Նման հարկային համակարգով տնտեսական հեղափոխության մասին խոսելը… լուրջ չէ

Կիսվել

Ռեստորանների հայկական միությունը ի նշան բողոքի որոշել է հունվար ամսին մեկ օրով գործադուլ հայտարարել: Բողոքն ուղղված է կառավարության կողմից սննդի ոլորտում հարկման նոր համակարգի գործադրման դեմ, որի արդյունքում ժամանցի վայրերում սննդամթերքի գների թանկացումն անխուսափելի է դառնալու, ինչն էլ բացասաբար կանդրադառնա ընդհանրապես տնտեսության, տուրիզմի զարգացման, գրավչության, աշխատատեղերի վրա: Մեծանալու է հավանականությունը, որ տնտեսվարողները սկսեն թաքցնել եկամուտները՝ խուսափելով հարկերն ամբողջությամբ վճարելուց: Դա էլ իր հերթին կբերի ռեստորանների և ընդհանրապես ժամանցի վայրերի եղած մրցակցային առավելությունների ու հասանելիության նվազման: Համաձայն բողոքավորների՝ առաջին բարձրացումից հետո արդեն իսկ արձանագրվել է տուրիստական ամրագրումների 40%-ով չեղարկում։ Նրանք պնդում են, որ եթե ռեստորաններում սննդամթերքի գները մի քիչ էլ բարձրանան, մյուս ամրագրումների մի զգալի մասը ևս կչեղարկվի։

Ինչի հետևանք է ստեղծված իրավիճակը: Նախատեսվում է, որ գործող 6% շրջանառության հարկը արդեն այս հունվարին կավելանա 2%-ով, ևս 2% էլ կգումարվի 2020թ.-ին: Նշենք, որ մինչև 2018թ. հուլիսի 1-ը այս ոլորտում գործել է արտոնագրային վճար, որը միայն հուլիսի 1-ից է փոխարինվել 6% շրջանառության հարկով: Ստացվում է, որ հարկային հերթական «բարեփոխումների» արդյունքում արդեն 2020թ.-ից ռեստորանները վճարելու են 10% շրջանառության հարկ։

Ելնելով դրանից՝ դեռ դեկտեմբերին Ռեստորանների միությունը կառավարությանն առաջարկել է հինգ տարով սառեցնել շրջանառության հարկի հետագա բարձրացումը, որպեսզի հնարավոր լինի խուսափել սպասարկման օբյեկտներում մի շարք անցանկալի զարգացումների խորացումից: Առաջարկը մնացել է անպատասխան: Այդուհանդերձ, ռեստորանատերերը որոշել են սպասել մինչև ձևավորվի կառավարությունը և իրենց պահանջը հասցեատեր ունենա։ Չնայած մինչ այդ նույն հարցի առնչությամբ դիմել են հարկային պատասխանատու մարմիններին, ֆինանսների նախարարության համապատասխան կառույցներին ու որևէ սպառիչ պատասխան չեն ստացել: «Արդեն տարիուկես է՝ կառավարության հետ փորձում ենք համաձայնության գալ, բայց անօգուտ: ՊԵԿ գործողությունները կտրված են իրականությունից, հեռու են բիզնեսի շահերից, տեղիք են տալիս լրջագույն դժգոհության: Բազմաթիվ անգամներ դիմել ենք ներկա իշխանություններին, առաջարկներ ներկայացրել, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ մանրամասնել դրանք: Բայց կառավարությունում վստահ են, որ իրենց թվերը ճիշտ են՝ անգամ բազմաթիվ անգամներ ապացուցելուց հետո, որ այս ոլորտում իրենց հաշվարկած եկամուտները չեն գոյանում»:

