26.1 C
Yerevan
Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի, 2024

Հակահետախուզություն․ԱԱԾ

Կիսվել

Հակահետախուզությունը ազգային անվտանգության մարմինների իրավասության շրջանակներում իրականացվող  գործառույթների համակարգ է՝ ուղղված օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին  անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը: Այն ազգային անվտանգության մարմինների կարևորագույն բաղադրիչներից և գործունեության գլխավոր ուղղություններից մեկն է, առանց որի անհնար է դիմագրավել պետության, հասարակության և անձի անվտանգության դեմ ուղղված արտաքին և ներքին վտանգներ պարունակող բազմաբնույթ  սպառնալիքներին ու մարտահրավերներին՝ պայմանավորված օտարերկրյա հատուկ ծառայությունների հետախուզական-քայքայիչ նկրտումներով և ոտնձգություններով:

Հակահետախուզության կառույցին լուրջ դերակատարություն  է վերապահված նաև պետության քաղաքական, ռազմական, տնտեսական, գիտակրթական, հասարակական և այլ ոլորտների անվտանգության ապահովման,  պետական և ծառայողական գաղտնիքների պահպանության, կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի գործառույթներում:    Հակահետախուզության մարմիներն իրենց վերապահված լիազորությունների սահ­մաններում կարևոր գործառույթ են իրականացնում նաև ՀՀ զինված ուժերում և զինվորական այլ կազմավորումներում, ինչպես նաև դրանց կառավարման մարմիններում  հանցագործությունների բացահայտման, կանխման և խափանման, զինված ուժեր օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներթափան­ցու­մը կանխելու, վնասազերծելու ուղղությամբ, ինչպես նաև գործուն աջակցություն է ցուցաբերում ԶՈւ-ի հրամանա­տա­րությանը՝ բանակի մարտու­նակության և մարտական պատրաս­տա­կա­նություն ապահովելու հարցում։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հակահետախուզության մարմինները, սկզբնավորման օրից առ այսօր, իրենց գործառույթները կազմակերպում են ՀՀ օրենսդրությամբ չարգելված բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների կիրառմամբ՝  առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» և մի շարք այլ օրենքներով ու գերատեսչական նորմատիվ ակտերով:

1992 թվականից ի վեր ՀՀ հակահետախուզության մարմիններին հաջողվել է բացահայտել հիմնական հակառակորդ և այլ օտարերկրյա հատուկ ծառայությունների մի քանի տասնյակ լրտեսներ ու գործակալներ, չեզոքացվել ու կանխվել են պետության անվտանգության դեմ նախապատրաստվող հետախուզական-քայքայիչ, դիվերսիոն, ահաբեկչական ներթափանցման մի շարք ծրագրեր և գործողություններ:

Ներկա աշխարհաքաղաքական բարդ և արագ փոփոխվող  իրավիճակների պայմաններում ՀՀ ԱԱԾ հակահետախուզական մարմիներն ի զորու են և հաջողությամբ շարունակում են կատարել օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթները:

Այլ լուրեր

Կարդալ նաև