Շուրջ մեկ ամիս առաջ պարզ դարձավ, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզից ռազմավարական տարածքների զիջման գործընթաց սկսել։ Տարբեր հարթակներց ամենաշատ հնչող թեման թերևս այս ամբողջ ընթացքում Տավուշն է, իշխանական կողմը բոլոր հնարավոր խողովակներով հասարակությանը համոզում է, որ ՀՀ-ից ոչ մի միլիմետր չի զիջվելու թշնամուն, և այն, ինչ անցնելու է Ադրբեջանի վերահսկողություն տակ, իրենց է պատկանում։ ՔՊ-ականները ամեն կերպ փորձում են հրաժարվել այն տարածքներից, որոնք ներկայումս ՀՀ սահմաններից ներս են։ Այս մոլեռանդ հրաժարումն այլ բանով, քան արդեն խոստում դարձած պայմանավորվածությամբ հնարավոր չէ բացատրել։ Այս ֆոնին, երբ ակտիվանում են Ադրբեջանի սադրանքները, իսկ հայկական կողմը լուռ ենթարկվողի դերում է՝ իբր իրավիճակը չսրելու համար, է՛լ ավելի մեծ համոզմունք է առաջանում վերոնշյալի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, ընդդիադիր թևը փորձում է ուշադրություն հրավիրել այն բոլոր խնդիրների վրա, որոնք իր հետ բերելու է միակողմանի զիջման գործընթացը։
Կազմաքանդվում է Տավուշի անվտանգության համակարգը
Ամենակահավորված առաջնագիծը անհայտ ճակատագիր է ունենալու
Երեւան-Թբիլիսի միջպետական ճանապարհին տեղակայվում են ադրբեջանական զորքեր
Լոռին դառնում է սահմանամերձ
Մի քանի գյուղեր փաստացի շրջափակման մեջ են հայտնվում
Հայաստանը Իրանին եւ Վրաստանին կապող ճանապարհներին լինելու են ադրբեջանցիներ
Եվ սա այսբերգի միայն գլուխն է։
Վերոնշյալը հաշվի առնելով, սակայն, ինչ ենք մենք այսօր տեսնում։
Այսօր, իրադարձությունների ծավալումից մեկ ամիս հետո, Ոսկեպարում մեծ հավաք էր․ պատգամավորներ, հասարակական, մշակութային, քաղաքական գործիչներ, հոգևորականներ, քաղաքացիներ հավաքվել էին Տավուշում և (որքան էլ աբսուրդային է հնչում) երգում էին, պարում, գոռում, գոչում։ Այլ կերպ ասած՝ խրախճանք ժանտախտի ժամանակ։
Որոշ գործիչներ եկել էին, որպեսզի տեսախցիկների առաջ «փայլեն», դիվիդենտներ հավաքեն, որոշները եկել էին երգել պարելու, որոշները՝ ուղղակի իներցիայով, բոլորի նման ու առանց սեփական օրակարգի։ Բայց Ոսկեպարում հավաքվածներին միավորում է մեկ բան՝ հետո բոլորն էլ կվերադառնան Երևան՝ Հյուսիսային պողոտայի և Կասկադի սրճարանները, հանգիստ կշարունակեն ապրել։ Ասել է թե՝ իրենց սուրբ առաքելությունն ավարտեցին, «սուրը փառքով դրեցին պատյան»։
«Դեմ ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ իրականացվող որևէ գործընթացի, առանց ընդհանուր սահմանի մասին վերջնական համաձայնության հատվածական սահմանագծման և սահմանազատման, առանց միաժամանակյա և համարժեք փոխզիջման՝ միակողմանի զիջումներին և ամրացված առաջնագծի կազմաքանդմամբ անմիջական անվտանգային սպառնալիքների առաջացմանը» կարգախոսով մեկնարկած տոնախմբությունը և պաթոսը մեզ ի՞նչ են տալիս, տղե՛րք։ Կամ այս բոցաշունչ կարգախոսից կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե ուժ ու սպառնալիք չկիրառեն, սահմանազատումը լինի փողկապ/բյուրոկրատիա/դեմոկրատիա տրամաբանության մեջ, ապա բոլորի համար դա ընդունելի կլինի։
Պարոնա՛յք մտահոգ անհատներ և ոչ միայն, միգուցե այս օրհասական ու պայթյունավտանգ իրավիճակում վճռորոշ քայլեր ձեռնարկե՞ք։ Ողջունելի է՝ վեր եք կացել, գնացել եք Տավուշ՝ անմիջապես վիճահարույց տարածքներ, ցույց եք տալիս, որ չեք մոռացել և հիշում եք ոսկեպարցուն, բայց երգուպարով, Հյուսիսային պողոտայի սրճարաններում նստելով ու Մոսկվայից կուսակցություններ ստեղծելով՝ երկիր չեք փրկի, իսկ դուք հենց դրա համար եք նետվում քաղաքականություն՝ «երկիր փրկեք»։