Բիզնեսն աղմկում է, մինչդեռ կառավարությունում, առավել ևս Պետեկամուտների կոմիտեում լռում են։ Օրերս Երևանի ոչ մեծ հյուրանոցներից մեկի հաշվապահը պատմեց, որ մասնակցել է վերջին ամիսներին հարկայինի կողմից կազմակերպված նշյալ բարեփոխումներին վերաբերող դասընթացներից մեկին, որում ներկայացրել են ՊԵԿ-ի նոր մոտեցումներն ու մեխանիզմները: Եվ երբ փորձառու, պրոֆեսիոնալ հաշվապահները դասընթացներն անցկացնողներին, որ նույնպես շատ լավ տիրապետել են նյութին, բազմաթիվ դեպքերում փաստերով ապացուցել են, որ մատուցվածը չի աշխատելու, որ ներկայացված նոր մոտեցումները, մեծ հաշվով, ակնկալվող արդյունքը չեն ապահովելու՝ ընթացքում ստեղծելով լրջագույն խնդիրներ երկու կողմերի համար էլ, դասընթացը վարողները միանշանակ ընդունել են, որ դա այդպես է: «Մենք էլ ենք ղեկավարներին բացատրում, բայց ավելին անել չենք կարող, որովհետև եթե պնդենք, հաջորդ օրը աշխատանքից կթռնենք: Ստիպված անում ենք այն, ինչ ասում են»:

Ստացվում է, որ ռեստորանատերերի պնդումները, որ ՊԵԿ-ի գործողությունները իրականությունից կտրված են, այնքան էլ անհիմն չեն: Եթե նույնիսկ ընդունենք, որ ռեստորանատերերն ու հյուրանոցատերերը վիճակն ավելի մուգ գույներով են ներկայացնում, քան իրականում կա, ապա Պետեկամուտների կոմիտեին որևէ մեկը չի արգելում հարցի առնչությամբ պարզաբանումներ տալ:

Ի վերջո, հեղափոխությունից հետո սա առաջին դեպքը չէ, որ հարկայինին վերաբերող մեղադրանքներից, դժգոհություններից, անգամ աղմուկից հետո այնտեղից որևէ պարզաբանում, մեկնաբանություն չի հնչում: Այս դեպքում նույնը կրկնվում է հերթական անգամ, ու հատկապես ցավալի է, որ Ռեստորանների միության ներկայացուցիչները որևէ տարանջատում չեն մտցնում նախկին, նախահեղափոխական ու այսօրվա հարկային ծառայությունների միջև՝ կարծես ոչինչ չի փոխվել:

Ստացվում է, որ իրականում էլ շատ բան չի փոխվել, և եթե այս ամիսներին սրանք ձեռնպահ են մնում որոշակի գործողություններից, դա դեռ չի նշանակում, որ այստեղ ամեն ինչ փոխվել է, մաքրվել: Ի վերջո, անվստահությունն ու կասկածը, թափանցիկ գործունեության իսպառ բացակայությունն ու ստվերային մեծ գումարների շրջանառությունն էին նաև՝ հատկապես այս ոլորտում, որ մարդկանց դուրս բերեցին փողոց: Որովհետև ցանկացած, անգամ երկու աշխատող ունեցող բիզնեսի ուղին անպայման անցնում է հարկայինի միջանցքներով:

Այսօր հանրապետության վարչապետը խոսում է տնտեսության ոլորտում իրականացվելիք հեղափոխության մասին: Մինչդեռ որևէ երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնել հնարավոր չէ, քանի դեռ այդ երկրի տնտեսության ողնաշարը հանդիսացող պետական եկամուտների համակարգը ճողվածք ունի: Մեր պարագայում այն արտահայտված է լուրջ դրսևորումներով, ու այս ամիսներին այդպես էլ վիրահատական որևէ միջամտություն չի իրականացվել, պարզապես թմրեցրել ու սպասում են. թե ինչի՝ դեռ պարզ չէ: Մինչդեռ հաջող վիրահատությունից հետո (որի ուղղությամբ որևէ շարժ չի երևում) միայն կարելի կլինի խոսել տնտեսական հեղափոխության մասին:

Այլ լուրեր

Կարդալ նաև