Մինչ պատկան մարմինները ոչ վաղ անցյալի կոռուպցիոն սխեմաներ են բացահայտում, կարծես թե առավել բացահայտ` բոլորիս աչքի առաջ մի նոր կոռուպցիոն սխեմա է գործում վարկային շուկայում:
Ոչ մեկի աչքից չի կարող վրիպած լինել ողջ քաղաքը ողողած «արագ», «շտապ», «առանց երաշխավորի», «տեղում», «անմիջապես» եւ այլ գաղթակղիչ գրառումներով գովազդային թերթիկները` վարկեր տրամադրելու մասին: Եթե հաշվի առնենք նաեւ սոցիալական ցանցերում րոպեն մեկ հայտնվող նույնատիպ գովազդները, սխալված չենք լինի ասել, որ Հայաստանում այսօր «վարկային բում» է:
Փորձեցինք գնալ հայտարարությունների հետեւից` խնդրելով, օրինակ 1 միլիոն դրամ: Լրացնելով ֆեյսբուքում գովազդով տարածվող առցանց լրացվող թերթիկը, մեկ ժամվա ընթացքում զանգ ստացանք: Բարեհունչ աղջկական մի ձայն 2-3 հարց տալուց հետո հավաստիացրեց, որ վարկ կարող ենք ստանալ, բայց դրա համար անհրաժեշտ է այցելել իրենց գրասենյակ: Եվ քանի որ այդ գրասենյակը մեր գտնվելու վայրից հեռու չէր, որոշեցինք անմիջապես այցելել: Քաղաքի կենտրոնում, սակայն մի խուլ անկյունում գտնվող գրասենյակում բարեհունչ ձայնով բարետես աղջնակն անմիջապես սկսեց ձեւաթուղթ լրացնել: Այնքան արագ էր կատարվում գործողությունը, որ կարողացանք գործավարին կանգնեցնել միայն վարկի պայմաններին ծանոթանալու խնդրանքից հետո: Պարզվեց, որ գրասենյակն այդ միջնորդ կազմակերպություն է. միջնորդում է տարբեր բանկերին մեզ` շարքային քաղաքացիներիս վարկ տրամադրել եւ վստահեցնում, որ հաշվված ժամերի ընթացքում գումարն անպայման ստանում ենք: Եթե, օրինակ, մի բանկ մերժում է, փորձում են մեկ այլ բանկի հետ «լեզու գտնել» այնքան մինչեւ «գործը գլուխ է գալիս»: Ու վերջ: Տարբեր բանկերում վազվզելու փոխարեն քո այդ գործն անում է միջնորդ կազմակերպությունը: Կարելի է սա ընդունելի համարել, իհարկե, եթե մեծ գումար չուզեն:
Ի մի բերելով մի քանի նման կազմակերպության առաջարկած պայմանները, ստացանք հետեւյալ ընդհանուր երկու պատկերը.
ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
- միջնորդ կազմակերպությունը տարեկան 8% է ավելացնում բանկից ստացված գումարին,
- միջնորդ կազմակերպության 8-12% տարեկան գումարը` 3 տարվա կտրվածքով, որ կազմում է 25-35%, վարկն ստանալու պահին տեղում պետք է վճարել իրենց:
- Ստացվում է 1 միլիոն դրամ վարկ ստանալու համար փաստացի ստանում ես 750-650 հազար դրամ, այնուհետեւ, սահմանված ժամանակացույցով, որպես 1 միլիոն դրամ ստացած վարկառու` 1 միլիոն դրամին համապատասխան բանկի վարկային տոկոսներով հանդերձ, մարումների գործընթացը շարունակում ես բանկի հետ: Միջնորդ կազմակերպության հետ այլեւս գործ չես ունենում. նա իր գումարը տեղում վերցնում եւ դուրս է գալիս գործարքից:
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
- Միջնորդ կազմակերպությունը (դարձյալ որեւէ բանկի հետ) գործարքը կատարում է որեւէ կենցաղային սարքավորում ապառիկ ձեռք բերելու միջոցով. այսինքն` դու իբր 1 միլիոն դրամի ապառիկ հեռուստացույց կամ լվացքի մեքենա ես ձեռք բերում:
- Ապառիկի ձեւակերպման պայմաններով 1 միլիոն դրամ ստանալու դեպքում միջնորդ կազմակերպությանն այս դեպքում վճարում ես գումարի 30-40 տոկոսը:
- Ստացվում է 1 միլիոնի փոխարեն ստանում ես 650-600 հազար դրամ: Այնուհետեւ սահմանված ժամանակացույցով, որպես 1 միլիոն դրամ ստացած վարկառու` 1 միլիոն դրամին համապատասխան բանկի վարկային տոկոսներով հանդերձ, մարումների գործընթացը դարձյալ շարունակում ես միայնակ` բանկի հետ: Միջնորդ կազմակերպությունն այս անգամ վերցնում է իր 350-400 հազար դրամը ու այլեւս նրա հետ գործ չես ունենում:
Լավ, ասենք միջնորդ կազմակերպությունն ու վարկառուն փոխհամաձայնության են գալիս եւ գործարքը կատարվում է` մեղքն իրենց…
Բայց որն է այստեղ կոռուպցիոն սխեման:
Երբ բարեհունչ ձայնով բարետես աղջնակը հարցնում էր, թե ունեմ այլ վարկեր եւ եթե ունեմ, արդյոք մարելու ընթացքում ուշացումներ եղել են, պատասխանեցի, որ ունեմ 200 հազար դրամի ապառիկի վարկ, որը 23 ամիս պատշաճորեն մարում եմ ու տակն առանձնապես մարելու բան չի մնացել եւ խորհուրդ տվեցի իմ գումարի համար դիմել հենց այն բանկին, որտեղ ունեմ բարեխիղճ մարումների պատմություն, թեեւ ինքս էլ կարող եմ դիմել: Այստեղ բարեհունչ ձայնով բարետես աղջնակը նախ հարցրեց, թե որ բանկը նկատի ունեմ, եւ իմանալով` ասաց, որ այդ բանկն ինձ 1 միլիոն դրամ չի տա:
— Իսկ ինչու իմ բանկը ձեզ կտա, ինձ` ոչ,- հարցրեցի:
— Մեր առավելությունն էլ դա է,- պատասխանեց հայտնի բարետեսը:
Հետաքրքրության համար որոշեցի փորձել եւ մեկ ժամ անց գնացի իմ բանկն ու, իսկապես, ասացին, որ ինձ 1 միլիոն դրամ տալ չեն կարող եւ բավական հիմնավոր փաստարկներ բերվեցին:
ՀԱՐՑ. Ինչու եւ ինչպես է հնարավոր միջնորդ կազմակերպության միջոցով 1 միլիոն դրամի վարկ ստանալ հենց այն բանկից, որտեղ քեզ, նույնիսկ որպես բարեխիղճ վճարող, մերժում են:
Հոդվածի նպատակն այն չէ, որ կոնկրետ կազմակերպությունների եւ կոնկրետ մարդկանց նկատմամբ իրավական հետապնդում հարուցենք, ուստի նկարներում ծածկել ենք հեռախոսահամարներն ու կազմակերպությունների անվանումները: Սակայն հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում 1 միլիոն դրամ վարկ ստանալու համար ստիպված էինք լինում 20-30% հավելյալ գումար վճարել «տակից գործ դզողներին»:
Հոդվածի նպատակն այն է, որպեսզի պարզաբանվի, արդյոք նախկինում «տակից գործ դզողների» 20-30% «վերխերն» այժմ էլ չեն պահպանվում վարկային ինչ-որ խուլ անկյուններում ծվարած մի փոքրիկ գրասենյակում գործող միջնորդ կազմակերպությունների միջոցով:
Արմեն Գևորգյան
Սկզբանաղբյուր՝ «Չորրորդ իշխանություն»