ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 2020-ի ընթացքում աշխատավարձից ավել պարգևավճար է ստացել։ Այս մասին LifeNews-ը տեղեկանում է Պապիկյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից։
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ նախարարների աշխատավարձի դրույքաչափի հաշվարկման գործակիցը սահմանվել է 12,00, այսինքն՝ նրանց ամսական աշխատավարձը 793 680 դրամ է: Հետևաբար՝ Սուրեն Պապիկյանի աշխատավարձը տարեկան կազմում է 9 524 160 դրամ:
Պապիկյանը 2020-ի ընթացքում որպես աշխատանքի վարձատրություն հայտարարգրել է 20 792 956 դրամ, հետևաբար՝ պարգևատրվել է 11 268 796 դրամով։
Պապիկյանը որպես տարեսկզբին բանկային հաշվին առկա դրամական միջոց՝ հայտարարագրել է 12,996,208 դրամ, որը տարեվերջին նվազել է՝ կազմելով 8,368,988 դրամ։ Նա տարեվերջին հայտարարգրել է 4 901 դոլար և 4 432 եվրո։
Որպես տարեվերջին առկա կանխիկ դրամական միջոց՝ Պապիկյանը հայտարարագրել է 5,000,000 դրամ, 8,000 դոլար և 1,000 եվրո։
Աշխատավարձից բացի որպես այլ եկամուտ՝ Պապիկյանը Ֆինանսների նախարարությունից ստացել է 1 938 796 դրամ։ Պապիկյանը նաև երկու վարկ է վերցրել․ Արդշինբանկ ՓԲԸ-ից՝ 18,167,377 դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ից՝ 874,895 դրամ։
Հիշեցնենք՝ Պապիկյանը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։