Մոսկվաբնակ «փրկիչներ», քաղաքական «բառիգներ», միայնակ քաղաքական բլոգեր և լքված ժողովուրդ

Կիսվել

Գործող իշխանությունների վարկանիշը վաղուց արդեն այն չէ, ինչ 2018-2019 թվականին։ Իշխող համակարգի դեմ դժգոհությունների ալիքը վաղուց  կարող էր նոր իշխանության ձևավորման սկիզբ լինել, եթե մարդկանց առաջնորդող գոնե մեկ քաղաքական ուժ լիներ։ Արդեն մի քանի անգամ համաժողովրդական ընդվզման մեծ ալիքներ եղել են, սակայն այդպես էլ զարգացում չի եղել։ Առանց ռեալ քաղաքական առաջնորդի, հասուն քաղաքական մտքի գեներացման՝ դաշտ են նետվում իրենց  ընդդիմադիր հռչակած ուժեր, որոնց արդյունավետությունը չի երևում։

Վերը նշվածի համատեքստում այսօր մենք ականատես ենք լինում հետևյալ պատկերին՝ բազմաթիվ մարդիկ ՀՀ տարբեր բնակավայրերում բողոքի ցույցեր են անում, տավուշյան իրադարձություններով անհանգիստ են, մտահոգ վաղվա համար, փորձում են իրենց ուժերի ներածի չափով գոնե իրավիճակի վրա ազդոցություն ունենալ, սակայն  չունենալով առաջնորդող ուժ, որը բացի պաթոսախառը ճառերից` գործողությունների ճանապարհային հստակ քարտեզ կունենա, ընդվզման բոլոր փորձերը դեռ ձևավորման փուլում ձախողվում են։

Սա հասարակության մասով, իսկ ի՞նչ պատկեր է ընդդիմադիր դաշտում։

Նախ սկսենք արտախորհրդարանական ընդդիմությունից։ Օրինակ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր համերաշխությունն է հայտնել  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, այսքանով իր դերը համարելով ավարտված՝ չնայած վերջերս  բողոքի ակցիաներ էր կազմակերպում Երևանում և հայտարարում, որ հենց այն ուժն է, որը կարող է իշխանություն փոխել։

Դիտորդի դերում է նաև վերջերս ստեղծած «Համայկական ճակատ» կուսակցությունը, որի լիդեր Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ռուսաստանից հայրենք է  փրկում, իր շուրջ համախմբվելու կոչ անում՝ մոռանալով, որ իր նորաստեղծ կուսակցության համագումարին ներկա/նախկին հեղինակավոր ոչ մի քաղաքական ուժի ներկայացուցիչ չեկավ, չշնորհավորեց իրեն, ցույց տալով, որ իր մուտքը քաղաքական ասպարեզ արդեն իսկ տապալված է։ Դեռևս հիմնադիր համագումարին, Զումով միացած Կարապետյանը Մոսկավայից ասում էր, որ պետք է այնպես անել, որ ժողովուրդը չլքի պապական հողերը։ Զավեշտալի է, այնպես չէ՞․ Մոսկվայում բնակություն հաստատած նախկին պաշտոնյան կոչ է անում չլքել հայրենիքը։ Ցույց տվեք մի մարդու, ով կհավատա Կարապետյանի ազնիվ նկրտումներին՝ հետևելով նրան միայն Զումով։  Ցույցերի մի քանի անհաջող փորձ այս «կուսակցությունն» արդեն արել է՝ մի քանի հոգի, այն էլ այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ՀՀ և ՌԴ դրոշ և բարձրախոս, ահա այն ամենը, ինչին ընդունակ են  Արշակ Կարապետյանն ու իր թիմը, որի համակարգմամբ զբաղվում է Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին կարկառուն ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանը, ում գործողություններն այս օրերին նույնպես անհասկանալի են և անտրամաբանական։

Բացի նախկին նախարարը՝ հեռվից հայրենիք սիրող էլի «փրկիչներ» ունենք․ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, լինելով Մոսկվայում,  ևս կուսակցություն է  հիմնել, որի մի քանի համակիրները այս օրերին ևս երթեր են անում, քաղաքական ակտիվություն են ցույց տալիս, բայց նրանց մոտ ևս նույն պատկերն է, ինչ Արշակ Կարապետյանի մոտ։ Այստեղ միայն մեկ տարբերություն կա թերևս, որն արդարացնում է Միհրան Պողոսյանի՝ երկրից դուրս լինելը․ ԴԱՀԿ նախկին ղեկավարը հետախուզման մեջ է և եթե մուտք գործի ՀՀ, ապա ձերբակալվելու է, ինչի խնդիրը դեռ չունի Արշակ Կարապետյանը։

Այս օրերին գործուն քայլերով առանձնանում է թերևս ԴՕԿ կուսակցությունը՝ իր հիմնադիր Վարդան Ղուկասյանի հետ, որը նույնպես գտնվում է հետախուզման մեջ, սակայն կարողանում է իր թիմի հետ ճիշտ աշխատել։ Նրա համակիրները փորձում են իրավիճակը փոխել, ընդվզել և պայքարել, սակայն սակավաթիվ լինելու պատճառով իրավապահները շատ արագ տապալում են և բիրտ ուժով բերման ենթարկում ոստիկանության բաժիններ։

