2019 թ. հունվարի 29-ի նիստումԿԲխորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.75%:
2018թ. դեկտեմբերին գրանցվել է 1.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%․ սեզոնային ապրանքների գները ձևավորվել են համեմատաբար ցածր մակարդակում, ինչպես նաև որոշակի նվազել է բնականոն գնաճը։ Արդյունքում, առաջիկա ամիսներին ցածր գնաճային միջավայրը կպահպանվի և 12-ամսյա գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ցածր մակարդակում։
Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը որոշակի թուլացման նշաններ են ցույց տալիս թե՛ առաջատար և թե՛ զարգացող երկրներում, իսկ առաջատար երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները: Արդյունքում, հիմնական ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում են գնաճային միջավայրի թուլացման միտումները, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:
Խորհուրդն արձանագրում է, որ 2018թ. վերջին տնտեսական ակտիվությունը շարունակում է դեռևս թույլ մնալ, իսկ տարվա տնտեսական աճը սպասվում է 5.0%-ի շրջակայքում: Համախառն պահանջարկը թուլացումը մեծամասամբ պայմանավորված է հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով և մասնավոր ծախսումների աճի դանդաղմամբ։ Խորհուրդը գնահատում է նաև, որ ցածր գնաճը մասամբ կրում է կառուցվածքային բնույթ՝ տնտեսության և պետական քաղաքականության երկարաժամկետ փոփոխություններով պայմանավորված, որը նաև նպաստում է եկամուտների գնողունակության պահպանմանը և գնաճային սպասումների խարսխմանը։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով և կիրառել երկարաժամկետ իրացվելիության ներարկման գործիքակազմը։ Միևնույն ժամանակ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների պահպանում ավելի երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գների կայունության ապահովման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը հիմնականում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:
Կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման ռիսկերը դեռևս ներքևի ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով: ԿԲ-ն ուշադրությամբ հետևում է մակրոտնտեսական զարգացումներին և ռիսկերի դրսևորման պարագայում ըստ անհրաժեշտության կճշգրտի դրամավարկային քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2019թ. փետրվարի 12-ը հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն):