Արտատպված է Ազգային ժողովի նախկին պատգամավոր` Արա Սիմոնյանի Telegram-ի ալիքից:
Ովքե՞ր են «նիկոլի վկաները», ինչու՞ են նրան պաշտպանում։ Էլ ի՞նչ պիտի լինի, որ համոզվեն, որ սա մեր Հայրենիքը տանում է կործանման։
ՀՀ նախկին փոխվարչապետ ու իմ բարեկամ Արմեն Գևորգյանն օրերս շատ ճիշտ ու խորը վերլուծել էր ու ներկայացրել այդ մոլորյալներին՝ կանանց, ովքեր անմոռաց կերպով պաշտպանում ու աջակցում են այս «երևույթին»։ Լիովին համամիտ եմ ու համաձայն, այդպես է, որ կա։
Բա տղամարդի՞կ, նրանք ինչու՞ են պաշտպանում ու աջակցում են այս թյուրիմացությանը։
Այն, որ ժամանակակից տեխնոլոգիաները արմատապես փոխեցին սոցիալ-հոգեբանական մթնոլորտը՝ ուղղորդված աշխատելով մեր կայացած արժեհամակարգը ձևախեղելու և ենթարկվող-ագրեսիվ խավ ստեղծելու համար, կասկածի տակ չի դրվում։
Երկրորդ հանրապետության փլուզումից հետո տասնյակ ու հարյուր հազարավոր մարդ մնաց առանց աշխատանքի և նրանց ճնշող մեծամասնությունը տղամարդիկ էին։ Ավանդական հայկական ընտանիքում դարեր ի վեր եկամուտն ապահովել է տղամարդը՝ աշխատելով, վաստակելով ու իր ուսերին կրելով ընտանիքի բարեկեցության պատասխանատվությունը։ Սովետական պետությունը ո՛չ միայն ստեղծում էր աշխատատեղեր, ապահովում աշխատանքով, այլև պատժում էր չաշխատելու, «ձրիակերության» համար։ Նոր հասարակարգում տղամարդիկ, իրենց ուսերին կրելով ընտանիքը պահելու պարտավորությունը և մնալով առանց աշխատանքի, նետվեցին այն փնտրելու քաոտիկ հորձանուտը՝ ճնշող մեծամասնությամբ չգտնելով իրենց պատշաճ գործը, ստիպված լինելով բավարարվել «ինչ գործ պատահի» իրականությամբ։ Իսկ սպառողական հասարակությունում «ինչ պատահին» շատ հաճախ տանում է կամ ո՛չ քո հնարավորություններին ու կարողություններին համապատասխան տեղ, կամ էլ՝ ընդհանրապես ոչ մի տեղ։ Այս պայմաններում կտրուկ ավելացավ քաղաքային բեսեդկաներում ու գյուղամիջերում մշտական գրանցվածների թիվը։ Այս մարդկանց քննարկումների թեման, տրտնջալուց ու դառը բախտից բողոքելուց բացի, սկսվում էր «թե ասա էն Քենեդիին խի սպանեցին»-ով ու վերջանում «բա մեկը չլիներ, էս թալանչիներից խլեր՝ մեզ տար»-ով։
Երբ ռուսական Եկատերինա II կայսրուհու մոտ գալիս են իր խորհրդականներն ու պատմում, որ Եվրոպայում մի նոր խաղ են հորինել, կոչվում է «լոտերեա» ու հորդորում, որ այդ խաղն անցկացնեն իրենց մոտ՝ Ռուսաստանում, ինչը շատ մեծ եկամուտներ կբերի գանձարանին, կայսրուհին տալիս է մեր նոր ժամանակների համար ապշեցուցիչ պատասխան – «Մենք այնքան հարուստ չենք, որ մեզ թույլ տանք խաբել սեփական ժողովրդին»։
Այսօր մենք ականատեսն ենք բազմատեսակ ու բազմազան վիճակախաղերի, շահույթով խաղերի, տոտալիզատորների բուռն տարածմանն ու ծաղկմանը մեր իրականության մեջ։ Ինչու՞։ Որովհետև նույնիսկ հազիվ ծայրը ծայրին հասցնող մարդը հույս է դնում – շահեմ՝ մարդավարի ապրեմ, կամ գոնե այս ամսվա վարկը, թեկուզ՝ լույսի փողը փակեմ։ Ու տարավ․․․ գնաց խորտակման հերթական ընտանիքը։
Եվ հանկարծ հայտնվում է մեկը / իհարկե՝ ոչ ամենևին պատահականորեն/, ով ասում է – «Հեսա էդ թալանչիներին հարստահարելու եմ՝ բաժանեմ ձեզ»։ Յա՞, անզուսպ ոգևորությամբ ողջունում են այս «մեսսիայի» հայտնությունը բեսեդկաներում ու գյուղամիջերում։ Ու սկսվում է անդադար մանիպուլյացիան։ Մարդիկ, անտեսելով այն աներևակայելի կորուստներն ու ողբերգությունը, որ կրում ենք բոլորս միասին, դեռևս սպասում են, որ հիմա էլ «թավիշը վերածվելու է պողպատի», որ ի վերջո սա խլելու է, բաժանի իրենց ու իրենք «օդից հարստանալու են»։ Մարդիկ տանը հաց չունեն, բայց նստած քննարկում են ու ոգևորվում, թե՝ տեսա՞ք, այսինչին բռնեցին։ Բա չհարցնե՞նք՝ «Ձեզ ի՞նչ»։ Ձեզ ինչպես խաբել են, այնպես էլ շարունակում են խաբել։ Դրանից ձեզ ոչ մի լումա չկա ու չի էլ լինելու։ Ու եթե անգամ մարդն իր հոգու խորքում զգում է, որ խաբած է, չի կարողանում ինքն իրեն խոստովանել, էլ ուր մնաց՝ դա անի հրապարակայնորեն։
Ու շարունակվում է մանիպուլյացիայի այս շղթան՝ ամեն անգամ նոր մեղավորներ առաջարկվելով – նախկիններ, ապաշնորհ թիմ, ծախված գեներալներ, ռուսներ, անգիտակից ժողովուրդ, և այսպես շարունակ։
Իմ սիրելի, խեղճացված ու խաբված հայեր, հատկապես՝ տղամարդիկ, դուք ձեր երեխաներին օրորոցից սովորեցնում եք, որ խաբել չի կարելի, իսկ ինքներդ հավատում ու ընդունում եք այս մեծագույն խաբեբային, որն անխնա ու սառնասիրտ խաբում է ձեզ ու օգտագործում իր շահերի համար։
Վերջապես հասկացեք, որ իրականության մեջ երկնքից 3 խնձոր չի ընկնում, իսկ Քաջ Նազարն էլ, որ վախից բարձրացել էր ծառը, այնտեղից պատահաբար չի ընկնում վագրի վրա ու գալիս-դառնում թագավոր, նրան այդտեղ խնամքով նստեցնում են և ուղարկում հատուկ նպատակներով․․․
Իսկ մեջտեղում ժողովուրդն է տուժում։
Իր խելքից, երբեմն՝ անդառնալիորեն․․․
ԽԵԼՔԻ ԵԿԵ՛Ք
ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր` Արա Սիմոնյան