Այս համատեքստում չենք տեսնում երբեմնի ակտիվ ընդդիմադիր և պայքարող գործիչների՝ Արթուր Վանեցյանին, Գագիկ Ծառուկյանին, Զարուհի Փաստանջյանին, Հայկ Մարությանին, ասպարեզում չեն երևում Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, Անդրիաս Ղուկասյանը և նրանք, ովքեր պատրաստ էին մի կատվի վնասված ոտքի համար  անգամ օրերով բողոքի երթ իրականացնել։ Նույնիսկ  Վարդգես Գասպարին, դեռևս ոչ մի անգամ չի պառկել հատակին՝ չնայած որ եղանակը բարենպաստ է։ Լրիվ այլ է ԱԺԲ-ի պահվածքը՝ միայն այնտեղ են, որտեղ կա ագրեսիա, առանձնանում են ընդդիմությունից՝ ներկայանալով որպես բացառապես առանձին ուժ, սակայն բացի անպտուղ խոստումներից, ոչ մի ռադիկալ քայլի դեռևս չեն դիմել, իսկ հայրենքիը փրկելու խոստումներ՝ ինչքան ասես։

Տավուշում առաջին իսկ օրից ՀՅԴ-ի ներկայացուցիչներ կան, բայց հիմնականում ակտիվ երիտասարդներն են, իսկ ահա հայկական հնամենի կուսակցության վերնախավն այնուամենայնիվ զգուշություն է ցուցաբերում և այնքան խիստ չէ իր քննադատություններում, որքան այս իրավիճակում անհրաժեշտ է։ Իսկ այն լծակները, որոնք ունի այս կուսակցությունը խորհրդարանում, վատնում է կառավարության անդամների հետ կսմիթներով հարցուպատասխան կազմակերպելու վրա։ Ասել է թե՝ շոու են ապահովում։ Նույն կարգավիճակում է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։

Խորհրդարանական ընդդիմությունն ուզի, թե ոչ, գոնե հաջորդ գումարման ժամանակ ձայներ հավաքելու համար պետք է լինի ակտիվ, պետք է ցույց տա, որ ժողովրդի կողմից նվիրած մանդատը միայն Նիկոլ Փաշինյանին և նախարարներին հիմնականում անբովանդակ և անլուրջ հարցեր տալու համար չէ, այլ գոնե աշխատելու, մեր պետության ու պետականության պահպանմանը միտված քայլեր անելու համար է։

Հանուն արդարության, չենք կարող չնշել, որ խորհրդարանական ընդդիմության հատուկենտ ներկայացուցիչներ, այդուհանդերձ առանձնանում են, պայքարի մեջ են, գետնի վրա ցույց են տալիս իրենց ներկայությունը։ Սակայն, այդ նույն ընդդիմության առանձին ներկայացուցիչներ էլ այդ ամենն անում են քաղաքական դիդվիդենտներ, ռեյտինգներ, լայքեր ու քոմենթներ հավաքելու համար։

Սակայն այս ամբողջ ներկապնակում այդպես էլ լիդեր, ղեկավար, քաղաքական խոսք գեներացնող անձնավորություն չկա։ Արդյունքը՝ համընդհանուր քաոս և բարդակ։

Այսպիսով, ժողովրդի հույսը կրկին ինքն է, քաղակտիվը, այստեղից այնտեղից հայթայթած ինֆորմացիան  և բազմաթիվ ու բազմագույն փորձագետները։ Յուրաքանչյուրն իր մտքի թռիչքով կա՛մ ահասարսուռ ապագայի մասին են գուժում, կա՛մ պայծառ, տնտեսական աճով կյանք կանխատեսում։ Սակայն բավական է միայն մի քանի տասնյակ հազար մարդ հավաքվի մի վայրում, մի քանի րոպեում կհավաքվեն բոլոր «փրկիչները», կորածները, քաղաքականապես չեզոքներն ու անգամ հիմա վառ մի  ՔՊ-ական կտրուկ կդառնա ընդդիմադիր։ Պայքարի ճանապարհը բարդ է, հաղթանակը՝ գրավիչ։

Քաղաքական գործիչները այժմ հանգիստ սպասում են, թե ով է իր վրա վերցնելու  համախմբման ամբողջ ծանր բեռը, իսկ քանի որ չկա նման մեկը, այս անգամ էլ պայքարի ոգին կմարի, կիարանցին կհամակերպվի այնպես, ինչպես շուռնուխցին, նրան էլ կխոստանան տներ, փոխհատուցում, և ցիկլը կշարունակվի։

Հաջորդ հանդիպումը ընդդիմության հետ կլինի ընտրություններին, երբ ընդդիմադիր ուժերը Տավուշ կգնան պորտֆոլիոյով՝ այս օրերին բազմաթիվ սելֆիներ և եթերներ են հասցրել անել։

Այլ լուրեր

Կարդալ նաև