրդին կանգնեցնելով ողբերգական պատերազմի առջև»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այլ լուրեր

Կարդալ նաև