18.1 C
Yerevan
Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի, 2024

Որքան թափ է հավաքում պայքարը, այնքան ակտիվանում է Նիկոլ Փաշինյանը

Կիսվել

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը շարունակում է ոչ միայն չմարել, այլ հակառակը՝ նոր թափ է հավաքում, շարունակվում է փողոցային պայքարը, դասադուլին են մասնակցում գրեթե բոլոր բուհերը։ Այսօր էլ Սրբազանը երթով քայլեց դեպի Նկարիչների միություն, Գրողների միություն, Գիտությունների Ազգային Ակադեմիա, գրեթե բոլոր տեղերում նրան ընդունեցին ջերմ ու բարեկամաբար, փաստելով՝ որ կողմ են շարժմանը։ Այսպիսով, քայլ առ քայլ բոլոր կառույցները հերթով ուղղակի կամ դեռևս անուղղակի միանում են իշխանության դեմ մղվող պայքարին։

Ընդհամենը 6 տարի է անցել, երբ նույն ոգևորությամբ ու հույսերով ժողովուրդը գնում էր Նիկոլ Փաշինյանի հետևից, այսօր արդեն նախկին սիրո և բարձր վարկանիշի փշրանքներով ապրող վարչապետը սոցցանցերում փորձում է տպավորություն ստեղծել, որ ժողովուրդն իրեն դեռ սիրում է, այնինչ ՔՊ-ականների նյարդային պահվածքը փաստում է, որ իրենք էլ են ընդունում, որ նախկին վստահությունը չունեն։

Այս օրերին, երբ ՔՊ-ականները ակտիվորեն գրառումներ են անում սոցցանցերում՝ ի աջակություն վարչապետի, տարածվում են նաև ներքին չատերի ու խմբերի սքրինշոթեր, որտեղ հրահանգվում է՝ ինչ գրել և ինչպիսի պահվածք ցուցաբերել։ Օրինակ, այդպիս մի գրառման մեկնաբանությունում, որտեղ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը, ինչպես ինքն է գրել, խնդրում և հորդորում է տեղադրել վարչապետի նկարը և գրել․ «Մեր պատասխանը Բագրատին՝ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան», պատգամավոր Լուսինե Բադալյանը հակադարձում է, ասելով․

«Անկեղծ՝ ինչ ասեք, անեմ, բացարձակ խնդիր չկա, բայց արժի՞ որ պատգամավորները էդպես անեն։ Պարզ ա չէ՞, որ մենք իր զինվորներն ենք, ապացուցելու կար՞իք կա։ Եսիմ, հուսով եմ հուզական առաջարկ չի, մի բան մտածել-հաշվարկել եք) Ավելի լավ չի՞ լինի հարցնենք իսկ ո՞վ է ձեր թեկնածուն, կամ որևէ այլ բովանդակություն»։

Պարզվում է, պատգամավորները Նիկոլ Փաշինյանի զինվորներն են, իսկ այլոց կոչ են անում լինել հայրենքի զինվոր և բոլորին ուղարկում սահման պահելու։

Որքան թափ է հավաքում պայքարը, այնքան ակտիվանում է Նիկոլ Փաշինյանը, մեկ որոշեց չնախատեսված ասուլիս ունենալ, հետո արժեահամակարգերի վերաբերյալ անհասկանալի գրառում արեց, երեկ էլ մարզեր այցելության էր։ Թվում է՝ նորմալ է, որ վարչապետն այցելի մարզեր, տեղում ծանոթանա իրավիճակին, բայց զավեշտալի է, երբ վարչապետն ասում է, որ չնախատեսված կանգառ էր, մինչդեռ նրան ընդունում են աղ ու հացով, զգաստ, պատրաստված։ Իհարկե, այստեղ կարող է լինել արդարացում, որ Բամբակաշատում պարզապես պատրաստ սպասում էին՝ աղ ու հացով խմբելով գյուղամիջում, հուսալով, որ վարչապետը կայցելի իրենց, բայց այս սցենարը կաշխատեր 2018-2019 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանն իսկապես սիրված ու սպասված էր։ Վարչապետի ֆեյսբուքյան այս տեսանյութերի ու գրառումների հավանումներ էլ են վկայում, որ նախկին սերը նա չի վայելում։ 1 մլն հետևորդ ունեցող վարչապետի գրառումներին հավանություն են տալիս ամենաշատը 3 հազար մարդ, որոնց մեծ մասը պատգամավորներ, նախարար, փոխնախարարներ, պետական տարբեր կառույցներում աշխատող մարդիկ են, որոնց համար  գրառումը չհավանելը կարող է աշխատավայրում խնդիրներ առաջացնել։

Տաթև Կոստանդյան

Այլ լուրեր

Կարդալ նաև