Փետրվարի 12-ին Ներքին Հանդում հայտնաբերվել էր 40-ամյա Գոռ Ասատրյանի դին։ ԵԿՄ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ կազմակերպության անդամ Ասատրյանը նախորդ օրը, նախնական, տվյալներով հանկարծամահ է եղել։ Սակայն քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ասատրյանին սպանել են։
Լրատվամիջոցներին ՔԿ-ից հայտնել են, որ 2024թ․ փետրվարի 12–ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ ԵԿՄ անդամ Գ․ Ասատրյանը առավոտյան քնից չի արթնացել և, ըստ նախնական տվյալների, հանկարծամահ է եղել:
«Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է քննչական խմբին։
Նախաքննության ընթացքում նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ կատարված դիահերձման, ինչպես նաև այլ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տ․Կ․-ի և Գ․ Ասատրյանի միջև ծագած վիճաբանությունից հետո, փետրվարի 12-ի գիշերը՝ 00․05-ի սահմաններում, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարված է հասցրել մահճակալին պառկած Գ․ Ասատրյանի պարանոցի շրջանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և մահացել։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Տ․Կ․-ին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- ասացին ՔԿ-ից։
Նախաքննությունը շարունակվում է։




























