Հայաստանում այլևս կոռուպցիա չկա․ դեռևս 2018 թվականին ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր այս պնդումը անելով նաև տարբեր տարիներին տարբեր ամբիոններից, հարցազրույցներում։ Սակայն Փաշինյանը մի բան է ասում, փաստերը՝ լրիվ այլ բանի մասին են խոսում։
Եթե մինչև 2022 թվականը համատարած և համակարգային կոռուպցիայի մասին պարզապես լսում և տեսնում էինք, ապա 2022-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային կազմակերպությունը իր զեկույցում նշել էր, որ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը նահանջ է գրանցել, թուլացրել է դիրքերը և հայտնվել է 63-րդ տեղում։ ՀՀ քննչական կոմիտեն էլ այսօր ամփոփել է նախորդ տարին և հայտնել՝ 2023-ին ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններով դատարան ուղարկված վարույթների ու դրանցով անցնող մեղադրյալների թիվը։ Հատկանշական է, որ ըստ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ 2023թ․ քննված կոռուպցիոն բնույթի քրեական վարույթները վերաբերել են, հիմնականում՝
պաշտոնատար անձանց կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն
գերեզմաններում հողահատկացումների գործընթացում պաշտոնեական չարաշահումներին և անփութությանը
պաշտոնեական կեղծիքներ և փաստաթղթերի կեղծիքներ կատարելուն
սոցիալական ապահովության ծառայության տարածքային առանձին բաժիններում կենսաթոշակների նշանակման գործընթացներում չարաշահումներին,
պետական, համայքնային հաստատություններում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններին,
Փողերի լվացմանը։
Ծանոթ են հնչում, այնպես չէ՞։
Հաշվի առնելով հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 6 տարիների ընթացքում «մաքրել է» պետական համակարգը «նախկիններից» և բոլոր օղակներում մեծամասամբ ՔՊ-ականներ են, իրար խնամի-ծանոթ-բարեկամ, ապա ստացվում է, որ կոռուպցիոն այս բոլոր պատմություններում Փաշինյանի յուրայիններն են։ Մանր-մունր կոռուպցիոն գործարքների գնացած անձինք գուցե իսկապես հայտնվում են իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն մերձիշխանական շրջանակներում շատերն են, որ գորգ լվանալու կամ որևէ այլ ծառայություն մատուցելու համար ճոխ սնվում են ՀՀ բյուջեից։
Առանց մրցույթի ծառայությունների ձեռքբերում, պետական գերատեսչությունների հետ պայմանագրեր, բոլորը՝ ՔՊ համակիրներ են։ Սա է «առանց կոռուպցիա» երկրի իրական պատկերը։
Տաթև Կոստանդյան